ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ17
  • 1Եւ Ամփիպօլիսի եւ Ապողոնիայի միջովը ման գալով՝ եկան Թեսաղոնիկէ, ուր էր Հրէաների ժողովարանը։
  • 3Բաց էր անում՝ եւ առաջներին դնում, թէ պէտք էր Քրիստոսը չարչարուէր՝ եւ մեռելներիցը յարութիւն առնէր. Եւ թէ Քրիստոսը այս Յիսուսն է որ ես պատմում եմ ձեզ։
  • 4Եւ նորանցից ոմանք հաւատացին, եւ Պօղոսի եւ Շիղայի հետ միացան. Եւ աստուածավախ Յոյներից էլ շատ բազմութիւն, եւ գլխաւոր կանանցիցն էլ ոչ սակաւ։
  • 5Բայց չ’հաւատացող Հրէաները նախանձելով եւ փողոցից մի քանի անպիտան մարդիկ առնելով աղմուկ արին եւ քաղաքի մէջ շփոթութիւն շինեցին. Եւ Յասոնի տան վերայ յարձակելով՝ ուզում էին՝ որ նորանց տանեն հրապարակը։
  • 6Եւ երբոր չ’գտան նորանց՝ Յասոնին եւ մի քանի եղբայրներին քաշելով տանում էին քաղաքապետների մօտ, եւ սաստիկ աղաղակում՝ թէ այս աշխարհքը շփոթեցնողներն այստեղ էլ հասան.
  • 7Որոնց Յասոնն ընդունել է. Եւ սորանք ամենքը կայսեր հրամաններին հակառակ են գործում, ասելով թէ մի ուրիշն է թագաւոր՝ Յիսուսը։
  • 8Եւ շփոթեցրին ժողովուրդին եւ քաղաքապետներին, որ լսում էին այս բաները։
  • 9Եւ Յասոնիցն ու ուրիշներիցն երաշխաւորութիւն առան, եւ նորանց արձակեցին։
  • 10Բայց եղբայրները Պօղոսին եւ Շիղային շուտով գիշերանց ճանապարհ գցեցին դէպի Բերիա. Որ երբոր այնտեղ հասան, գնացին Հրէաների ժողովարանը։
  • 11Բայց սորանք աւելի ազնիւ էին քան թէ նորանք՝ որ Թեսաղոնիկէումն էին. Որ խօսքը բոլոր յօժարութեամբ ընդունեցին. ամեն օր Գրքերը քննում էին, թէ այս այսպէ՞ս է։
  • 12Եւ նորանցից շատերը հաւատացին. Եւ Յոյն պատուաւոր կանանցից եւ մարդկանցից էլ ոչ սակաւ։
  • 13Բայց երբոր Թեսաղոնիկէի Հրէաները գիտացին, թէ Բերիաի մէջ էլ Աստուծոյ խօսքը պատմուեցաւ Պօղոսից, այնտեղ էլ եկան՝ ժողովուրդները գրգռելով։
  • 14Այն ժամանակ եղբայրները Պօղոսին շուտով ուղարկեցին՝ որ մինչեւ ծովը գնայ. Եւ Շիղան եւ Տիմոթէոսն այնտեղ մնացին։
  • 15Եւ Պօղոսին տանողները նորան մինչեւ Աթէնք տարան. Եւ պատուէր առնելով Շիղայի եւ Տիմոթէոսի համար՝ որ շուտով գան նորա մօտ, գնացին։
  • 16Եւ երբոր Պօղոսն Աթէնքումը նորանց սպասում էր, նորա հոգին սաստիկ զայրանում էր իրանում, որ տեսնում էր քաղաքը կուռքերով լիքը.
  • 17Եւ խօսում էր ժողովարանումը Հրէաների եւ բարեպաշտ մարդկանց հետ եւ փողոցումն ամեն օր պատահողների հետ։
  • 18Եպիկուրեան եւ Ստոյիկեան փիլիսոփաներից ոմանք նորա հետ հակառակում էին. Եւ ոմանք ասում էին. Այս սերմանաքաղն ի՞նչ է ուզում ասել. Բայց ուրիշներն էլ. Երեւում է, որ օտար աստուածների քարոզիչ է. Որովհետեւ Յիսուս եւ յարութիւն էր աւետարանում։
  • 19Եւ առան նորան տարան Արիսպագոսն՝ ասելով. Կարո՞ղ ենք իմանալ, թէ ի՞նչ է քո այդ խօսած նոր վարդապետութիւնը.
  • 20Որովհետեւ օտար բաներ ես բերում մեր ականջներին. Հիմա կամենում ենք իմանալ՝ թէ դորանք ի՞նչ պիտի լինին։
  • 21Որովհետեւ բոլոր Աթենացիք եւ այն տեղ կենող օտարները՝ ուրիշ ոչ մի բանի չէին պարապում, բայց միայն որ նոր բան ասեն կամ լսեն։
  • 22Պօղոսն էլ կանգնեց Արիսպագոսի միջին եւ ասեց. Ով Աթենացի մարդիկ, ես ձեզ ամեն կերպով կրօնասէր եմ տեսնում.
  • 23Որովհետեւ ման գալիս եւ ձեր պաշտամունքներին մտիկ տալիս, մի սեղան էլ գտայ, որի վերայ գրած էր, ԱՆԾԱՆՕԹ ԱՍՏՈՒԾՈՒՆ. Այն որ դուք առանց ճանաչելու պաշտում էք. Ես նորան եմ պատմում ձեզ։
  • 24Այն Աստուածը, որ աշխարհքս եւ ամեն բան՝ որ նորանում կայ՝ արաւ, նա երկնքի եւ երկրիս Տէրը լինելով ձեռագործ տաճարներում չէ բնակվում։
  • 25Եւ ոչ էլ մարդկանց ձեռով է պաշտվում իբր թէ մի բանի կարօտ. նա է ամենի կեանք եւ շունչ՝ եւ ամեն բան տուողը։
  • 26Եւ նա մէկ արիւնից մարդկանց բոլոր ազգերն արաւ, որ երկրի բոլոր երեսի վերայ բնակուեն. Որոշուած ժամանակներ եւ նորանց բնակութեան սահմանները հաստատեց, որ Աստուծուն խնդրեն.
  • 27Որ լինի թէ խարխափեն նորան եւ գտնեն. թէ եւ ինքը հեռու չէ մեր ամեն մէկիցը։
  • 28Որովհետեւ մենք նորանով ենք ապրում եւ շարժվում եւ կանք. ինչպէս ձեր բանաստեղծներից ոմանք էլ ասեցին, թէ Նորա ազգիցն էլ ենք։
  • 29Արդ որովհետեւ Աստուծոյ ազգիցն ենք, պէտք չէ համարենք, թէ Աստուածութիւնը նման լինի ոսկու կամ արծաթի կամ քարի՝ մարդի վարպետութեամբ եւ մտքով քանդակուած։
  • 30Բայց Աստուած տգիտութեան ժամանակներն անտես անելով, հիմա մարդկանց պատուիրում է ամենին ամեն տեղ ապաշխարել։
  • 31Մէկ օր հաստատեց որ նորանում աշխարհքս արդարութեամբ պիտի դատէ այն մարդի ձեռովը, որ սահմանեց նորանով ամենին հաւատք տալ, որին մեռելներից յարութիւն տուաւ։
  • 32Երբոր լսեցին մեռելների յարութիւնը, ոմանք ծաղր էին անում. Ոմանք էլ ասում էին, Այդ բանի համար քեզանից դարձեալ կ’լսենք։
  • 33Եւ այսպէս Պօղոսը նորանց միջիցը դուրս եկաւ։
  • 34Բայց մի քանի մարդիկ նորա կողմն անցնելով հաւատացին. Որոնց հետ էր Դիոնեսիոս Արիսպագացին, եւ մի կին՝ անունը Դամարիս, եւ ուրիշներ էլ նորանց հետ։
← Ցանկ