ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ11
- 1Եւ առաքեալները եւ այն եղբայրները՝ որ Հրէաստանի կողմերումն էին, լսեցին որ հեթանոսներն էլ ընդունեցին Աստուծոյ խօսքը։
- 2Բայց երբոր Պետրոսը վեր ելաւ Երուսաղէմ, այն հաւատացեալները, որ թլփատութիւնիցն էին վիճում էին նորա դէմ,
- 3Եւ ասում էին, թէ Դու անթլփատ մարդկանց մօտ մտար, եւ նորանց հետ կերար։
- 4Եւ Պետրոսը սկսեց կարգով պատմել նորանց՝ եւ ասեց.
- 5Ես Յոպպէ քաղաքումն աղօթք էի անում՝ եւ մտքի յափշտակութեան մէջ տեսիլք տեսայ, որ մեծ կտաւի պէս մի անօթ՝ չորս ծայրից կախուած՝ երկնքիցը վայր էր գալիս, եւ եկաւ մինչեւ ինձ մօտ։
- 6Երբոր աչքս նորա մէջ գցած նայում էի, եւ տեսայ երկրի չորքոտանիները, եւ գազանները, եւ սողունները, եւ երկնքի թռչունները.
- 7Եւ ձայն լսեցի, որ ասում էր ինձ. Վեր կաց Պետրոս, մորթիր եւ կեր։
- 8Եւ ասեցի. Քաւ լիցի, Տէր. Որովհետեւ երբէք պիղծ կամ անմաքուր բան իմ բերանը չէ մտած։
- 9Ձայնը երկնքիցն ինձ երկրորդ անգամ պատասխանեց. Այն որ Աստուած սրբեց, դու պիղծ մի համարիր։
- 10Եւ այս երեք անգամ եղաւ, եւ բոլորը դարձեալ վերացաւ երկինքը։
- 11Եւ ահա շուտով երեք մարդիկ եկան կանգնեցին այն տան առաջին, ուր որ ես էի. Կեսարիայիցն ինձ մօտ ուղարկուած։
- 12Եւ Հոգին ինձ ասեց, որ նորանց հետ գնամ՝ առանց խղճմտանք անելու. այս վեց եղբայրներն էլ ինձ հետ եկան, եւ մտանք այն մարդի տունը։
- 13Եւ պատմեց մեզ, թէ ինչպէս տեսաւ հրեշտակն իր տանը, որ կանգնած էր՝ եւ ասում էր նորան. Ուղարկիր Յոպպէ, եւ կանչիր Պետրոս կոչուած Սիմօնին.
- 14Նա քեզ հետ բաներ կ’խօսի, որ նորանով կ’փրկուիս դու՝ եւ քո բոլոր տունը։
- 15Եւ երբոր սկսեցի խօսել, Սուրբ Հոգին իջաւ նորանց վերայ ինչպէս եւ մեզ վերայ սկզբումը։
- 16Եւ ես յիշեցի Տիրոջ այն խօսքը՝ որ ասում էր. Յովհաննէսը ջրով մկրտեց. բայց դուք Սուրբ Հոգով կ’մկրտուիք։
- 17Ուրեմն՝ եթէ Աստուած միեւնոյն պարգեւը տուաւ նորանց, ինչպէս եւ մեզ, որ Տէր Յիսուս Քրիստոսին հաւատացինք, ապա ես ո՞վ էի որ կարողանայի Աստուծուն արգելել։
- 18Եւ երբոր լսեցին այս բաները, լռեցին եւ փառաւորում էին Աստուծուն՝ եւ ասում էին. Ուրեմն հեթանոսներին էլ Աստուած կեանքի համար ապաշխարութիւն տուաւ։
- 19Եւ նորանք որ ցրուած էին այն նեղութիւնիցը, որ Ստեփաննոսի վերայ եղաւ, մինչեւ Փիւնիկէ եւ Կիպրոս եւ Անտիոքիա հասան. Եւ ոչ ոքի չէին խօսում Աստուծոյ խօսքը, բայց միայն Հրէաներին։
- 20Եւ նորանցից ոմանք կային՝ Կիպրացի եւ Կիւրենացի մարդիկ, որ Անտիոք մտած խօսում էին Յոյների հետ՝ աւետարանելով Տէր Յիսուսը։
- 21Եւ Տիրոջ ձեռը նորանց հետ էր. Եւ բազմաթիւ մարդիկ հաւատացին՝ եւ դէպի Տէրը դարձան։
- 22Այս բանի լուրը հասաւ Երուսաղէմի եկեղեցու ականջին, եւ Բառնաբասին ուղարկեցին որ գնայ մինչեւ Անտիոք։
- 23Նա երբոր եկաւ, եւ Աստուծոյ շնորհքը տեսաւ՝ ուրախ եղաւ, եւ յորդորում էր ամենին՝ որ սրտի յօժարութեամբ Տիրոջ հետ մնան։
- 24Որովհետեւ նա բարի եւ Սուրբ Հոգով եւ հաւատքով լցուած մարդ էր. Եւ շատ ժողովուրդ աւելացաւ Տիրոջ համար։
- 25Եւ Բառնաբասը դուրս եկաւ Տարսօն, որ Սօղոսին որոնէ, եւ նորան գտաւ բերաւ Անտիոք։
- 26Եւ եղաւ որ նորանք մի բոլոր տարի ժողովվում էին եկեղեցու մէջ, եւ շատ ժողովուրդ էին սովորեցնում, եւ աշակերտներն առաջ Անտիոքումը Քրիստոնեայ անուանուեցան։
- 27Եւ այն օրերումն Երուսաղէմիցը մարգարէներ իջան Անտիոք։
- 28Եւ նորանցից մէկն՝ անունն Ագաբոս, վերկացաւ՝ Հոգովն իմաց տուաւ, թէ բոլոր աշխարհքի վերայ մեծ սով է լինելու, որ Կղօդիոս կայսեր ժամանակին եղաւ էլ։
- 29Բայց աշակերտներն որոշեցին որ իրանցից ամեն մէկն, որքան որ կարող էր, օգնութիւն ուղարկէ Հրէաստանումը բնակուած եղբայրներին.
- 30Որ արին էլ, եւ ուղարկեցին երէցների մօտ՝ Բառնաբասի եւ Սօղոսի ձեռովը։