ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ16
  • 1Եւ եկաւ հասաւ Դերբէ եւ Լիւստրա. Եւ ահա մէկ աշակերտ կար այնտեղ՝ անունը Տիմոթէոս. որ մի հաւատացեալ Հրէայ կնկայ՝ եւ Յոյն հօր որդի էր։
  • 2Որ բարի վկայութիւն ունէր Լիւստրացի եւ Իկոնիացի եղբայրներիցը։
  • 3Պօղոսը կամեցաւ, որ սա գնայ իր հետ. եւ առաւ թլփատեց նորան՝ այն տեղերումը լինող Հրէաների պատճառովը, որովհետեւ ամենքը գիտէին որ նորա հայրը Յոյն էր։
  • 4Եւ երբ որ անցնում էին այն քաղաքներովը, աւանդում էին նորանց պահել այն հրամանները, որ Երուսաղէմումը լինող առաքեալներիցը եւ երէցներիցը պատուիրուած էին։
  • 5Եւ եկեղեցիները հաւատքով հաստատվում էին, որ օրէցօր թուով աւելանում էին։
  • 6Եւ Փռիւգիան եւ Գաղատացիների երկիրը ման եկան, Սուրբ Հոգուցն արգելուելով որ Ասիայի մէջ Աստուծոյ խօսքը չ’խօսեն։
  • 7Երբոր եկան Միւսիայի կողմերը, ջանք էին անում որ գնան դէպի Բիւթանիա, եւ Հոգին թոյլ չ’տուաւ նորանց։
  • 8Եւ Միւսիայովն անցնելով իջան Տրովադա։
  • 9Եւ գիշերումը տեսիլք երեւեցաւ Պօղոսին. Մէկ Մակեդոնացի մարդ կանգնած էր, աղաչում էր նորան՝ եւ ասում. Անցիր Մակեդոնիա՝ եւ օգնիր մեզ։
  • 10Եւ երբոր տեսաւ տեսիլքը, շուտով ուզեցինք դուրս գալ Մակեդոնիա. Հասկանալով որ Տէրն է հրաւիրել մեզ, որ աւետարանենք նորանց։
  • 11Եւ Տրովադայից դուրս եկած՝ ուղիղ գնացինք Սամօթրակէ. Եւ հետեւեալ օրը Նէապոլիս.
  • 12Եւ այնտեղից Փիլիպպէ, որ Մակեդոնացիների բաժնի առաջինն է՝ Կոլոնիա քաղաք. Եւ մենք քաղաքումը մի քանի օր մնացինք,
  • 13Եւ շաբաթ օրը քաղաքիցը դուրս գնացինք դէպի գետը, ուր որ սովոր էին աղօթք անելու. Եւ նստած խօսում էինք ժողովուած կանանց հետ։
  • 14Եւ մի կին՝ անունը Լիդիա՝ ծիրանավաճառ, Թիւատիր քաղաքիցը, աստուածավախ, լսեց. որի սիրտը Տէրը բացաւ, որ Պօղոսի խօսածներին մտիկ անէ։
  • 15Եւ երբոր նա եւ իր տունը մկրտուեցաւ, աղաչեց ասելով. Եթէ ինձ Տիրոջը հաւատացած համարէք, մտէք իմ տունը՝ մնացէք. եւ բռնադատեց տարաւ մեզ։
  • 16Եղաւ որ մենք աղօթքի գնալիս, մի աղախին պատահեց մեզ՝ որ հարցուկ ոգի ունէր. Որ կախարդութիւնովն իր տէրերին շատ շահ էր բերում։
  • 17Սա Պօղոսի եւ մեր ետեւից ընկած՝ աղաղակում էր եւ ասում. Այս մարդիկը Բարձրեալ Աստուծոյ ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկութեան ճանապարհը։
  • 18Եւ շատ օրեր այս բանն անում էր. Պօղոսն էլ զայրացած դարձաւ եւ ասեց այն ոգուն. Յիսուս Քրիստոսի անունովը պատուիրում եմ քեզ, դուրս եկ դորանից. եւ նոյն ժամումը դուրս եկաւ։
  • 19Եւ երբոր նորա տէրերը տեսան թէ իրանց շահի յոյսը կտրուեցաւ, Պօղոսին եւ Շիղային առան՝ քաշեցին հրապարակն, իշխանների մօտ։
  • 20Եւ նորանց տարան զօրագլուխների մօտ եւ ասեցին. Այս մարդիկը խռովեցնում են մեր քաղաքը՝ իրանք Հրէաներ լինելով.
  • 21Եւ այնպիսի սովորութիւններ են քարոզում, որ մեզ արժան չէ ընդունել, եւ ոչ էլ անել. Որ Հռովմայեցի ենք։
  • 22Եւ ամբոխը կիտուեցաւ նորանց վերայ. Եւ զօրագլուխները նորանց հանդերձները հանեցին, եւ հրաման տուին որ ծեծեն։
  • 23Եւ նորանց շատ խոցեր տալուց յետոյ բանտը գցեցին, բանտապետին պատուիրելով, որ նորանց զգուշութեամբ պահէ։
  • 24Նա էլ այն պատուէրն առած, նորանց ներսի բանտը գցեց. Եւ նորանց ոտները պնդացրեց կոճղումը։
  • 25Եւ կէս գիշերին Պօղոսը եւ Շիղան աղօթք անելով օրհնում էին Աստուծուն. Եւ բանտարկուածներն էլ նորանց ականջ էին դնում։
  • 26Եւ յանկարծակի մեծ շարժ եղաւ՝ մինչեւ որ բանտի հիմունքներն էլ շարժվում էին. Եւ իսկոյն բոլոր դռները բացուեցան, եւ ամենքի կապանքներն արձակուեցան։
  • 27Երբոր բանտապետն էլ զարթնելով տեսաւ բանտի դռները բացուած, սուրը քաշեց եւ կամենում էր ինքն իրան սպանել. Որովհետեւ կարծում էր թէ կապուածները փախել են։
  • 28Եւ Պօղոսը մեծ ձայնով կանչեց եւ ասեց. Անձիդ չար բան չ’անես, որովհետեւ ամենքս այստեղ ենք։
  • 29Ճրագ ուզեց եւ ներս վազեց. Եւ դողալով Պօղոսի եւ Շիղայի առաջին ընկաւ։
  • 30Եւ նորանց դուրս հանեց եւ ասեց. Տէրեր, ես ի՞նչ պէտք է անեմ որ փրկուիմ։
  • 31Եւ նորանք ասեցին. Հաւատա Տէր Յիսուս Քրիստոսին, եւ կ’փրկուիս դու՝ եւ քո տունը։
  • 32Եւ Տիրոջ խօսքը խօսեցին նորան՝ եւ այն ամենին, որ նորա տանն էին։
  • 34Եւ նորանց տարաւ իր տունը, նորանց առաջին սեղան դրաւ. Եւ ուրախ եղաւ բոլոր ընտանիքովն Աստուծուն հաւատալով։
  • 35Եւ երբ որ լուսացաւ, զօրագլուխները նուիրակներին ուղարկեցին եւ ասեցին. Արձակիր այն մարդկանցը։
  • 36Եւ բանտապետն այս խօսքերը պատմեց Պօղոսին, թէ Զօրագլուխներն ուղարկեցին՝ որ արձակուիք. Ուրեմն հիմա դուրս եկէք, գնացէք խաղաղութեամբ։
  • 37Բայց Պօղոսն ասեց նորանց. Հրապարակաւ ծեծեցին մեզ՝ անմեղներիս որ Հռովմայեցի մարդիկ ենք, եւ բանտը գցեցին. Եւ հիմա մեզ թագո՞ւն են հանում. Ոչ. Այլ թող իրանք գան մեզ հանեն։
  • 38Եւ նուիրակներն այն խօսքերը պատմեցին զօրագլուխներին. Եւ նորանք վախեցան՝ երբոր լսեցին թէ Հռովմայեցի են. Եւ եկան աղաչեցին նորանց։
  • 39Եւ երբոր հանեցին, խնդրում էին որ քաղաքիցը գնան։
  • 40Եւ բանտիցը դուրս եկան մտան Լիդիայի տունը. Եւ եղբայրներին տեսնելով, նորանց մխիթարեցին եւ գնացին։
← Ցանկ