ՀՌՈՎՄԵԱՑԻՍ12
  • 1Արդ աղաչում եմ ձեզ, եղբարք, Աստուծոյ ողորմութիւնովը, որ ձեր մարմինները ներկայացնէք կենդանի, սուրբ եւ Աստուծոյ ընդունելի պատարագ, որ է ձեր բանաւոր պաշտօնը։
  • 2Եւ մի կերպարանուիք այս աշխարհքի կերպարանքովը. այլ նորոգուեցէք ձեր մտքի նորոգութեամբը, որ դուք քննէք թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը՝ բարին, հաճելին եւ կատարեալը։
  • 3Որովհետեւ Աստուծոյ շնորհքովն՝ որ ինձ տրուած է՝ ասում եմ ձեր մէջ ամենին, բան չ’մտածել նորանից աւելի, քան թէ արժան է մտածել, այլ մտածել պարկեշտ կենալ այնպէս՝ ինչպէս որ Աստուած ամեն մէկին հաւատքի չափը բաժանեց։
  • 4Որովհետեւ ինչպէս մէկ մարմնի մէջ շատ անդամներ ունինք, եւ այն ամեն անդամները միեւնոյն գործը չ’ունին,
  • 5Այնպէս էլ շատերս մէկ մարմին ենք Քրիստոսումը, բայց ամեն մէկը միմեանց անդամ ենք։
  • 6Միայն թէ զանազան պարգեւներ ունինք այն շնորհքի պէս որ մեզ տրուած է. թէ մարգարէութիւն՝ հաւատքի չափովը մարգարէանանք.
  • 7Թէ պաշտօն՝ պաշտօնում լինինք. թէ մէկը սովորեցնող է՝ վարդապետութեան մէջ լինի։
  • 8Թէ մխիթարող է՝ մխիթարութեան մէջ. բաշխողը՝ զուարթութիւնով. վերակացու դրուածը՝ ջանքով. Ողորմողը՝ յօժարութիւնով։
  • 10Եղբայրսիրութիւնում իրար վերայ գթած եղէք. պատիւ տալու մէջ իրար առաջ անցէք։
  • 11Ջանքի մէջ՝ թոյլ չ’լինիք. Հոգովը ջերմեռանդ եղէք, Տիրոջը ծառայեցէք։
  • 12Յուսով ուրախացէք, նեղութեան համբերեցէք, աղօթքում յարատեւեցէք։
  • 13Սրբերի պիտոյքներին հաղորդ եղէք. հիւրասիրութեան հետեւեցէք։
  • 14Ձեզ հալածողներին օրհնեցէք, օրհնեցէք եւ մի անիծէք։
  • 15Ուրախացողների հետ ուրախացէք, եւ լացողների հետ լացէք։
  • 16Իրար վերայ միեւնոյն խորհուրդը ունեցէք. բարձր բաները մի խորհիք. Այլ խոնարհների հետ խոնարհուեցէք. ձեր անձերումը իմաստուն մի լինիք։
  • 17Մէկին չարի տեղ չար մի հատուցանէք. ամեն մարդկանց առաջին բարի խորհուրդ ունեցէք։
  • 18Եթէ կարելի է՝ որքան ձեզանից է կախուած՝ ամեն մարդկանց հետ խաղաղութիւն ունեցէք։
  • 19Ձեր անձերի համար վրէժխնդրութիւն մի անէք, սիրելիներ. Այլ բարկութեան տեղ տուէք. Որովհետեւ գրուած է՝ Վրէժխնդրութիւնն իմն է. Ես հատուցումը կ’տամ, ասում է Տէրը։
  • 20Արդ եթէ քո թշնամին սոված է, հաց տուր նորան. Եւ եթէ ծարաւ է, ջուր տուր նորան. Որովհետեւ այս անելով կրակի կայծեր կ’ժողովես նորա գլխի վերայ։
  • 21Մի յաղթուիր չարիցը, այլ բարիովը յաղթիր չարին։
← Ցանկ