Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ7
  • 1Բայց այն բաների համար՝ որ ինձ գրեցիք, ասում եմ թէ Լաւ է մարդիս որ կնկայ չ’մօտենայ։
  • 2Սակայն պոռնկութեան պատճառով՝ թող ամեն մարդ իր կինն ունենայ. Եւ ամեն մէկ կին թող իր մարդն ունենայ։
  • 3Մարդը թող իր կնկայ պարտքը վճարէ. Եւ այնպէս էլ կինն իր մարդին։
  • 4Կինն իր մարմնի վերայ իշխանութիւն չ’ունի, այլ մարդը. Այնպէս էլ մարդն իր մարմնի վերայ իշխանութիւն չ’ունի, այլ կինը։
  • 5Իրար մի զրկէք. Բայց միայն իրար հետ միաբանուելով մի քիչ ժամանակի համար, որ ծոմապահութեան եւ՝՝ աղօթքի պարապուիք. Եւ դարձեալ մէկտեղ դարձէք, որ սատանան չ’փորձէ ձեզ՝ ձեր անժուժկալութեան պատճառովը.
  • 6Բայց այս թոյլ տալով եմ ասում, եւ ոչ թէ հրամանով։
  • 7Որովհետեւ կամենում եմ՝ որ ամեն մարդ ինձ պէս լինէր. բայց ամեն մարդ իր յատուկ շնորհքն ունի Աստուածանից. Մէկն այսպէս եւ միւսն այնպէս։
  • 8Սակայն ամուրիներին եւ որբեւայրիներին ասում եմ, թէ Լաւ է նորանց համար՝ որ ինձ պէս մնան։
  • 9Ապա եթէ ժուժկալութիւն չ’ունին, թող ամուսնանան. Որովհետեւ աւելի լաւ է ամուսնանալ, քան թէ վառուիլ։
  • 10Բայց ամուսնացածներին պատուիրում եմ, ոչ թէ ես՝. Այլ Տէրը, որ կինը չ’բաժանուի իր մարդիցը։
  • 11Ապա եթէ բաժանուի էլ, թող առանց ամուսնանալու մնայ՝ կամ իր մարդին հետ հաշտուի. Եւ որ մարդն էլ կինը չ’թողէ։
  • 12Բայց ուրիշներին ես եմ ասում, ոչ թէ Տէրը. Եթէ մի եղբայր անհաւատ կին ունի, եւ նա հաճի նորա հետ բնակուել՝ թող նորան չ’թողէ։
  • 13Եւ մի կին՝ որ անհաւատ մարդ ունի, եւ նա հաճի նորա հետ բնակուել՝ թող նորան չ’թողէ։
  • 14Որովհետեւ անհաւատ մարդը սրբուած է կնկանովը, եւ անհաւատ կինը սրբուած է մարդովը. ապա թէ ոչ՝ ձեր որդիքը պիղծ կ’լինէին. Բայց հիմա սուրբ են։
  • 15Բայց եթէ անհաւատը բաժանվում է, թող բաժանուի. Այսպիսի բաների մէջ մի եղբայր կամ քոյր գերի եղած չէ. Աստուած մեզ կանչեց խաղաղութեան մէջ։
  • 16Որովհետեւ ի՞նչ գիտես, կին, գուցէ քո մարդը կ’ապրեցնես. Կամ ի՞նչ գիտես, մարդ, գուցէ քո կինը կ’ապրեցնես.
  • 17Միայն թէ ամեն մէկին ինչպէս Տէրը բաժին է տուել. Ամեն մէկն ինչպէս Աստուած կանչեց նորան, այնպէս գնայ. Եւ ես այնպէս եմ ամեն եկեղեցիներումը պատուէր տալիս։
  • 18Մէկը թլփատո՞ւած կանչուեցաւ, թող անթլփատ չ’ձեւանայ. Մէկը անթլփատութիւնո՞ւմ կանչուեցաւ՝ թող չ’թլփատուի.
  • 19Թլփատութիւնն ոչինչ է, եւ անթլփատութիւնն ոչինչ. այլ Աստուծոյ պատուիրանքների պահելը։
  • 20Ամեն մէկն՝ որ կոչումի մէջ որ կանչուեցաւ, նորանում կենայ։
  • 21Ծառա՞յ կանչուեցար, հոգս մի անիր. Բայց եթէ կարենաս ազատ էլ լինել՝ աւելի նա գործածիր։
  • 22Որովհետեւ Տէրով կանչուած ծառան՝ Տիրոջ ազատն է. Այնպէս էլ ազատ կանչուածը Քրիստոսի ծառայ է;
  • 23Մեծ գնով գնուեցաք՝ մարդկանց ծառայ մի լինիք։
  • 24Ամեն մէկն ինչ կոչումի մէջ որ կանչուեցաւ, եղբարք, թող նորանում մնայ Աստուծոյ առաջին։
  • 25Բայց կոյսերի համար հրաման չ’ունիմ Տէրիցը. Միայն խրատ եմ տալիս ինչպէս Տէրիցը ողորմութիւն գտած՝ հաւատարիմ լինելու համար։
  • 26Արդ ես համարում եմ թէ այսպէս լաւ է ներկայ նեղութեան պատճառով, որ լաւ է մարդին՝ այնպէս լինել։
  • 27Կնկայ հետ կապուա՞ծ ես՝ մի աշխատիր արձակուելու. Կնկանից արձակուա՞ծ ես՝ կին մի որոնիր։
  • 28Բայց եթէ ամուսնանաս, չ’մեղանչեցիր. Եւ եթէ մի կոյս ամուսնանայ, չ’մեղանչեց. Միայն թէ այնպիսիները մարմնի նեղութիւն կ’ունենան. Իսկ ես խնայում եմ ձեզ։
  • 29Բայց սա եմ ասում, եղբարք, թէ ժամանակս կարճ է այսուհետեւ, որ կին ունեցողներն էլ չ’ունեցողների պէս լինէին.
  • 30Եւ լաց լինողներն չ’լացողների պէս. Եւ ուրախացողները չ’ուրախացողների, եւ ծախու առնողները չ’ունեցողների պէս.
  • 31Եւ այս աշխարհքը գործածողները չար կերպով չ’գործածողների պէս. Որովհետեւ այս աշխարհի կերպարանքն անցնում է։
  • 32Բայց կամենում եմ որ դուք առանց հոգսի լինիք. Չ’ամուսնացողը Տիրոջ բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի Տիրոջը։
  • 33Բայց ամուսնացածը աշխարհի բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի կնկանը։
  • 34Եւ իրարից տարբեր են կինը եւ կոյսը. Չ’ամուսնացած կոյսը Տիրոջ բաների համար է հոգս անում՝ որ սուրբ լինի մարմնով եւ հոգով, իսկ ամուսնացած կինը աշխարհքի բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի մարդին։
  • 35Միայն թէ՝ սա ես ձեր շահի համար եմ ասում. Եւ ոչ թէ որ ձեզ համար որոգայթ գցեմ. Այլ պարկեշտութեան համար՝ եւ առանց արգելքի Տիրոջը ծառայելու համար։
  • 36Բայց եթէ մէկն ամօթ համարէ իր կոյսի համար՝ թէ չափահասութիւնից անցել է, եւ այնպէս պէտք է լինել, ինչ որ կամենում է թող անէ. Չէ մեղանչում. Թող ամուսնանան։
  • 37Բայց նա՝ որ իր սրտի մէջ հաստատ է՝ եւ պէտք էլ չունի, նա իր կամքի վերայ իշխանութիւն ունի, եւ նա վճռեց իր սրտումն՝ որ իր կոյսը պահէ, նա լաւ է անում։
  • 38Նոյնպէս եւ նա՝ որ իր կոյսը մարդի է տալիս, լաւ է անում, եւ նա՝ որ մարդի չէ տալիս, աւելի լաւ է անում։
  • 40Բայց էլ աւելի երանելի է թէ որ այնպէս կենայ՝ իմ խրատի պէս. այսպէս եմ համարում, թէ ես էլ ունիմ Աստուծոյ Հոգին։
← Ցանկ