ՀՈՎՀԱՆՆԵՍ20
  • 1Եւ միաշաբաթի օրը Մարիամ Մագդաղենացին առաւօտանց՝ տակաւին մութ՝ գալիս է գերեզմանը, եւ տեսնում է քարը գերեզմանից վեր առած։
  • 2Ապա վազում է գալիս Սիմօն Պետրոսի եւ միւս աշակերտի մօտ, որին Յիսուսը սիրում էր, եւ ասում նորանց. Տիրոջը վեր առան գերեզմանիցը, եւ չ’գիտենք թէ որտեղ դրին նորան։
  • 3Եւ դուրս եկաւ Պետրոսը եւ միւս աշակերտը, եւ գալիս էին գերեզմանը։
  • 4Եւ երկուսը միասին վազում էին. Եւ միւս աշակերտը վազեց շուտով անցաւ Պետրոսիցը, եւ առաջ եկաւ գերեզմանը։
  • 5Եւ ծռելով տեսնում է կտաւները դրած. Բայց ներս չ’մտաւ։
  • 6Սիմօն Պետրոսն էլ հասաւ որ նորա ետեւից գալիս էր, եւ մտաւ գերեզմանը, եւ տեսնում է կտաւները դրած.
  • 7Եւ վարշամակը՝ որ նորա գլխի վերայ էր, կտաւների հետ չէր, այլ ջոկ ծալած մի առանձին տեղ։
  • 8Այն ժամանակ միւս աշակերտն էլ ներս մտաւ, նա որ առաջ էր գերեզմանը եկել, տեսաւ եւ հաւատաց։
  • 9Որովհետեւ տակաւին չ’գիտէին գիրքը, թէ Պէտք է նա մեռելներից յարութիւն առնէ։
  • 10Եւ աշակերտները դարձեալ իրանց տունը գնացին։
  • 11Բայց Մարիամը գերեզմանի մօտ կանգնած էր դուրսը եւ լաց էր լինում. Եւ լաց լինելիս ծռուեց մտիկ տուաւ գերեզմանի մէջ.
  • 12Եւ տեսնում է երկու հրեշտակ՝ սպիտակ հանդերձներով նստած, մէկը գլխի կողմին, եւ միւսը ոտների կողմին, որտեղ որ Յիսուսի մարմինը դրուած էր։
  • 13Եւ նորանք ասեցին նորան. Ով կին, ի՞նչու ես լաց լինում. Նորանց ասեց. Նորա համար որ իմ Տիրոջը վեր առան, եւ չ’գիտեմ՝ թէ ուր դրին նորան։
  • 14Եւ երբոր սա ասեց, դարձաւ իր յետին կողմը, եւ Յիսուսին տեսաւ՝ կանգնած. եւ չ’գիտէր թէ Յիսուսն է։
  • 15Յիսուսը նորան ասեց. Կին, ի՞նչու ես լաց լինում, ո՞ւմ ես որոնում. Նա էլ կարծելով թէ պարտիզպանն է, ասեց նորան. Տէր, եթէ դու վեր առար նորան, ասիր ինձ՝ ուր ես դրել նորան, որ ես վեր առնեմ նորան։
  • 16Յիսուսը նորան ասեց. Մարիամ. Եւ նա դարձաւ եւ ասեց նորան. Ռաբբունի, որ կ’թարգմանուի Վարդապետ։
  • 17Յիսուսը նորան ասեց. Մի դպչիր ինձ, որովհետեւ դեռ չեմ վեր ելլել իմ Հօր մօտ. Բայց դու գնա իմ եղբայրների մօտ, եւ նորանց ասիր. Ես վեր եմ ելնում իմ Հօր մօտ եւ ձեր Հօր մօտ, իմ Աստուծոյ մօտ եւ ձեր Աստուծոյ մօտ։
  • 18Մարիամ Մագդաղենացին գալիս է աշակերտներին պատմում, թէ նա տեսաւ Տիրոջը, եւ թէ նա այս բաներն իրան ասեց։
  • 19Եւ նոյն օրը, միաշաբաթի իրիկունը երբոր դռները փակուած էին, այնտեղ ուր որ աշակերտները ժողովուած էին Հրէաների վախիցը, Յիսուսը եկաւ եւ նորանց մէջ կանգնեց, եւ նորանց ասեց. Խաղաղութիւն ձեզ։
  • 20Եւ սա ասելով իր ձեռքերը եւ իր կողը ցոյց տուաւ նորանց. Եւ աշակերտներն ուրախացան՝ երբոր Տիրոջը տեսան։
  • 21Յիսուսը դարձեալ ասեց նորանց. Խաղաղութիւն ձեզ, ինչպէս իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։
  • 22Եւ սա ասելով փչեց նորանց վերայ եւ ասեց. Առէք Սուրբ Հոգին։
  • 23Որոնց մեղքը որ թողէք՝ թողուած կ’լինի նորանց. Որոնցը որ պահէք՝ պահուած կ’լինի։
  • 24Բայց Թովմասը՝ տասնեւերկուսից մէկը՝ Երկուորեակ կոչուածը նորանց հետ չէր, երբոր Յիսուսը եկաւ։
  • 25Միւս աշակերտներն ասում էին նորան, թէ Տիրոջը տեսանք. Իսկ նա ասեց նորանց, Եթէ նորա ձեռքերումն բեւեռների նշանը չ’տեսնեմ, եւ իմ մատը չ’դնեմ բեւեռների տեղը, եւ իմ ձեռքը չ’կոխեմ նորա կողը, չեմ հաւատալ։
  • 26Եւ ութ օրից յետոյ աշակերտները դարձեալ ներսումն էին, եւ Թովմասն էլ նորանց հետ. Յիսուսը՝ դռները փակ լինելով՝ եկաւ եւ նորանց միջումը կանգնեց եւ ասեց. Խաղաղութիւն ձեզ։
  • 27Յետոյ Թովմասին ասեց. Բեր քո մատը այստեղ, եւ տես իմ ձեռքերը, եւ քո ձեռքը բեր եւ իմ կողը կոխիր, եւ մի լինիր անհաւատ՝ այլ հաւատացեալ։
  • 28Եւ Թովմասը պատասխանեց եւ ասեց նորան. Ով իմ Տէրը, եւ ով իմ Աստուածը։
  • 29Յիսուսը նորան ասեց. Որովհետեւ տեսար ինձ՝ հաւատացիր. երանի նորանց, որ չեն տեսել եւ հաւատում են։
  • 30Յիսուսը ուրիշ էլ շատ նշաններ արաւ իր աշակերտների առաջին, որ չեն գրուած այս գրքումը։
  • 31Բայց սորանք գրուեցան՝ որ հաւատաք, թէ Յիսուսն է Քրիստոսը՝ Աստուծոյ Որդին. եւ որ հաւատալով կեանք ունենաք նորա անունովը։
← Ցանկ