ՀՌՈՎՄԵԱՑԻՍ16
  • 1Յանձնում եմ ձեզ մեր Փիբէ քոյրը, որ սպասաւոր է Կենքրայի եկեղեցու։
  • 2Որ նորան ընդունէք Տէրով. Ինչպէս սուրբերին արժան է. Եւ հոգ տանիք նորան ինչ բան որ ձեզանից պէտք ունենայ, որովհետեւ ինքն էլ շատերին խնամք է տարել, եւ իսկ ինձ էլ։
  • 3Բարեւ տուէք Պրիսկիղային եւ Ակիւղասին՝ իմ գործընկերներին Քրիստոս Յիսուսումը.
  • 4Որ իմ անձի տեղ իրանց վիզն առաջարկեցին, որոնցից ոչ միայն ես եմ շնորհակալ՝ այլ եւ հեթանոսների բոլոր եկեղեցիները.
  • 5Եւ նորանց տանը լինող եկեղեցուն. Բարեւ տուէք Եպենետին՝ իմ սիրելուն որ Աքայեայի անդրանիկն է ’ի Քրիստոս։
  • 7Բարեւ տուէք Անդրոնիկոսին եւ Յունիային՝ իմ ազգականներին, եւ գերութեանս ընկերներին. Որ առաքեալների մէջ երեւելի են՝ որ ինձանից առաջ են եղել Քրիստոսումը։
  • 8Բարեւ տուէք Ամպղիասին իմ սիրելուն Տէրումը։
  • 9Բարեւ տուէք Ուրբանոսին՝ մեր գործակցին Քրիստոսումը, եւ Ստաքէսին իմ սիրելուն։
  • 10Բարեւ տուէք Ապեղեսին՝ որ ընտիր է Քրիստոսումը։
  • 11Բարեւ տուէք նորանց՝ որ Արիստոբուղոսի տանիցն են. Բարեւ տուէք Հերովդիոնին՝ իմ ազգականին. Բարեւ տուէք նորանց, որ Նարկիսէի տանիցն են Տէրումը։
  • 12Բարեւ տուէք Տրիփանոսին եւ Տրիփոսին՝ որ աշխատաւորներ են Տէրումը. Բարեւ տուէք Պերսիդէ սիրելուն՝ որ շատ աշխատեց Տէրումը։
  • 13Բարեւ տուէք Ռուփոսին՝ որ ընտիր է Տէրումը. Եւ նորա եւ իմ մօրը։
  • 14Բարեւ տուէք Ասիւնկրիտոսին, Փղեգոնտին, Երմասին, Պատրոբային, Երմեսին, եւ եղբայրներին՝ որ նորանց հետ են։
  • 15Բարեւ տուէք Փիղողոգին եւ Յուլիային եւ Ներէոսին եւ նորա քրոջը եւ Ողիմպիային եւ բոլոր սուրբերին՝ որ նորանց հետ են։
  • 16Բարեւ տուէք իրար սուրբ համբոյրով. Բարեւ են տալիս ձեզ Քրիստոսի բոլոր եկեղեցիները։
  • 17Աղաչում եմ ձեզ, եղբարք, որ մտիկ տաք նորանց՝ որ հերձուածներ եւ գայթակղութիւններ են շինում այն վարդապետութիւնիցը դուրս՝ որ դուք սովորեցիք՝ եւ հեռու քաշուեցէք նորանցից։
  • 18Որովհետեւ այդպիսիները մեր Տէր Քրիստոսին չեն ծառայում, այլ իրանց որովայնին. Եւ քաղցր խօսքերով եւ գովութիւնով խաբում են անմեղների սրտերը։
  • 19Որովհետեւ ձեր հնազանդութիւնն ամենի ականջը հասաւ. Եւ սորա համար ուրախ եմ ձեզ համար. միայն ուզում եմ՝ որ դուք իմաստուն լինիք դէպի բարին՝ եւ միամիտ դէպի չարը։
  • 20Եւ խաղաղութեան Աստուածը խորտակէ սատանային ձեր ոտների տակ շուտով. մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեզ հետ. Ամէն։
  • 21Բարեւ են տալիս ձեզ Տիմոթէոսը իմ գործընկերը, եւ Ղուկիոսը եւ Յասոնը եւ Սոսիպատրոսը իմ ազգականները։
  • 22Բարեւ եմ տալիս ձեզ ես՝ Տերտիոս, որ այս թուղթը գրեցի Տէրումը։
  • 23Բարեւ է տալիս ձեզ Գայիոսը՝ իմ եւ բոլոր եկեղեցու հիւրընկալը. բարեւ է տալիս ձեզ Երաստոսը՝ քաղաքիս հոգատարը, եւ Կուարտոս եղբայրը։
  • 24Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեր ամենի հետ. Ամէն։
  • 25Բայց նորան, որ կարող է ձեզ հաստատ պահել իմ աւետարանի եւ Յիսուս Քրիստոսի քարոզութեան համեմատ, այն խորհրդի յայտնութեանը համեմատ որ յաւիտենական ժամանակներից լուռ պահուած էր,
  • 26Բայց հիմա մարգարէական գրքերով յայտնուեցաւ՝ յաւիտենական Աստուծոյ հրամանին պէս, եւ հաւատքին հնազանդելու համար բոլոր հեթանոսների մէջ ճանաչուեցաւ.
  • 27Մի միայն իմաստուն Աստուծուն, Յիսուս Քրիստոսի ձեռովը, նորան փառք յաւիտեանս։ Ամէն։
← Ցանկ