ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ21
- 1Եւ մի նաւ գտանք, որ Փիւնիկէ էր գնում, նորա մէջ մտանք գնացինք։
- 2Եւ երբոր Կիպրոսն երեւեցաւ, նորան թողինք ձախ կողմը, եւ նաւն ուղղեցինք դէպի Սիւրիա եւ իջանք Տիւրոս. Որովհետեւ նաւը բեռը այնտեղ պիտի թափէր։
- 3Եւ աշակերտներին գտնելով այնտեղ եօթն օր մնացինք. Նորանք Սուրբ Հոգու ձեռովը Պօղոսին ասում էին, որ վեր չ’ելլէ Երուսաղէմ։
- 4Եւ երբոր մենք այն օրերը կատարեցինք, դուրս եկանք գնացինք. Ամենքը՝ կանանցով եւ երեխաներով մեզ ճանապարհ գցեցին մինչեւ քաղաքի դուրսի կողմը. եւ ծովի եզրին մօտ ծունկ դրինք աղօթք արինք։
- 5Եւ իրարից բաժանուելով վեր ելանք նաւը. Եւ նորանք ետ դառան իրանց տեղերը։
- 6Եւ մենք ծովի ճանապարհորդութիւնը վերջացնելով Տիւրոսիցը դուրս եկանք հասանք Պտողեմայիս. Եւ եղբայրներին ողջոյն տուինք՝ եւ նորանց մօտ մէկ օր մնացինք։
- 7Եւ հետեւեալ օրն այն տեղից դուրս ելանք մենք, Պօղոսի ընկերներս՝՝, եկանք Կեսարիա. Եւ Փիլիպպոս աւետարանչի տունը մտնելով, որ այն եօթիցն էր, նորա մօտ մնացինք։
- 8Նա չորս կոյս աղջիկներ ունէր, որ մարգարէութիւն էին անում։
- 9Եւ երբոր մենք այնտեղ շատ օրեր մնում էինք, Հրէաստանից մի մարգարէ իջաւ անունն Ագաբոս։
- 10Եւ նա մեզ մօտ եկաւ, Պօղոսի գօտին առաւ իր ձեռները եւ ոտները կապեց եւ ասեց, Սուրբ Հոգին այսպէս է ասում. Այն մարդին՝ որի գօտին է այս, Հրէաները Երուսաղէմումը այսպէս կ’կապեն, եւ հեթանոսների ձեռը կ’մատնեն։
- 11Եւ երբոր այս լսեցինք, աղաչում էինք մենք, եւ այն տեղացիք էլ, որ վեր չ’ելնէ Երուսաղէմ։
- 12Այն ժամանակ Պօղոսը պատասխանեց եւ ասեց. Ի՞նչ էք անում, որ լաց էք լինում եւ սիրտս ճմլում. Որովհետեւ ես ոչ միայն կապուելու բայց Երուսաղէմումը մեռնելու էլ պատրաստ եմ Տէր Յիսուս Քրիստոսի անունի համար։
- 13Եւ երբոր նա ականջ չ’դրաւ, լուռ կացինք՝ եւ ասեցինք. Տիրոջ կամքը լինի։
- 14Եւ այն օրերից յետոյ պատրաստուած վեր ելանք Երուսաղէմ։
- 15Եւ այն Կեսարացի աշակերտներիցն էլ մեզ հետ եկան, եւ տանում էին մեզ մի Մնասոն անուն Կիպրացի մարդի՝ հին աշակերտի մօտ, որ նորա մօտ կենանք։
- 16Եւ երբոր մենք Երուսաղէմ մտանք, եղբայրները մեզ ուրախութեամբ ընդունեցին։
- 17Բայց հետեւեալ օրը Պօղոսը մեզ հետ գնաց Յակոբոսի մօտ, եւ բոլոր երէցները եկան։
- 18Եւ ողջոյն տալով նորանց՝ մին մին պատմում էր ինչ որ Աստուած հեթանոսների մէջ արաւ իր ծառայութիւնովը։
- 19Եւ նորանք լսելով, փառաւորում էին Տիրոջը, եւ ասում էին նորան. Եղբայր, տեսնո՞ւմ ես, քանի բիւրաւոր հաւատացեալ Հրէաներ կան, եւ ամենքն օրէնքի նախանձաւոր են։
- 20Բայց քեզ համար իմացել են, թէ հեթանոսների մէջ լինող ամեն Հրէաներին սովորեցնում ես Մովսէսիցը ետ քաշուիլ, ասելով որ իրանց երեխաներին չ’թլփատեն, եւ սովորութիւնների պէս չ’վարուին։
- 21Հիմա ի՞նչ կ’լինի. Անպատճառ պէտք է բազմութիւնը մէկ տեղ գայ, որովհետեւ կ’լսեն որ եկել ես։
- 22Հիմա սա արա՝ որ քեզ ասում ենք. Մեզանում չորս մարդ կան, որ ուխտ են դրած իրանց անձերի վերայ։
- 23Նորանց առ՝ եւ նորանց հետ սրբուիր. Եւ նորանց վերայ ծախք արա՝ որ իրանց գլխները ածիլեն. Եւ ամենքը գիտենան, թէ ինչ որ քեզ համար իմացել էին՝ ոչ ինչ է. Այլ թէ դու էլ միաբան ես օրէնքը պահելով։
- 24Բայց այն հաւատացեալ հեթանոսների համար մենք ուղարկեցինք՝ որոշելով, որ նորանք այնպիսի բան չ’պահեն, բայց միայն զգուշանան կուռքի զոհից եւ արիւնից եւ խեղդուածից, եւ պոռնկութիւնից։
- 25Այն ժամանակ Պօղոսը այն մարդկանցն առաւ, հետեւեալ օրը նորանց հետ սրբուեցաւ, եւ տաճարը մտաւ իմաց տալով սրբութեան օրերի լրանալը. Մինչեւ որ նորանց ամեն մէկի համար պատարագը մատուցուեցաւ։
- 26Եւ երբոր այն եօթն օրը լրանալու մօտ էին, Ասիացի Հրէաները նորան տեսան տաճարումը, եւ բոլոր ամբոխին նորա վերայ թափեցին, եւ նորան ձեռք ձգելով՝ աղաղակում էին.
- 27Ով Իսրայէլացի մարդիկ, օգնեցէք. Սա այն մարդն է՝ որ ժողովրդի եւ օրէնքի եւ այս տեղի հակառակ՝ ամենին ամեն տեղ սովորեցնում է. Մինչեւ որ Յոյներ էլ մտցրեց տաճարի մէջ եւ այս սուրբ տեղը պղծեց։
- 28Որովհետեւ Տրոփիմոս Եփեսացուն առաջուց տեսել էին նորա հետ քաղաքումը. Եւ կարծում էին, թէ Պօղոսը նորան մտցրեց տաճարի մէջ։
- 29Եւ բոլոր քաղաքը դղրդաց, եւ ժողովուրդը կիտուեցաւ եւ Պօղոսին բռնած տաճարիցը դուրս քաշեցին, եւ շուտով դռները փակուեցան։
- 30Եւ երբոր ուզում էին նորան սպանել, լուր հասաւ գնդի հազարապետին, թէ բոլոր Երուսաղէմը տակնիվեր է եղել։
- 31Նա էլ իսկոյն զինուորներ եւ հարիւրապետներ առաւ նորանց վերայ վազեց. Եւ նորանք երբոր հազարապետին եւ զինուորներին տեսան, Պօղոսին ծեծելուց դադարեցին։
- 32Այն ժամանակ հազարապետը մօտեցաւ բռնեց նորան եւ հրամայեց, որ երկու շղթայով կապեն. Եւ հարցնում էր, թէ ո՞վ է, եւ ի՞նչ է արել։
- 33Եւ ամեն մէկը ամբոխի մէջ մի ուրիշ բան էին աղաղակում. Երբոր ամբոխի շփոթութիւնից չ’կարողացաւ ստոյգն իմանալ հրամայեց նորան տանել բերդը։
- 34Եւ երբոր հասաւ աստիճաններին, պէտք եղաւ որ ամբոխի բռնութեան պատճառով զինուորները նորան վեր առնեն բերեն։
- 35Որովհետեւ ժողովուրդի բազմութիւնը ետեւիցը գնում էր աղաղակելով, Վեր առ դորան։
- 36Եւ դեռ քանի որ Պօղոսը բերդը մտնելու վերայ էր, հազարապետին ասեց. Կարելի՞ է ինձ արդեօք, որ քեզ հետ խօսեմ. Նա էլ ասեց՝ Յունարէն գիտե՞ս.
- 37Արդեօք դու այն Եգիպտացին չե՞ս, որ այս օրերից առաջ շփոթութիւն արաւ՝ եւ չորս հազար սիկարեան մարդիկ հանեց անապատը։
- 38Եւ Պօղոսն ասեց. Ես Հրէայ մարդ եմ՝ Կիլիկիայի Տարսօնիցը, ոչ թէ աննշան քաղաքի քաղաքացի. Աղաչում եմ քեզ՝ հրաման տուր ինձ, որ այդ ժողովրդի հետ խօսեմ։
- 39Եւ երբոր նա հրամայեց, Պօղոսն աստիճանների վերայ կանգնեց եւ դէպի ժողովուրդը ձեռքը շարժեց. Եւ երբոր շատ լուռ կացին, սկսեց Եբրայեցիների լեզուով խօսել՝ եւ ասեց.
- 40Մարդիկ եղբայրներ եւ հայրեր, հիմա իմ ձեզ պատասխան տալուս լսեցէք։