ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ5
  • 1Եւ մի մարդ՝ անունն Անանիա, իր Սափիրա կնոջ հետ՝ մի կալուածք ծախեց։
  • 2Եւ նորա գնիցը թագցրեց, որ կինն էլ գիտէր. եւ մի բաժինը բերաւ առաքեալների ոտների մօտ դրաւ։
  • 3Եւ Պետրոսը ասեց. Անանիա, ի՞նչու համար սատանան քո սիրտը լցրեց, որ դու սուտ խօսես Սուրբ Հոգուն, եւ ագարակի գնիցը թագցնես։
  • 4Չ՞է որ նա որ կենում էր՝ քոնն էր, եւ ծախուած էլ քո իշխանութեան տակն էր. Ի՞նչ է՝ որ այս բանը դրիր քո սրտի մէջ. Ոչ թէ մարդկանց սուտ խօսեցիր, այլ Աստուծուն։
  • 5Եւ Անանիան հէնց որ այս խօսքը լսեց, վայր ընկաւ եւ հոգին հանեց. Եւ մեծ վախ եղաւ ամենքի վերայ, որ այդ լսեցին։
  • 6Երիտասարդներն էլ վերկացան՝ պատանեցին նորան, եւ տարան թաղեցին։
  • 7Եւ եղաւ երբոր երեք ժամի չափ անցաւ, նորա կինն որ չ’գիտէր եղածը՝ ներս մտաւ։
  • 8Պետրոսը պատասխանեց նորան եւ ասեց. Ասիր ինձ՝ թէ ա՞յնչափի ծախեցիք ագարակը. Նա էլ ասեց. Այո, այնչափի։
  • 9Պետրոսն էլ ասեց նորան. Ի՞նչ է՝ որ միաբանեցաք դուք, որ Տիրոջ Հոգին փորձէք. Ահա քո մարդը թաղողների ոտները դռան մօտ են, քեզ էլ կ’հանեն։
  • 10Եւ նա իսկոյն վայր ընկաւ նորա ոտների առաջին՝ եւ հոգին հանեց. Երիտասարդներն էլ ներս մտան՝ նորան մեռած գտան, եւ հանեցին՝ իր մարդի մօտ թաղեցին։
  • 11Եւ մեծ ահ եղաւ բոլոր եկեղեցու վերայ, եւ ամենքի վերայ որ այս լսեցին։
  • 12Եւ առաքեալների ձեռովը շատ նշաններ եւ հրաշքներ էին լինում ժողովրդի մէջ. ամենքը միաբան Սողոմոնի սրահումն էին։
  • 13Եւ ուրիշներիցն ոչ ոք չէր համարձակում յարիլ նորանց. բայց ժողովուրդը մեծարում էր նորանց։
  • 14Եւ առաւել եւս շատանում էին Տիրոջ հաւատացեալները, եւ եղաւ մի բազմութիւն մարդկանց եւ կանանց։
  • 15Մինչեւ որ հիւանդներին հանում էին հրապարակները, եւ իրանց պատգարակներովն եւ մահիճներովն այնտեղ էին դնում, որ Պետրոսը անցնելիս, գոնէ նորա շուքը նորանցից մէկի վերայ ընկնէ։
  • 16Եւ շրջակայ քաղաքներից բազմութիւնը հաւաքվում էին Երուսաղէմ, որ բերում էին հիւանդներին, եւ պիղծ ոգիներից չարչարուածներին. Որ ամենքն էլ բժշկվում էին։
  • 17Եւ վերկացաւ քահանայապետը եւ ամենքը որ նորա հետ էին, եւ Սադուկեցիների աղանդը, եւ նախանձով լցուեցան.
  • 18Եւ ձեռք գցեցին առաքեալներին, եւ նորանց դրին հասարակաց բանտի մէջ։
  • 19Բայց Տիրոջ հրեշտակը գիշերով բանտի դռները բացաւ, եւ նորանց դուրս հանելով ասեց.
  • 20Գնացէք եւ կանգնեցէք տաճարի մէջ եւ այս կեանքի բոլոր խօսքերը խօսեցէք ժողովրդի հետ։
  • 21Եւ երբոր լսեցին, առաւօտանց մտան տաճարը եւ սովորեցնում էին. քահանայապետն էլ եկաւ եւ նորանք էլ որ նորա հետ էին, եւ կանչեցին ատեանը եւ Իսրայէլի որդկանց բոլոր ծերակոյտը մէկտեղ, եւ ուղարկեցին բանտը որ բերեն նորանց։
  • 22Եւ երբոր սպասաւորներն եկան, նորանց չ’գտան բանտի մէջ. Եւ ետ դառան պատմեցին,
  • 23Եւ ասեցին թէ Բանտը բոլոր զգուշութեամբ փակած գտանք, եւ պահապաններն էլ դուրսը դռան մօտ կանգնած. Բայց երբոր բաց արինք՝ ներսումը ոչ ովին չ’գտանք.
  • 25Եւ մէկն եկաւ նորանց պատմեց, թէ Ահա այն մարդիկը, որ բանտի մէջ դրիք, տաճարումը կանգնած սովորեցնում են ժողովրդին։
  • 26Այն ժամանակ իշխանն սպասաւորներին հետ գնաց՝ նորանց բերաւ առանց բռնութեան. որովհետեւ ժողովրդիցը վախենում էին՝ որ չ’քարկոծեն։
  • 27Եւ երբոր բերին նորանց՝ կանգնեցրին ատեանումը. Եւ քահանայապետը հարցրեց նորանց,
  • 28Եւ ասեց. Չէ՞ որ պատուիրելով պատուիրեցինք ձեզ՝ որ չ’սովորեցնէք այդ անունովը. Եւ ահա Երուսաղէմը լցրիք ձեր ուսմունքովը, եւ կամենում էք այն մարդի արիւնը մեզ վերայ բերել։
  • 29Պետրոսը եւ առաքեալները պատասխանելով ասեցին. Աստուծոյ պէտք է աւելի հնազանդել քան թէ մարդկանց։
  • 30Մեր հայրերի Աստուածը յարութիւն տուաւ Յիսուսին՝ որին դուք փայտից կախած սպանեցիք։
  • 31Աստուած նորան Առաջնորդ եւ Փրկիչ բարձրացրեց իր աջովը, որ Իսրայէլին ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն տայ։
  • 32Եւ մենք նորա վկաներն ենք այս բաների համար, եւ Սուրբ Հոգին էլ, որ Աստուած իրան հնազանդողներին տուաւ։
  • 33Եւ նորանք երբոր լսեցին, կատաղում էին. Եւ խորհում էին, որ նորանց սպանեն։
  • 34Բայց մի Փարիսեցի վերկացաւ ատեանումը՝ անունը Գամաղիէլ, օրէնքի վարդապետ՝ բոլոր ժողովրդի առաջին պատուաւոր, հրամայեց որ առաքեալներին որ մի քիչ դուրս տանեն,
  • 35Եւ նորանց ասեց. Ով Իսրայէլացի մարդիկ, զգուշացէք այս մարդկանց համար, թէ ինչ պիտի անէք։
  • 36Որովհետեւ այս օրերից առաջ Թեւդասը վերկացաւ՝ ասելով թէ ինքը մի բան է. Որ թուով չորս հարիւրի չափ մարդիկ նորան յարեցան. Որ ինքը սպանուեցաւ՝ եւ ամենքն էլ՝ որ նորան հնազանդել էին, ցրուեցան եւ ոչինչ եղան։
  • 37Նորանից յետոյ Գալիլեացի Յուդան վերկացաւ աշխարհագրի օրերումը. Եւ շատ ժողովուրդ քաշեց իր կողմը. Նա էլ կորաւ՝ եւ ամենքն էլ որ նորան հնազանդել էին, ցիրուցան եղան։
  • 38Եւ հիմա ասում եմ ձեզ. Հեռու կացէք այդ մարդկանցից, եւ թողէք դորանց. որովհետեւ եթէ այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կ’քանդուի.
  • 39Բայց եթէ Աստուածանից է, չէք կարող քանդել դորան. մի գուցէ Աստուծոյ դէմ կռիւ անող էլ գտնուիք։
  • 40Նորանք էլ համոզուեցան նորան. եւ առաքեալներին կանչեցին՝ ծեծեցին, եւ պատուէր տուին, որ չ’խօսեն Յիսուսի անունովը. Եւ արձակեցին նորանց։
  • 41Իսկ նորանք ուրախանալով գնացին ատեանի երեսիցը. Որովհետեւ արժանի եղան նորա անունի համար անարգուիլ։
  • 42Եւ բոլոր օրը չէին դադարում տաճարումը եւ տներումը սովորեցնել եւ Յիսուս Քրիստոսին աւետարանել։
← Ցանկ