ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ4
  • 1Եւ նորանք տակաւին ժողովրդի հետ խօսելիս քահանաները եւ տաճարի իշխանը եւ Սադուկեցիները նորանց վերայ հասան,
  • 2Սաստիկ բարկացած նորա համար՝ որ նորանք ժողովրդին սովորեցնում էին, եւ քարոզում էին Յիսուսի ձեռովը մեռելներից յարութիւն առնելը։
  • 3Եւ իրանց ձեռքերը գցեցին նորանց վերայ, եւ բանտի մէջ դրին մինչեւ հետեւեալ օրը. Որովհետեւ արդէն իրիկուն էր։
  • 4Եւ այս խօսքը լսողներից շատերը հաւատացին. Եւ մարդկանց համարը հինգ հազարի չափ եղաւ։
  • 5Եւ հետեւեալ օրը եղաւ որ նորանց իշխանները եւ ծերերը եւ դպիրները ժողովուեցան Երուսաղէմ։
  • 6Եւ Աննա քահանայապետը եւ Կայիափան, եւ Յովհաննէսը եւ Աղեքսանդրոսը, եւ այն ամենը որ քահանայական ցեղիցն էին։
  • 7Եւ նորանց կանգնեցնելով մէջտեղը՝ հարցնում էին թէ Ի՞նչ զօրութիւնով կամ ո՞ր անունով արիք դուք այս։
  • 8Այն ժամանակ Պետրոսը Սուրբ Հոգով լցուած նորանց ասեց. Ով ժողովրդի իշխաններ՝ եւ Իսրայէլի ծերեր.
  • 9Եթէ մենք այսօր հարցաքննվում ենք մի տկար մարդի երախտիքի համար, թէ ում ձեռովը սա բժշկուեցաւ,
  • 10Թող յայտնի լինի ձեզ ամենիդ՝ եւ բոլոր Իսրայէլի ժողովրդիդ, որ Յիսուս Քրիստոսի՝ Նազովրեցու անունովը՝ որին դուք խաչեցիք, եւ որին Աստուած յարութիւն տուաւ մեռելներից, նորանով սա հիմա ձեր առաջին առողջ կանգնած է։
  • 11Նա է ձեզանից՝ շինողներիցդ անարգուած քարը, որ անկիւնի գլուխ եղաւ։
  • 12Եւ էլ մի ուրիշ ոչ մէկով փրկութիւն չ’կայ. Որովհետեւ ուրիշ անուն էլ չ’կայ երկնքի ներքեւ մարդկանց տրուած, որով կարելի լինի մեզ փրկուիլ։
  • 13Եւ Պետրոսի եւ Յովհաննէսի համարձակութիւնը տեսնելով, եւ գիտենալով, որ առանց ուսմունքի եւ տգէտ մարդիկ են, զարմանում էին. Միայն ճանաչում էին նորանց՝ որ Յիսուսի հետ էին։
  • 14Եւ այն բժշկուած մարդին էլ տեսնելով նորանց հետ կանգնած, ոչինչ չ’ունէին պատասխանելու։
  • 15Եւ հրամայեցին նորանց, որ ատեանիցը դուրս գնան, եւ իրար հետ խորհուրդ արին,
  • 16Եւ ասեցին. Ի՞նչ անենք այս մարդկանցը, որ երեւելի նշան եղաւ սորանց ձեռովը. Որ Երուսաղէմի մէջ բոլոր բնակողներին յայտնի է, եւ կարող չենք ուրանալ։
  • 17Այլ որպէս զի աւելի չ’տարածուի ժողովրդի մէջ, սաստիկ սպառնանք նորանց, որ այլ եւս այն անունովը չ’խօսեն մարդկանց ոչ մէկի հետ։
  • 18Եւ նորանց կանչեցին՝ պատուէր տուին, որ ամենեւին չ’խօսեն, եւ ոչ էլ սովորեցնեն Յիսուսի անունովը։
  • 19Բայց Պետրոսը եւ Յովհաննէսը պատասխանեցին նորանց եւ ասեցին. Եթէ արժան է Աստուծոյ առաջին՝ որ ձեզ աւելի ականջ դնենք քան թէ Աստուծուն, դուք դատեցէք։
  • 20Վասնզի մենք չենք կարող այն որ տեսանք եւ լսեցինք, չ’խօսել։
  • 21Իսկ նորանք սպառնալով արձակեցին նորանց, եւ ոչինչ չ’գտնելով թէ ինչպէս պատիժ տան նորանց ժողովրդի պատճառովը. Որովհետեւ ամենքն էլ այն եղածի համար փառք էին տալիս Աստուծուն։
  • 22Վասնզի այն մարդը քառասուն տարուց աւելի էր. Որի վերայ այս բժշկութեան նշանը եղաւ։
  • 23Եւ արձակուելուց յետոյ եկան իրանցների մօտ, եւ պատմեցին ինչ որ քահանայապետները եւ ծերերն ասեցին նորանց։
  • 24Եւ նորանք երբոր լսեցին, միաբանութեամբ իրանց ձայները բարձրացրին դէպի Աստուած եւ ասեցին. Տէր, դու ես Աստուած, որ արիր երկինքը եւ երկիրը՝ ծովը եւ նորանց մէջի բոլոր բաները։
  • 25Որ քո Դաւիթ ծառայի բերանովը խօսեցիր եւ ասեցիր. Ի՞նչու համար ազգերը խռովեցին՝ եւ ժողովուրդներն ունայն բաներ մտածեցին։
  • 26Երկրի թագաւորները վերկացան, եւ իշխանները մէկտեղ հաւաքուեցան Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ։
  • 27Որովհետեւ արդարեւ հաւաքուեցան քո սուրբ Որդի Յիսուսի վերայ, որին օծեցիր, Հերովդէսը եւ Պոնտացի Պիղատոսը՝ հեթանոսների հետ եւ Իսրայէլի ժողովուրդների հետ,
  • 28Որ անեն՝ ինչ որ քո ձեռքը եւ կամքն առաջուց սահմանեց լինելու։
  • 29Եւ հիմա, Տէր, նայիր նորանց սպառնալիքին, եւ տուր քո ծառաներին, բոլոր համարձակութիւնով քո խօսքը խօսել.
  • 30Որ քո ձեռքը մեկնես, որ բժշկութիւն, եւ նշաններ եւ հրաշքներ լինեն, քո սուրբ Որդի Յիսուսի անունովը։
  • 31Եւ նորանք աղօթք անելիս՝ շարժուեցաւ այն տեղը, ուր որ ժողովուած էին, եւ ամենքը Սուրբ Հոգով լցուեցան. Եւ Աստուծոյ խօսքը խօսում էին համարձակութեամբ։
  • 32Եւ հաւատացեալների բազմութեան սիրտը եւ հոգին մէկ էր. Եւ ոչ ոք չէր ասում իր ստացուածքի մէկի համար՝ թէ իրանն է. Այլ նորանց համար ամեն բաները հասարակաց էին։
  • 33Եւ առաքեալները մեծ զօրութիւնով վկայութիւն էին տալիս Տէր Յիսուսի յարութեան համար. եւ մեծ շնորհք կար նորանց ամենի վերայ։
  • 34Որովհետեւ նորանց մէջ ոչ մէկը կարօտութիւն չ’ունէր. վասնզի նորանք որ ագարակների կամ տների տէր էին, ծախում էին, եւ ծախուածի գինը բերում էին,
  • 35Առաքեալների ոտների մօտ էին դնում. եւ ամեն մէկին տրվում էր ինչ որ պէտք էր ունենում։
  • 36Եւ Յովսէսը որ առաքեալներիցը Բառնաբաս կոչուեցաւ, որ Մխիթարութեան որդի կ’թարգմանուի, Ղեւտացի, ծննդեամբ Կիպրացի,
  • 37Նա մի ագարակ ունէր, ծախեց եւ գինը բերաւ առաքեալների ոտների մօտ դրաւ։
← Ցանկ