ՀՌՈՎՄԵԱՑԻՍ11
  • 1Արդ ասում եմ, Մի՞թէ Աստուած դէն գցեց իր ժողովուրդը. Քաւ լիցի. որովհետեւ ես էլ Իսրայէլացի եմ՝ Աբրահամի սերունդիցն, Բենիամինի ցեղիցը։
  • 2Աստուած դէն չ’գցեց իր ժողովուրդը որին առաջուց ճանաչեց. Կամ թէ չ’գիտէ՞ք թէ գիրքն ինչ է ասում Եղիայի համար գրուածքումը. Ի՞նչպէս նա Իսրայէլի դէմ գանգատում է Աստուծոյ առաջին.
  • 3Տէր, քո մարգարէներին կոտորեցին եւ քո սեղանները կործանեցին. Եւ միայն ես մնացի, եւ իմ անձն որոնում են։
  • 4Բայց աստուածային պատգամն ի՞նչ է ասում նորան. Եօթը հազար մարդ թողի ինձ համար, որ Բահաղին ծունր չ’դրին։
  • 5Հէնց այսպէս էլ այս ժամանակումը շնորհքի ընտրութեան պէս մի մնացորդ եղաւ։
  • 6Բայց եթէ շնորհքով է՝ էլ գործերից չէ. Ապա թէ ոչ՝ շնորհքն էլ շնորհք չի լինիլ. Բայց եթէ գործերից է, էլ շնորհք չէ. Ապա թէ ոչ՝ գործն էլ գործ չէ։
  • 7Ուրեմն ի՞նչ. այն որ Իսրայէլը որոնում էր՝ նորան չ’հասաւ, բայց ընտրուածները հասան, եւ միւսները կուրացան։
  • 8Ինչպէս գրուած է. Աստուած տուաւ նորանց թմրութեան հոգի. աչքեր՝ որ չ’տեսնեն, եւ ականջներ՝ որ չ’լսեն, մինչեւ այս օրուայ օրը։
  • 9Եւ Դաւիթն ասում է. Նորանց սեղանը թող որոգայթ լինի նորանց՝ եւ որս եւ գայթակղութիւն՝ եւ հատուցումն նորանց համար։
  • 10Թող նորանց աչքերը խաւարուին՝ որ չ’տեսնեն. Եւ նորանց թիկունքները միշտ ծռեցրու։
  • 11Ուրեմն ասում եմ. Մի՞թէ գլորուեցան՝ որ կործանուին. Քաւ լիցի. բայց նորանց գլորուելովը հեթանոսների փրկութիւնն եղաւ որ նախանձի գրգռէ նորանց։
  • 12Բայց եթէ նորանց յանցանքը աշխարհքին մեծութիւն է, եւ նորանց նուաստութիւնը հեթանոսների մեծութիւն, էլ ո՞րքան աւելի նորանց լիութիւնը։
  • 13Բայց ձեզ հեթանոսներիդ ասում եմ, Որովհետեւ ես հեթանոսների առաքեալ եմ՝ իմ պաշտօնը փառաւոր կ’անեմ.
  • 14Որ գուցէ իմ մարմինը լինողներին նախանձի գրգռեմ, եւ նորանցից մի քանիսն ապրեցնեմ։
  • 15Քանզի եթէ նորանց մերժումը աշխարհքի հաշտութիւն է, ապա նորանց ընդունելութի՞ւնն ինչ է, եթէ ոչ՝ կենդանութիւն մեռելներից.
  • 16Եւ եթէ երախայրին սուրբ է՝ ապա զանգուածն էլ. Եւ եթէ արմատը սուրբ է՝ ապա ճիւղերն էլ։
  • 18Մի պարծենար այն ճիւղերի դէմ. Բայց եթէ պարծենաս, դու չես արմատը վեր բռնում, այլ արմատը՝ քեզ։
  • 19Արդ կ’ասես, Ճիւղերը կոտրուեցան՝ որ ես պատուաստուիմ։
  • 20Լաւ. Նորանք անհաւատութիւնով կոտրուեցան, եւ դու հաւատքով հաստատուեցար. մի ամբարտաւանանար, այլ վախեցիր։
  • 21Որովհետեւ եթէ Աստուած բնական ճիւղերին չ’խնայեց, մի գուցէ քեզ էլ չ’խնայէ։
  • 22Արդ տես Աստուծոյ քաղցրութիւնը եւ սաստկութիւնը. Կործանուածների վերայ սաստկութիւնը, եւ քեզ վերայ քաղցրութիւնը, եթէ այն քաղցրութիւնումը կենաս. Ապա թէ ոչ՝ դու էլ կ’կտրուիս։
  • 23Եւ նորանք էլ՝ եթէ անհաւատութիւնումը չ’կենան՝ կ’պատուաստուին. Որովհետեւ Աստուած կարող է դարձեալ պատուաստել նորանց։
  • 24Վասնզի եթէ դու ի բնէ վայրի ձիթենուցը կտրուեցար եւ բնութեան դէմ բարի ձիթենու վերայ պատուաստուեցար, էլ ո՞րքան աւելի նորանք որ բնական են կ’պատուաստուին իրանց ձիթենու վերայ։
  • 25Որովհետեւ չեմ կամենում, եղբարք, որ չ’գիտենաք այս խորհուրդը, որ ձեր անձերումը իմաստուն չ’լինիք, որ մի մասով Իսրայէլին կուրութիւն եղաւ, մինչեւ որ հեթանոսների լրութիւնը մտնէ։
  • 26Եւ այսպէս բոլոր Իսրայելը կ’ապրի. Ինչպէս գրուած է, թէ Սիօնիցը Փրկիչը կ’գայ՝ եւ ամբարշտութիւնները դէն կ’գցէ Յակոբիցը։
  • 27Եւ այս է իմ ուխտը նորանց հետ, երբոր նորանց մեղքերը վեր կ’առնեմ։
  • 28Աւետարանի նկատմամբ նորանք թշնամի են ձեր պատճառովը, ընտրութեան նկատմամբ՝ սիրելի են հայրերի համար։
  • 29Որովհետեւ Աստուծոյ շնորհքը եւ կոչումը զղջալ չ’ունի։
  • 30Վասնզի ինչպէս դուք էլ մի ժամանակ չէիք հաւատում Աստուծուն, եւ հիմա ողորմութիւն գտաք նորանց անհաւատութիւնովը,
  • 31Այնպէս էլ նորանք հիմա չ’հաւատացին ձեր ողորմութիւնովը. Որ նորանք էլ ողորմութիւն գտնեն։
  • 32Որովհետեւ Աստուած ամենին անհաւատութեան մէջ արգիլեց որ ամենին ողորմի։
  • 33Ո՜վ Աստուծոյ մեծութեան եւ իմաստութեան եւ գիտութեան խորութիւնը. ինչպէ՜ս անքննելի են նորա դատաստանները, եւ անհասկանալի են նորա ճանապարհները։
  • 34Որովհետեւ ո՞վ գիտաց Տիրոջ միտքը, կամ ո՞վ եղաւ նորա խորհրդակից։
  • 35Կամ ո՞վ նորան առաջուց մի բան տուաւ, որ նորա հատուցումն առնէ նորանից։
  • 36Որովհետեւ նորանից եւ նորանով եւ դէպի նա է ամեն բան. նորան փառք յաւիտեան. Ամէն։
← Ցանկ