ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ18
- 1Սորանից յետոյ Պօղոսն Աթէնքից բաժանուեց եկաւ Կորնթոս։
- 2Եւ մի Հրէայ գտաւ՝ անունը Ակիւղաս, ազգով Պոնտացի, եւ նորա Պրիսկիղա կինն էլ, Իտալիայից նոր եկած, Կղօդիոսի հրամանի համեմատ՝ որ բոլոր Հրէաները Հռովմից հեռանան. Եւ նորանց մօտ գնաց։
- 3Եւ որովհետեւ արհեստակից էր, մնաց նորանց մօտ եւ բան էր անում. Որովհետեւ արհեստով վրանակար էին։
- 4Եւ խօսում էր ժողովարանումն ամեն շաբաթ օր եւ Հրէաներին եւ Յոյներին համոզում էր։
- 5Եւ երբոր Շիղան եւ Տիմոթէոսն իջան Մակեդոնիայից, Պօղոսը հոգովը վառվում էր վկայելով Հրէաներին թէ Յիսուսն է Քրիստոսը։
- 6Եւ երբոր նորանք հակառակում էին եւ հայհոյում, հանդերձները թօթափեց եւ ասեց նորանց. Ձեր արիւնը ձեր գլուխը, ես անպարտ եմ, այսուհետեւ հեթանոսներին եմ գնում։
- 7Եւ այն տեղից գնաց մտաւ մէկի տունը՝ որի անունը Յուստոս էր, մի աստուածապաշտ մարդ, որ նորա տունը ժողովարանի կից էր։
- 8Կրիսպոս ժողովրդապետը հաւատաց Տիրոջն իր բոլոր տնովը. Եւ Կորնթացիներից շատերը երբոր լսեցին՝ հաւատացին եւ մկրտուեցան։
- 9Եւ Տէրն ասեց գիշերումը տեսիլքով Պօղոսին, Մի վախենար՝ այլ խօսիր՝ եւ լուռ մի կենար։
- 10Որովհետեւ ես քեզ հետ եմ, եւ ոչ ով քեզ դէմ չի կենալ՝ քեզ վնասելու. Որովհետեւ ես շատ ժողովուրդ ունիմ այս քաղաքումը։
- 11Եւ այնտեղ մէկ տարի եւ վեց ամիս նստեց՝ եւ նորանց սովորեցնում էր Աստուծոյ խօսքը։
- 12Եւ երբոր Գաղիոնը փոխանորդ բդեշխ էր Աքայիայումը, Հրէաները միաբան վեր կացան Պօղոսի վերայ, եւ նորան տարան ատեանը.
- 13Ասելով թէ Սա օրէնքի հակառակ հրապուրում է մարդկանց Աստուած պաշտել։
- 14Եւ երբոր Պօղոսն իր բերանը ուզում էր բանալ Գաղիոնը Հրէաներին ասեց. Ով Հրէաներ, եթէ մի անիրաւութիւն կամ մի չար նենգութիւն լինէր, ինձ արժան էր որ լսէի։
- 15Բայց եթէ խնդիրը խօսքի եւ անունների եւ ձեր օրէնքի համար է, դուք ինքներդ տեսէք. Որովհետեւ այդպիսի բաների դատաւոր չեմ ուզում լինել։
- 16Եւ նորանց հանեց դատաստանիցը։
- 17Եւ բոլոր Յոյները Սոսթենէս ժողովրդապետին բռնեցին եւ ատեանի առաջին ծեծում էին. Եւ Գաղիոնը սորանց համար ոչինչ հոգս չէր անում։
- 18Բայց Պօղոսը տակաւին շատ օրեր մնալուց յետոյ, եղբայրներիցը հրաժարուելով, նաւով գնում էր դէպի Սիւրիա. Եւ Պրիսկիղան եւ Ակիւղասն նորա հետ, Կենքրայումը գլուխը խուզեց. Որ ուխտ ունէր։
- 19Եւ երբոր հասաւ Եփեսոս, նորանց այնտեղ թողեց, եւ ինքը ժողովարանը մտնելով Հրէաների հետ խօսում էր։
- 20Եւ երբոր նորանք աղաչում էին նորան՝ որ շատ ժամանակ այնտեղ մնայ, յանձը չ’առաւ։
- 21Բայց նորանցից հրաժարեց եւ ասեց. Անպատճառ պէտք է ես առաջիկայ տօնը Երուսաղէմումն անեմ.՝՝ Աստուծոյ կամքովը դարձեալ ձեզ մօտ կ’դառնամ. Եւ Եփեսոսիցը վերկացաւ,
- 22Եւ իջաւ Կեսարիա, վեր ելաւ, եւ բարեւ տուաւ եկեղեցուն, եւ վայր եկաւ Անտիոք։
- 23Եւ այնտեղ մի ժամանակ մնալուց յետոյ, դուրս եկաւ՝ որ կարգով ման գայ Գաղատացիների աշխարհքումը եւ Փռիւգիայումը, բոլոր աշակերտները հաստատելով։
- 24Եւ մի Հրէայ՝ անունը Ապողոս, ազգով Աղեքսանդրացի, ճարտարախօս մարդ՝ եկաւ հասաւ Եփեսոս, որ զօրաւոր էր Գրքերովը։
- 25Սա Տիրոջ ճանապարհին տեղեկացած էր, եւ հոգով վառուած՝ Տիրոջ համար խօսում էր՝ եւ ստոյգ սովորեցնում էր. Բայց միայն Յովհաննէսի մկրտութիւնը գիտէր։
- 26Սա սկսեց ժողովարանումը համարձակ խօսել. Եւ երբոր Ակիւղասն եւ Պրիսկիղան նորանից լսեցին, նորան իրանց մօտ առան, եւ էլ աւելի ստոյգ Աստուծոյ ճանապարհը բացատրեցին նորան։
- 27Եւ երբոր նա կամեցաւ գնալ Աքայիա, եղբայրները քաջալերելով գրեցին աշակերտներին, որ նորան ընդունեն. Երբոր նա այնտեղ հասաւ, հաւատացեալներին շատ օգնութիւն էր տալիս շնորհքի ձեռովը։
- 28Որովհետեւ խիստ սաստիկ յանդիմանում էր Հրէաներին հրապարակաւ Գրքերիցը ցոյց տալով, թէ Քրիստոսը Յիսուսն է։