Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ5
  • 1Առ հասարակ լսվում է ձեր մէջ պոռնկութիւն, եւ այնպիսի պոռնկութիւն՝ որ հեթանոսների մէջ էլ չ’կայ, այնպէս որ մէկն իր հօր կինն ունենայ։
  • 2Եւ դուք հպարտացած էք՝ եւ աւելի սուգ չէ՞ք մտնում՝ որ ձեր միջիցը վեր առնուի նա, որ այն բանը գործեց։
  • 3Որովհետեւ ես՝ թէ եւ մարմնով բացակայ եմ բայց հոգով ներկայ՝ արդէն վճռել եմ ներկայ լինողի պէս՝ նորան, որ այնպիսի բան գործեց,
  • 4Մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը՝ ձեր եւ իմ հոգու մէկ տեղ ժողովուելու ժամանակ մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութեան հետ,
  • 5Այնպիսին մատնել սատանային՝ մարմինը կորչելու համար. Որ հոգին ապրի մեր Տէր Յիսուսի օրումը։
  • 6Ձեր պարծանքը լաւ չէ. Չ’գիտէ՞ք որ մի փոքր խմորը բոլոր զանգուածը խմորեցնում է։
  • 7Դէն գցեցէք հին խմորը, որ նոր զանգուած լինէք, ինչպէս որ անխմոր էք. որովհետեւ մեր զատիկը մորթուեցաւ մեզ համար՝ Քրիստոսը։
  • 8Ուստի տօն կատարենք ոչ թէ հին խմորով, եւ ոչ էլ չարութեան եւ անզգամութեան խմորովը, այլ մաքրութեան եւ ճշմարտութեան չ’խմորուածովը։
  • 9Գրեցի ձեզ թղթումը՝ չ’խառնուիլ պոռնիկների հետ։
  • 10Եւ ոչ թէ ամենեւին այս աշխարհքի պոռնիկների հետ, կամ ագահների հետ, կամ յափշտակողների հետ, կամ կռապաշտների հետ, ապա թէ ոչ՝ պէտք էր ձեզ որ հէնց աշխարհքիցը դուրս գնայիք։
  • 11Բայց հիմա գրեցի ձեզ՝ չ’խառնուիլ, որ եթէ մէկը, որ եղբայր է անուանուած, լինի պոռնիկ, կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կամ արբեցող, կամ յափշտակող, այնպիսիին հետ հաց էլ չ’ուտել։
  • 12Որովհետեւ ինձ ի՞նչ պէտք է՝ որ դրսիններին էլ դատեմ. չէ՞ որ դուք ներսիններին պիտի դատէք։
  • 13Իսկ դրսիններին Աստուած կ’դատէ. բայց դուք չարը ձեր միջիցը վեր առէք։
← Ցանկ