ՀՈՎՀԱՆՆԵՍ8
  • 1Եւ ամեն մէկը գնաց իր տունը։
  • 2Եւ Յիսուսը գնաց Ձիթենեաց սարը։
  • 3Եւ առաւօտանց դարձեալ եկաւ տաճարը, եւ բոլոր ժողովուրդը նորա մօտ էր գալիս. Եւ նա նստած սովորեցնում էր նորանց։
  • 4Դպիրները եւ Փարիսեցիները մի կին բերին նորա մօտ՝ շնութեան մէջ բռնուած, եւ նորան մէջտեղը կանգնեցնելով,
  • 5Նորան ասեցին. Վարդապետ, այս կինը բռնուել է յայտնապէս շնանալիս։
  • 6Եւ օրէնքումը Մովսէսը պատուիրեց մեզ, որ այսպիսիները քարկոծուին. Հիմա դու ի՞նչ ես ասում։
  • 7Բայց այս բանն ասում էին՝ նորան փորձելով, որ չարախօսեն նորանից։ Յիսուսն էլ դէպի ցած ծռուելով՝ մատովը գրում էր հողի վերայ։
  • 8Բայց երբոր ստիպում էին հարցնելով նորան, վեր նայեց՝ եւ ասեց. Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջ նա քար գցէ դորա վերայ։
  • 9Եւ դարձեալ դէպի ցած ծռուելով՝ գրում էր հողի վերայ։
  • 10Նորանք էլ երբոր սա լսեցին եւ իրանց խղճմտանքիցը յանդիմանուեցան՝ մէկը մէկի ետեւից դուրս էին գնում, ծերերիցն սկսած մինչեւ յետինները. Եւ Յիսուսը միայն մնաց, եւ կինը կանգնած մէջտեղը։
  • 11Յիսուսն էլ վեր նայեց, ոչ ոքին չ’տեսաւ այն կնկանից ջոկ, եւ ասեց նորան. Ով կին, ո՞ւր են [քեզ ամբաստանողները]. Ոչ ով քեզ չ’դատապարտե՞ց։
  • 12Նա էլ ասեց. Ոչ, ով Տէր. Եւ Յիսուսն էլ ասեց նորան. Ես էլ չեմ քեզ դատապարտում. Գնա, եւ այսուհետեւ մեղք մի գործիր։
  • 13Արդ Յիսուսը դարձեալ խօսեց նորանց հետ եւ ասեց. Ես եմ աշխարհքի լոյսը. Ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կ’ընդունի։
  • 14Փարիսեցիներն էլ ասեցին նորան. Դու ես քո անձի համար վկայում. Քո վկայութիւնը ճշմարիտ չէ։
  • 16Դուք մարմնի համեմատ էք դատում. ես չեմ դատում ոչ մէկին էլ։
  • 17Եւ եթէ ես դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է. որովհետեւ ես միայն չեմ, այլ ես եւ ինձ ուղարկող Հայրը։
  • 18Եւ ձեր օրէնքումն էլ գրուած է թէ Երկու մարդկանց վկայութիւնը ճշմարիտ է։
  • 19Ես եմ, որ ինձ համար վկայում եմ, եւ վկայում է ինձ համար ինձ ուղարկող Հայրը։
  • 20Եւ ասում էին նորան. Ո՞ւր է քո Հայրը. Յիսուսը պատասխանեց. Ոչ ինձ գիտէք, եւ ոչ իմ Հօրը. եթէ ինձ գիտենայիք, իմ Հօրն էլ կ’գիտենայիք։
  • 21Այս բանը Յիսուսը գանձատան մէջ խօսեց նորանց հետ տաճարումը սովորեցնելիս. Եւ ոչ ով չ’բռնեց նորան. Որովհետեւ դեռ նորա ժամը չէր հասել։
  • 22Յիսուսը դարձեալ ասեց նորանց. Ես գնում եմ, եւ ինձ կ’որոնէք. եւ ձեր մեղքի մէջ կ’մեռնիք. Որտեղ որ ես եմ գնում, դուք չէք կարող գալ։
  • 23Հրէաներն էլ ասում էին. Մի՞թէ ինքն իրան կ’սպանէ, որ ասում է, թէ Որտեղ որ ես եմ գնում, դուք չէք կարող գալ։
  • 24Եւ ասեց նորանց. Դուք ներքեւիցն էք, ես վերեւիցն եմ. դուք այս աշխարհքիցն էք, ես այս աշխարհքիցը չեմ։
  • 25Արդ ես ասեցի ձեզ, թէ Ձեր մեղքի մէջ կ’մեռնիք. որովհետեւ եթէ չ’հաւատաք թէ ես եմ, ձեր մեղքի մեջ կ’մեռնիք։
  • 26Եւ նորանք ասեցին նորան. Դու ո՞վ ես. Եւ Յիսուսն ասեց նորանց. Այն, որ սկզբից ձեզ հետ խօսում եմ։
  • 27Շատ բան ունիմ ձեզ համար խօսելու եւ դատելու. Բայց ինձ ուղարկողը ճշմարիտ է. եւ ես ինչ որ նորանից լսեցի, այն եմ խօսում աշխարհքի մէջ։
  • 28Չ’իմացան, թէ Հօր համար էր ասում նորանց։
  • 29Յիսուսն էլ ասեց նորանց. Երբոր մարդի Որդին կ’բարձրացնէք, այն ժամանակ կ’իմանաք, թէ ես եմ. Եւ իմ անձիցը ոչինչ չեմ անում. այլ ինչպէս իմ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խօսում։
  • 30Եւ ինձ ուղարկողն ինձ հետ է. ինձ մինակ չէ թողել Հայրը, որովհետեւ ես միշտ նորան հաճելի բաներն եմ անում։
  • 31Երբոր նա այս բաները խօսում էր, շատերը հաւատացին նորան։
  • 32Եւ Յիսուսն իրան հաւատացած Հրէաներին ասեց. Եթէ դուք իմ խօսքի մէջ կենաք, ճշմարտապէս իմ աշակերտներն էք։
  • 33Եւ ճշմարտութիւնը կ’ճանաչէք. Եւ ճշմարտութիւնը կ’ազատէ ձեզ։
  • 34Պատասխանեցին նորան. Մենք Աբրահամի զաւակ ենք, եւ ոչ ոքի երբէք չենք ծառայել. Դու ի՞նչպէս ես ասում, թէ ազատ կ’լինիք։
  • 35Յիսուսը պատասխանեց նորանց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ամեն ով որ մեղք է գործում, մեղքի ծառայ է։
  • 36Ծառան էլ յաւիտեան չէ կենում տան մէջ. Որդին կենում է յաւիտեան։
  • 37Ուրեմն եթէ Որդին ազատէ ձեզ, յիրաւի ազատ կ’լինիք։
  • 38Գիտեմ որ Աբրահամի զաւակ էք. բայց ուզում էք ինձ սպանել. Որովհետեւ իմ խօսքը տեղ չ’ունի ձեզանում։
  • 39Ես ինչ որ տեսայ իմ Հօր մօտ, խօսում եմ. Եւ դուք՝ ինչ որ ձեր հօրիցը տեսաք, անում էք։
  • 40Պատասխանեցին եւ ասեցին նորան. Մեր Հայրն Աբրահամն է. Յիսուսը նորանց ասեց. Եթէ Աբրահամի որդիք լինէիք, Աբրահամի գործերը կ’գործէիք։
  • 41Բայց հիմա ուզում էք ինձ սպանել, մի մարդի, որ ճշմարտութիւնն եմ խօսել ձեզ. որ Աստուածանից լսեցի. Այդ բանն Աբրահամը չ’արաւ։
  • 42Դուք ձեր հօր գործերն էք անում. Եւ ասեցին նորան. Մենք պոռնկութիւնից չենք ծնուած. մէկ Հայր ունինք, այսինքն Աստուած.
  • 43Յիսուսն էլ նորանց ասեց. Եթէ ձեր հայրն Աստուած լինէր, ինձ կ’սիրէիք. որովհետեւ ես Աստուածանից դուրս ելայ եւ եկայ. Որովհետեւ ոչ թէ իմ անձիցն եկայ, այլ նա ուղարկեց ինձ։
  • 44Ի՞նչու համար իմ խօսքը չէք իմանում. Նորա համար որ դուք չէք կարող իմ խօսքը լսել։
  • 45Դուք ձեր սատանայ հօրիցն էք, եւ կամենում էք ձեր հօր ցանկութիւններն անել. Նա սկզբիցը մարդասպան էր, եւ ճշմարտութեան մէջ չ’կեցաւ, որովհետեւ ճշմարտութիւն չ’կայ նորանում. Երբոր սուտն է խօսում, իրաններիցն է խօսում, որովհետեւ ստախօս է եւ ստութեան հայրը։
  • 46Բայց ես, որովհետեւ ճշմարտութիւն եմ խօսում, ինձ չէք հաւատում։
  • 47Ձեզանից ո՞վ կարող է ինձ մեղքի համար յանդիմանել. Բայց եթէ ճշմարտութիւնն եմ ասում, ի՞նչու չէք հաւատում ինձ։
  • 48Աստուածանից լինողը Աստուծոյ խօսքերը լսում է. Նորա համար դուք չէք ականջ դնում, որ Աստուածանից չէք։
  • 49Հրէաները պատասխանեցին եւ ասեցին նորան. Չէ՞ որ մենք լաւ ենք ասում, թէ դու Սամարացի ես, եւ դեւ ունիս։
  • 50Յիսուսը պատասխանեց. Ես դեւ չ’ունիմ, այլ իմ Հօրը պատուում եմ, եւ դուք անպատուում էք ինձ։
  • 51Եւ ես իմ փառքը չեմ որոնում. Կայ որոնողը եւ դատողը։
  • 52Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Եթէ մէկն իմ խօսքը պահէ, նա մահ չի տեսնիլ յաւիտեան։
  • 53Հրէաներն էլ ասեցին նորան. Հիմա իմացանք, որ դեւ ունիս. Աբրահամը մեռաւ եւ մարգարէներն էլ. Եւ դու ասում ես Եթէ մէկն իմ խօսքը պահէ, մահ չի ճաշակիլ յաւիտեան։
  • 54Մի՞թէ դու աւելի մեծ ես քան մեր հայր Աբրահամը, որ մեռաւ եւ մարգարէներն էլ մեռան. Դու քեզ ո՞վ ես անում։
  • 55Յիսուսը պատասխանեց. Եթէ ես իմ անձը փառաւորեմ, իմ փառքը ոչինչ է. Հայրն է ինձ փառաւորողը, որի համար դուք ասում էք, թէ ձեր Աստուածն է.
  • 56Եւ դուք չէք ճանաչում նորան. Բայց ես գիտեմ նորան. Եւ եթէ ասեմ, թէ ես չ’գիտեմ նորան, ձեզ նման ստախօս կ’լինիմ. Բայց ես գիտեմ նորան, եւ նորա խօսքը պահում եմ։
  • 57Աբրահամ՝ ձեր հայրը ցանկացաւ, որ իմ օրը տեսնէ, եւ տեսաւ, եւ ուրախացաւ էլ։
  • 58Հրէաները նորան ասեցին. Դու դեռ յիսուն տարեկան չես, եւ Աբրահամի՞ն տեսար։
  • 59Յիսուսը նորանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Աբրահամի լինելուց առաջ եմ ես։
← Ցանկ