Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ14
  • 1Սէրին հետեւեցէք, եւ հոգեւոր պարգեւներին նախանձաւոր եղէք. եւ մանաւանդ որ մարգարէանաք։
  • 2Որովհետեւ լեզուներով խօսողը, մարդկանց հետ չէ խօսում, այլ Աստուծոյ հետ. Որովհետեւ ոչ ով չէ լսում, բայց հոգով խորհուրդներ է խօսում։
  • 3Իսկ մարգարէացողը, մարդկանց հետ շինութիւն եւ մխիթարութիւն եւ սփոփութիւն է խօսում։
  • 4Լեզուով խօսողը իր անձն է շինում, իսկ մարգարէացողը եկեղեցին է շինում։
  • 5Ես կամենում եմ որ դուք ամենդ լեզուներով խօսիք, բայց մանաւանդ որ մարգարէանաք. Որովհետեւ աւելի մեծ է մարգարէացողը, քան թէ լեզուներով խօսողը, միայն եթէ թարգմանէ, որ եկեղեցին շինութիւն առնէ։
  • 6Բայց հիմա, եղբարք, եթէ ձեզ մօտ գամ եւ լեզուներով խօսիմ, ի՞նչ օգուտ կ’տամ ձեզ՝ եթէ չ’խօսիմ ձեզ հետ կամ յայտնութիւնով, կամ գիտութիւնով, կամ մարգարէութիւնով, կամ վարդապետութիւնով։
  • 7Այնպէս էլ անշունչ բաները որ ձայն են տալիս, թէ փող թէ քնար, եթէ ձայներով զանազանութիւն չ’անեն, ի՞նչպէս կ’ճանաչուի փողի փչելը, կամ քնարի հնչելը։
  • 8Որովհետեւ եթէ փողն էլ անորոշ ձայն տայ, ո՞վ կ’պատրաստուի պատերազմի համար։
  • 9Այսպէս էլ դուք, եթէ լեզուներով բանը յայտնի չ’ասէք, այն խօսածն ի՞նչպէս կ’իմացուի. Որովհետեւ իբր թէ օդի մէջ խօսողներ կ’լինիք։
  • 10Որովհետեւ այնքան այլ եւ այլ ձայներ կան աշխարհքումը, եւ նորանց ոչ մէկն էլ առանց նշանակութեան չէ։
  • 11Արդ եթէ ես ձայնի զօրութիւնը չ’գիտենամ, ես խօսողին խուժ կ’լինիմ, եւ խօսողն ինձ համար՝ դուժ։
  • 12Այսպէս էլ դուք, որովհետեւ հոգեւոր պարգեւներին նախանձաւոր էք, եկեղեցու շինութեան համար ջանք արէք, որ էլ առաւելանաք։
  • 13Վասնորոյ լեզուով խօսողը, թող աղօթք անէ, որ թարգմանէ էլ։
  • 14Վասնզի եթէ ես աղօթք անեմ օտար լեզուով, իմ հոգին է աղօթք անում. Բայց միտքս անպտուղ է։
  • 15Ուրեմն ի՞նչ է, աղօթք անեմ հոգով, աղօթք անեմ մտքով էլ. սաղմոս ասեմ հոգով, սաղմոս ասեմ մտքով էլ։
  • 16Ապա եթէ դու օրհնես հոգով, նա որ տգէտի տեղն է բռնում ի՞նչպէս Ամէն ասէ քո օրհնութեանը, քանի որ չ’գիտէ թէ ի՛նչ ես ասում։
  • 17Դու իրաւ որ լաւ ես գոհանում. Բայց միւսը չէ շինվում։
  • 18Գոհանում եմ իմ Աստուածանից, որ ձեր ամենիցն աւելի լեզուներով խօսում եմ։
  • 19Բայց եկեղեցու մէջ աւելի կամենում եմ որ հինգ խօսք իմ մտքովը խօսիմ, որ ուրիշներին էլ բան սովորեցնեմ քան թէ բիւրաւոր խօսքեր լեզուներով։
  • 20Եղբարք, մտքով տղայ մի լինիք. բայց չարութեան կողմանէ տղայ եղէք, իսկ մտքով կատարեալ եղէք։
  • 21Օրէնքումը գրուած է, թէ Օտար լեզուներով եւ օտար շրթունքներով կ’խօսիմ այս ժողովրդի հետ. Բայց եւ այնպէս ինձ ականջ չեն դնիլ, ասում է Տէրը։
  • 22Ուրեմն լեզուներն նշանի համար են՝ ոչ թէ հաւատացեալներին, այլ անհաւատներին. Բայց մարգարէութիւնը ոչ թէ անհաւատների համար է, այլ հաւատացեալների։
  • 23Արդ եթէ բոլոր եկեղեցին մէկ տեղ գայ, եւ ամենքը լեզուներով խօսին. Եւ տգէտներ կամ անհաւատներ մտնեն այնտեղ, մի՞թէ չեն ասիլ թէ դուք գժուած էք։
  • 24Բայց եթէ ամենը մարգարէանան, եւ մի անհաւատ կամ տգէտ գայ մտնէ, նա ամենիցը կ’յանդիմանուի, ամենիցը կ’քննուի։
  • 25Եւ այսպէս նորա սրտի գաղտնիքը յայտնի կ’լինի. Եւ ապա երեսի վերայ ընկած Աստուծուն երկրպագութիւն կ’անէ, խոստովանելով թէ արդարեւ Աստուած ձեր միջումն է։
  • 26Ուրեմն ի՞նչ է, եղբարք. Երբ որ մէկտեղ ժողովուիք, ձեզանից ամեն մէկը սաղմոս ունի, վարդապետութիւն ունի, յայտնութիւն ունի, լեզու ունի, թարգմանութիւն ունի. ամենը շինութեան համար լինի։
  • 27Եթէ մէկը լեզուով խօսի, թող երկու, եւ եթէ էլ աւելի շատ՝ երեք լինեն. Մէկը միւսից յետոյ. Եւ մէկը թող թարգմանէ։
  • 28Բայց եթէ թարգմանող չ’կայ, թող լռէ եկեղեցումը. Թող իրան համար եւ Աստուծոյ հետ խօսի։
  • 29Բայց մարգարէներից թող երկուսը կամ երեքը խօսին, եւ ուրիշները քննեն։
  • 30Բայց եթէ մի ուրիշին, որ այնտեղ նստած է՝ յայտնութիւն լինի, առաջինը թող լռէ։
  • 31Որովհետեւ կարող էք մէկ մէկից յետոյ ամենդ մարգարէանալ. Որ ամենը սովորին եւ ամենը մխիթարուին։
  • 32Եւ մարգարէից հոգիներն էլ մարգարէներին հնազանդում են։
  • 33Որովհետեւ Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան, ինչպէս սուրբերի բոլոր եկեղեցիներումը։
  • 34Ձեր կանայքը եկեղեցիներումը լուռ կենան. Որովհետեւ նորանց հրաման չ’կայ խօսելու, այլ որ հնազանդ լինեն, ինչպէս օրէնքն էլ ասում է։
  • 35Բայց եթէ մի բան կամենան սովորիլ, թող տան մէջ իրանց մարդկանցից հարցնեն. Որովհետեւ կնկանն անվայել է եկեղեցում խօսել։
  • 36Կամ թէ Աստուծոյ խօսքը ձեզանի՞ց դուրս եկաւ, կամ միայն ձե՞զ հասաւ։
  • 37Բայց եթէ մէկը կարծէ՝ թէ նա մարգարէ է կամ հոգեւոր, թող գիտենայ ինչ որ գրեցի ձեզ, որ Տիրոջ պատուիրաններն են։
  • 38Բայց եթէ մէկը տգէտ է, թող տգէտ լինի։
  • 39Ուրեմն, եղբարք, ջանք արէք որ մարգարէանաք, եւ լեզուներով խօսելը մի արգելէք։
  • 40Ամեն բան թող պարկեշտութեամբ եւ կարգով լինի։
← Ցանկ