ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ13
  • 1Եւ Անտիոքումն՝ այն տեղի եկեղեցու մէջ կային մի քանի մարգարէներ եւ վարդապետներ. Բառնաբասը՝ եւ Նիւգէր ասուած Շմաւոնը, եւ Ղուկիոս Կիւրենացին, եւ Հերովդէս չորրորդապետի սննդակից Մանայէնը, եւ Սօղոսը։
  • 2Սորանք երբոր Տիրոջը պաշտօն էին մատուցանում եւ ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասեց. Ինձ համար որոշեցէք Բառնաբասին եւ Սօղոսին այն գործի համար, որ ես դորանց կանչել եմ։
  • 3Այն ժամանակ ծոմ պահեցին եւ աղօթք արին, նորանց վերայ ձեռք դրին՝ արձակեցին։
  • 4Եւ նորանք էլ Սուրբ Հոգուցն ուղարկուած՝ իջան Սելեւկիա, եւ այն տեղից նաւով գնացին Կիպրոս։
  • 5Եւ Սաղամինա հասնելով Աստուծոյ խօսքը պատմում էին Հրէաների ժողովարաններումը. Յովհաննէսին էլ սպասաւոր ունէին։
  • 6Ման եկան կղզին մինչեւ Պափոս. Եւ մի մոգ գտան՝ սուտ մարգարէ Հրէայ, որի անունը Բարեյեսու էր։
  • 7Որ փոխանորդ բդեշխ Սերգիոս Պօղոսի, իմաստուն մարդի, հետ էր. Սա Բառնաբասին եւ Սօղոսին իրան մօտ կանչելով ուզում էր որ Աստուծոյ խօսքը լսէ։
  • 8Բայց նորան հակառակ կացաւ Եղիմաս մոգը. Որովհետեւ այսպէս է թարգմանվում նորա անունը. Սա ուզում էր փոխանորդ բդեշխին հաւատքիցը փոխել։
  • 9Բայց Սօղոսը, որ Պօղոսն է՝ Սուրբ Հոգով լցուած մտիկ տուաւ նորան,
  • 10Եւ ասեց. Ով ամեն խաբեբայութիւնով եւ ամեն խորամանկութիւնով լցուած սատանայի որդի, ամեն արդարութեան թշնամի. Դու չե՞ս դադարում Տիրոջ ուղիղ ճանապարհները ծռելուց։
  • 11Եւ հիմա ահա Տիրոջ ձեռը քեզ վերայ է, եւ կոյր կ’լինես որ չ’տեսնես արեգակը՝ մինչեւ մի ժամանակ. Եւ իսկոյն մութ եւ խաւար ընկաւ նորա վերայ, եւ ման գալով ձեռք բռնող մարդիկ էր որոնում։
  • 13Եւ Պօղոսը եւ հետը լինողները Պափոսից դուրս ելան՝ եկան Պամփիւլիայի Պերգէն. Բայց Յովհաննէսը նորանցից բաժանուեց ետ դառաւ Երուսաղէմ։
  • 14Եւ նորանք Պերգէից գնացին՝ եկան Պիսիդիայի Անտիոքը. Եւ շաբաթ օրը ժողովարանը մտան նստեցին։
  • 15Եւ օրէնքն ու մարգարէները կարդալուց յետոյ, ժողովրդապետները նորանց մօտ ուղարկեցին եւ ասեցին. Մարդիկ եղբարք, եթէ դուք այդ ժողովրդին համար յորդորական խօսքեր ունիք՝ խօսեցէք։
  • 16Պօղոսն էլ վերկացաւ՝ ձեռքը շարժեց եւ ասեց. Ով Իսրայէլացի մարդիկ, եւ դուք՝ որ Աստուածանից վախենում էք, լսեցէք։
  • 17Այս Իսրայէլ ժողովրդի Աստուածը ընտրեց մեր հայրերին. Եւ ժողովուրդը բարձրացրեց պանդխտութիւնումն Եգիպտոսի երկրի մէջ. եւ բարձր բազուկով նորանց այն տեղից դուրս հանեց։
  • 18Եւ քառասուն տարու չափ ժամանակ նորանց կերակրեց անապատումը։
  • 19Եւ Քանանի երկրումը եօթն ազգեր խորտակեց եւ նորանց երկիրը նորանց ժառանգել տուաւ։
  • 20Եւ սորանից իբր չորս հարիւրեւյիսուն տարի յետոյ նորանց դատաւորներ տուաւ մինչեւ Սամուէլ մարգարէն։
  • 21Եւ ապա թագաւոր ուզեցին, եւ Աստուած տուաւ նորանց Կիսի որդի Սաւուղը՝ մի մարդ Բենիամինի ցեղիցը, քառասուն տարի։
  • 22Եւ նորան փոխելով, Դաւիթին նորանց համար թագաւոր կանգնեցրեց, որ նորա համար էլ վկայութիւն տուաւ եւ ասեց. Յեսսէի որդի Դաւիթին գտայ իմ սրտի պէս մարդ, որ նա իմ բոլոր կամքը կ’անէ։
  • 23Սորա զաւակիցն Աստուած իր խոստմունքի պէս Իսրայէլացիների համար Յիսուս Փրկիչը վերկացրեց։
  • 24Որ Յովհաննէսը՝ նորա գալուց առաջ, կանխաւ ապաշխարութեան մկրտութիւնը քարոզեց Իսրայէլի բոլոր ժողովրդին։
  • 25Եւ երբոր Յովհաննէսը վերջացնում էր իր ընթացքը՝ ասում էր. Ինձ համար ո՞վ էք կարծում որ լինեմ. Ես այն չեմ. Բայց ահա իմ ետեւից գալիս է նա, որ ես չեմ արժանի նորա ոտների կօշիկն արձակելու։
  • 26Մարդիկ եղբարք, Աբրահամի ցեղի որդիքներ, եւ ով որ ձեզանում աստուածավախ են. ձեզ ուղարկուեցաւ այս փրկութեան խօսքը։
  • 27Որովհետեւ Երուսաղէմում բնակողները, եւ նորանց իշխանները՝ չ’ճանաչեցին նորան, եւ ոչ էլ մարգարէների ձայները՝ որ ամեն շաբաթ օրեր կարդացվում են. Այլ դատապարտելով կատարեցին։
  • 28Եւ թէպէտ մի մահի պատճառ չ’գտան, Պիղատոսիցն ուզեցին որ նա սպանուի։
  • 29Եւ երբոր այն ամենը որ նորա համար գրուած էր, կատարեցին, փայտիցը վայր բերին՝ դրին գերեզման։
  • 30Բայց Աստուած նորան մեռելներից յարութիւն տուաւ, որ շատ օրերով երեւեցաւ նորանց,
  • 31Որ նորա հետ Գալիլեայից ելել էին Երուսաղէմ, որոնք նորա համար վկաներ են ժողովրդի առաջին։
  • 32Եւ մենք աւետարանում ենք ձեզ այն խոստմունքը, որ հայրերին եղած էր.
  • 33Որ Աստուած այն կատարեց մեզանում՝ որ նորանց որդիքն ենք, Յիսուսին յարուցանելով. Ինչպէս երկրորդ սաղմոսումն գրուած է. Դու իմ Որդին ես. Ես այսօր ծնեցի քեզ։
  • 34Եւ թէ մեռելներից յարութիւն տուաւ նորան, որ էլ չ’պիտի դառնայ ապականութեան մէջ՝ այսպէս ասեց. Թէ Ձեզ կ’տամ Դաւիթի հաւատարիմ սուրբ խոստմունքները։
  • 35Որովհետեւ ուրիշ տեղում էլ ասում է. Քո սուրբին ապականութիւն տեսնել չես տալ։
  • 36Բայց Դաւիթն իր դարումը ծառայեց Աստուծոյ կամքին, եւ ննջեց, եւ իր հայրերի հետ դրուեցաւ եւ ապականութիւն տեսաւ։
  • 37Բայց նա, որին Աստուած յարութիւն տուաւ, ապականութիւն չ’տեսաւ։
  • 38Արդ թող յայտնի լինի ձեզ, մարդիկ եղբարք, որ սորանով մեղքերի թողութիւն է աւետարանվում ձեզ.
  • 39Եւ այն ամեն բաներիցը, որ Մովսէսի օրէնքովը չ’կարողացաք արդարանալ, սորանով ամեն հաւատացողը կ’արդարանայ։
  • 40Արդ զգոյշ կացէք՝ որ չ’լինի թէ ձեզ վերայ գայ մարգարէներից ասուածը թէ
  • 41Տեսէք, անարգողներ, եւ զարմացէք եւ փճացէք. Որ ես մի գործ եմ գործում ձեր օրերումը. Մի գործ, որ նորան չէք հաւատալ եթէ մէկը պատմէ ձեզ։
  • 42Եւ երբոր այնտեղից դուրս եկան, աղաչում էին որ միւս շաբաթումն էլ այն բանը խօսեն իրանց համար։
  • 43Երբոր ժողովուրդն արձակուեցաւ, Հրէաներից՝ եւ նորահաւատ բարեպաշտ մարդկանցից շատերը գնում էին Պօղոսի եւ Բառնաբասի ետեւից. Որոնք նորանց հետ խօսելով նորանց համոզում էին որ շարունակեն Աստուծոյ շնորհքի մէջ կենալ։
  • 44Եւ հետեւեալ շաբաթ օրն, համարեա թէ բոլոր քաղաքը հաւաքուեցաւ՝ Աստուծոյ խօսքը լսելու։
  • 45Երբոր Հրէաներն ամբոխը տեսան՝ նախանձով լցուեցան եւ Պօղոսից ասուած խօսքերին դէմ խօսելով հակառակում եւ հայհոյում էին։
  • 46Պօղոսը եւ Բառնաբասն էլ համարձակութեամբ ասում էին. Առաջ պէտք էր որ Աստուծոյ բանը ձեզ խօսուէր. բայց որովհետեւ դուք մերժում էք նորան եւ արժան չէք համարում ձեզ յաւիտենական կեանքին, ահա դէպի հեթանոսներն ենք դառնում։
  • 47Որովհետեւ Տէրն այսպէս պատուիրեց մեզ թէ Քեզ հեթանոսների լոյս դրի, որ դու փրկութիւն լինես մինչեւ երկրի ծայրերը։
  • 48Հեթանոսներն այս լսելով ուրախանում էին. Եւ Տիրոջ խօսքը փառաւորում էին. Եւ հաւատացին քանիսը որ կարգուած էին դէպի յաւիտենական կեանքը։
  • 49Եւ Տիրոջ խօսքը տարածվում էր այն բոլոր գաւառը։
  • 50Բայց Հրէաները գրգռեցին բարեպաշտ եւ պատուաւոր կանանցը եւ քաղաքի գլխաւորներին, եւ հալածանք վերկացնելով Պօղոսի եւ Բառնաբասի վերայ՝ նորանց դուրս արին իրանց սահմաններիցը։
  • 51Եւ նորանք իրանց ոտների փոշին թօթափեցին նորանց վերայ, եւ եկան Իկոնիոն։
  • 52Եւ աշակերտները լցվում էին ուրախութիւնով՝ եւ Սուրբ Հոգով։
← Ցանկ