Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ2
- 1Եւ ես էլ, եղբարք, որ ձեզ մօտ եկայ, ոչ թէ խօսքի կամ իմաստութեան գերազանցութիւնովն եկայ Աստուծոյ վկայութիւնը ձեզ պատմելու։
- 2Որովհետեւ միտքս չէի դրած՝ մի ուրիշ բան գիտենալ ձեր մէջ բայց միայն Յիսուս Քրիստոսին՝ եւ այն էլ խաչուածին։
- 3Եւ ես տկարութիւնով եւ վախով եւ շատ դողով եղայ ձեզ մօտ։
- 4Եւ իմ խօսքը եւ քարոզութիւնը ոչ թէ մարդկային իմաստութեան պատիր խօսքերովն եղաւ, այլ Հոգու եւ զօրութեան ապացուցութեամբը.
- 5Որ ձեր հաւատքը մարդկանց իմաստութիւնով չ’լինի՝ այլ Աստուծոյ զօրութիւնովը։
- 6Բայց իմաստութիւն ենք խօսում կատարեալների հետ, եւ ոչ թէ այս աշխարհքի իմաստութիւնը, եւ ոչ էլ այս աշխարհքի իշխաններինը՝ որ պիտի խափանուին։
- 7Այլ Աստուծոյ ծածուկ իմաստութիւնն ենք խօսում խորհրդով, որ Աստուած յաւիտենից առաջ սահմանեց նորան մեր փառքի համար։
- 8Որն այս աշխարհքի իշխաններիցն ոչ ով չ’ճանաչեց. քանզի եթէ ճանաչած լինէին՝ փառքի Տիրոջը չէին խաչ հանիլ.
- 9Այլ ինչպէս գրուած է. Ինչ որ աչք չ’տեսաւ եւ ականջ չ’լսեց եւ մարդի սիրտ չ’ընկաւ, այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար։
- 10Բայց մեզ յայտնեց Աստուած իր Հոգովը. Որովհետեւ Հոգին ամեն բաները քննում է, եւ Աստուծոյ խորքն էլ։
- 11Որովհետեւ մարդկանցից ո՞վ գիտէ մարդի բաները եթէ ոչ մարդի հոգին, որ նորանում է. այնպէս էլ Աստուծոյ բաներն ոչ ով չ’գիտէ, եթէ ոչ Աստուծոյ Հոգին։
- 12Եւ մենք ոչ թէ այս աշխարհքի հոգին առանք, այլ այն Հոգին՝ որ Աստուածանից է. Որ ճանաչենք այն բաները որ Աստուածանից տրուեցաւ մեզ։
- 13Որն էլ խօսում ենք՝ ոչ թէ մարդկային իմաստութեան սովորած խօսքերով, այլ Սուրբ Հոգու սովորեցրածներովը՝ հոգեւորներն հոգեւորների հետ համեմատելով։
- 14Բայց շնչաւոր մարդն Աստուծոյ Հոգու բաները չէ ընդունում. որովհետեւ նորանք յիմարութիւն են նորա համար. եւ չէ կարող էլ գիտենալ՝ որովհետեւ հոգեւոր կերպով են քննվում։
- 15Բայց հոգեւոր մարդը ամեն բան քննում է, եւ ինքը ոչ ոքից չէ քննվում։
- 16Որովհետեւ ո՞վ գիտաց Տիրոջ միտքը, որ բան սովորեցնէ նորան. բայց մենք Քրիստոսի միտքն ունինք։