Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ11
  • 1Ինձ նմանող եղէք, ինչպէս ես էլ Քրիստոսի։
  • 2Արդ գովում եմ ձեզ, եղբարք, որ իմ ամեն բաները յիշում էք, եւ ինչպէս պատուիրեցի ձեզ, այն պատուէրները պահում էք։
  • 3Բայց կամենում եմ որ դուք գիտենաք, թէ ամեն մարդի գլուխը Քրիստոսն է, եւ կնկայ գլուխը՝ մարդը, եւ Քրիստոսի գլուխն՝ Աստուած։
  • 4Ամեն մարդ՝ երբոր աղօթք է անում կամ մարգարէանում՝ եւ գլուխը ծածկած ունենայ, անպատիւ է անում իր գլուխը։
  • 5Եւ ամեն կին՝ երբոր աղօթք է անում կամ մարգարէանում բաց գլխով, անպատիւ է անում իր գլուխը. Վասնզի մի եւ նոյնն է թէ ածիլուած է։
  • 6Որովհետեւ եթէ կինը չ’ծածկուի, թող ուրեմն իր մազերն էլ կտրէ. բայց եթէ կնկան ամօթ է մազերը կտրելը կամ ածիլելը, թող ծածկուի։
  • 7Սակայն մարդին պէտք չէ որ իր գլուխը ծածկէ, որովհետեւ Աստուծոյ պատկերը եւ փառքն է. Բայց կինը մարդի փառքն է։
  • 8Քանզի ոչ թէ մարդն է կնկանիցը, այլ կինն է մարդիցը։
  • 9Եւ որովհետեւ ոչ թէ մարդը կնկան համար ստեղծուեցաւ, այլ կինը մարդի համար։
  • 10Նորա համար պէտք է, որ կինը շուք դնէ գլխի վերայ հրեշտակների համար։
  • 11Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը։
  • 12Որովհետեւ ինչպէս որ կինը մարդիցը եղաւ, այնպէս էլ մարդը կնկայ միջոցովն է. բայց ամենն Աստուածանից։
  • 13Դուք ինքներդ դատեցէք. Մի կնկայ վայելո՞ւմ է որ չ’ծածկուած աղօթք անէ Աստուծուն։
  • 14Կամ հէնց բնութիւնն ինքը չէ՞ սովորեցնում ձեզ, որ եթէ մարդը երկար մազեր ունենայ, այն անարգանք է նորան։
  • 15Բայց եթէ կինն երկար մազեր ունի, այն փառք է նորան. Որովհետեւ երկար մազերը հագուստի տեղ է տրուած նորան։
  • 16Բայց եթէ մէկը կամենում է հակառակել, մենք այնպիսի սովորութիւն չ’ունինք, եւ ոչ էլ Աստուծոյ եկեղեցիները։
  • 17Բայց այս էլ պատուիրելովս չեմ գովում, որ դուք ոչ թէ դէպի լաւագոյնն այլ դէպի վատթարն էք ժողովվում։
  • 18Որովհետեւ նախ եւ առաջ երբոր մէկտեղ էք ժողովվում եկեղեցու մէջ, լսում եմ որ բաժանումներ կան ձեր մէջ, եւ մասամբ էլ հաւատում եմ։
  • 19Որովհետեւ հերձուածներ էլ պէտք է լինին ձեր մէջ, որ ընտիր լինողները յայտնի լինեն ձեզանում։
  • 20Արդ երբոր մէկտեղ էք ժողովվում, սա Տէրունական ընթրիքն ուտել չէ,
  • 21Որ ամեն մէկն առաջ իր ընթրիքն է անում ուտելու ժամանակ, եւ մէկը սոված է, եւ միւսը արբած։
  • 22Մի՞թէ տուն չ’ունիք ուտելու եւ խմելու. կամ թէ Աստուծոյ եկեղեցին արհամարհո՞ւմ էք, եւ չքաւորներին ամաչեցնում. Ձեզ ի՞նչ ասեմ. Գովե՞մ ձեզ. Այդ բանումը չեմ գովում։
  • 23Որովհետեւ ես Տէրիցն ընդունեցի այն որ ձեզ էլ աւանդեցի. որ Տէր Յիսուսն այն գիշերը որ մատնվում էր, հաց առաւ,
  • 24Եւ գոհանալուց յետոյ կտրեց եւ ասեց. Առէք, կերէք. Այս է իմ մարմինը՝ որ ձեզ համար կոտրվում է. Այս արէք իմ յիշատակի համար։
  • 25Այնպէս էլ՝ ընթրիքն ուտելուց յետոյ բաժակն առաւ եւ ասեց. Այս բաժակը նոր ուխտն է իմ արիւնովը. Այս արէք՝ քանի անգամ որ խմէք, իմ յիշատակի համար։
  • 26Որովհետեւ քանի անգամ որ այս հացն ուտէք, եւ այս բաժակը խմէք, Տիրոջ մահը պատմեցէք՝ մինչեւ որ նա կ’գայ։
  • 27Ուրեմն ով որ այս հացն ուտէ՝ կամ Տիրոջ բաժակը խմէ անարժանութեամբ, նա պարտական կ’լինի Տիրոջ մարմնին եւ արիւնին։
  • 28Ուրեմն թող մարդ փորձէ իր անձը, եւ ապա այն հացիցն ուտէ՝ եւ այն բաժակիցը խմէ։
  • 29Որովհետեւ անարժանութեամբ ուտողը եւ խմողը իր անձի համար դատաստան է ուտում եւ խմում, որ չէ որոշում Տիրոջ մարմինը։
  • 31Որովհետեւ եթէ մեր անձերը դատէինք, չէինք դատապարտուիլ։
  • 32Բայց դատուելով Տէրիցը խրատվում ենք. Որ աշխարհքի հետ չ’դատապարտուինք։
  • 33Ուրեմն, եղբարքս, երբոր ժողովուիք ուտելու համար, իրար սպասեցէք։
  • 34Ապա եթէ մէկը սոված է՝ թող իր տանն ուտէ. Որ դատապարտութեան համար չ’ժողովուիք. Բայց ուրիշ բաներն՝ երբոր կ’գամ՝ այն ժամանակ կ’պատուիրեմ։
← Ցանկ