ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ6
- 1Եւ այն օրերումն՝ երբոր աշակերտները շատացան, Հելլենախօսների կողմանէ տրտունջ եղաւ Եբրայեցիների դէմ թէ նորանց որբեւայրիները ամեն օրուայ մատակարարութիւնների մէջ անտես էին լինում։
- 2Եւ տասնեւերկուսը կանչեցին աշակերտների բազմութիւնը եւ ասեցին. Մեզ վայել չէ որ Աստուծոյ խօսքը թողած սեղանին ծառայենք։
- 3Հիմա, եղբայրներ, ձեզանից եօթը վկայուած մարդիկ ընտրեցէք, Սուրբ Հոգով եւ իմաստութիւնով լցուած, որոնց այս պիտոյքի վերայ դնենք։
- 4Իսկ մենք աղօթքին եւ խօսքի պաշտամունքին հետեւինք։
- 5Եւ այս խօսքը բոլոր բազմութեան առաջին հաւանելի երեւեցաւ. Եւ ընտրեցին Ստեփաննոսին որ Սուրբ Հոգով եւ հաւատքով լցուած մարդ էր, եւ Փիլիպպոսին եւ Պրոքորոնին եւ Նիկանովրային եւ Տիմովնային եւ Պարմենային եւ Անտիոքացի նորահաւատ Նիկողայոսին։
- 6Նորանց կանգնեցրին առաքեալների առաջին. եւ աղօթք անելով ձեռք դրին նորանց վերայ։
- 7Եւ Աստուծոյ խօսքը աճում էր եւ աշակերտների համարը խիստ շատանում էր Երուսաղէմումը. Եւ քահանաներից էլ շատ բազմութիւն հնազանդվում էին հաւատքին։
- 8Ստեփաննոսն էլ հաւատքով եւ զօրութիւնով լցուած, մեծ մեծ հրաշքներ եւ նշաններ էր անում ժողովրդի մէջ։
- 9Եւ վերկացան ոմանք այն ժողովարանից՝ որ Լիբերտինացիների էր կոչվում. Եւ Կիւրենացիներից եւ Աղեքսանդրացիներից եւ նորանցից որ Կիլիկիայից եւ Ասիայից էին, եւ վիճաբանում էին Ստեփաննոսի հետ.
- 10Եւ չէին կարողանում դէմ կենալ այն իմաստութեանը՝ եւ այն հոգուն, որով նա խօսում էր։
- 11Այն ժամանակ մի քանի մարդկանց հրապուրեցին որ ասեն, թէ Մենք լսեցինք դորանից, որ հայհոյութեան բաներ էր խօսում՝ Մովսէսի եւ Աստուծոյ դէմ։
- 12Եւ ժողովրդին եւ ծերերին եւ դպիրներին գրգռեցին. Եւ վերայ հասան յափշտակեցին նորան՝ եւ տարան ատեանը.
- 13Եւ սուտ վկաներ կանգնեցրին, որ ասում էին. Այս մարդը չէ դադարում այս սուրբ տեղի եւ օրէնքի դէմ հայհոյութեան բաներ խօսելուց։
- 14Որովհետեւ մենք լսեցինք դորանից՝ որ ասում էր, թէ Այս Յիսուս Նազովրեցին այս տեղը կ’քանդէ, եւ կ’փոխէ Մովսէսի մեզ տուած սովորութիւնները։
- 15Եւ ատեանումը նստողների ամենը երբոր մտիկ տուին նորան՝ նորա երեսը հրեշտակի երեսի նման տեսան։