ՀՈՎՀԱՆՆԵՍ19
  • 1Այն ժամանակ Պիղատոսն առաւ Յիսուսին եւ ծեծեց։
  • 2Եւ զինուորները փշերից պսակ շինեցին դրին նորա գլխին, եւ ծիրանի հանդերձ հագցրին նորան։
  • 4Պիղատոսը դարձեալ դուրս գնաց եւ նորանց ասեց. Ահա նորան դուրս եմ բերում ձեզ մօտ, որ գիտենաք թէ ես ոչ մի յանցանք չեմ գտնում նորանում։
  • 5Եւ Յիսուսը դուրս եկաւ, փշեղէն պսակը եւ ծիրանի հագուստը հագած. Եւ Պիղատոսը նորանց ասեց. Ահա այն մարդը։
  • 6Երբոր քահանայապետները եւ սպասաւորները նորան տեսան, աղաղակեցին՝ եւ ասեցին. Խաչիր, խաչիր։ Պիղատոսը նորանց ասեց. Դուք առէք դորան եւ խաչեցէք. Որովհետեւ ես յանցանք չեմ գտնում դորանում։
  • 7Հրէաները պատասխանեցին նորան. Մենք օրէնք ունինք, եւ մեր օրէնքի համեմատ պէտք է մեռնի. որովհետեւ իր անձն Աստուծոյ Որդի արաւ։
  • 8Երբոր Պիղատոսը այս խօսքը լսեց, էլ աւելի վախեցաւ։
  • 9Եւ դարձեալ մտաւ պալատը, եւ Յիսուսին ասեց. Դու ի՞նչ տեղից ես. եւ Յիսուսը չ’պատասխանեց նորան։
  • 10Պիղատոսն էլ ասեց նորան. Ինձ հետ չե՞ս խօսում. Մի՞թէ չ’գիտես, որ ես իշխանութիւն ունիմ քեզ խաչելու, եւ իշխանութիւն ունիմ քեզ արձակելու։
  • 11Յիսուսը պատասխանեց. Դու ոչինչ իշխանութիւն չէիր ունենալ ինձ վերայ, եթէ վերեւիցը տրուած չ’լինէր քեզ. Նորա համար՝ նա որ ինձ մատնեց քեզ, նորա մեղքն աւելի մեծ է։
  • 12Եւ նորանից յետոյ Պիղատոսը որոնում էր նորան արձակել. Բայց Հրէաներն աղաղակում էին եւ ասում. Եթէ դորան արձակես՝ կայսրի բարեկամ չես. ամեն ով որ իր անձը թագաւոր է կոչում, նա կայսրին հակառակ է խօսում։
  • 13Պիղատոսն էլ երբոր այս խօսքը լսեց, Յիսուսին դուրս բերաւ, եւ բեմի վերայ նստեց, այն տեղը՝ որ Քարայատակ էր կոչվում, եւ Եբրայեցերէն Կաբբաթա։
  • 14Եւ զատկի ուրբաթն էր՝ ժամը իբր վեցը, եւ Հրէաներին ասեց. Ահա ձեր թագաւորը։
  • 15Իսկ նորանք աղաղակում էին, Վեր առ, վեր առ՝ եւ խաչիր դորան. Պիղատոսը նորանց ասեց. Ձեր թագաւո՞րը խաչեմ։ Քահանայապետները պատասխանեցին. Մենք թագաւոր չ’ունինք բացի կայսրից։
  • 16Այն ժամանակ նորան տուաւ նորանց ձեռը, որ խաչուի։
  • 17Եւ նորանք առան տարան Յիսուսին. եւ խաչափայտն ինքը վերկալած, դուրս գնաց այն տեղը, որ Գագաթն էր ասվում, որ Եբրայեցերէն Գողգոթա է կոչվում։
  • 18Այնտեղ խաչ հանեցին նորան. Եւ նորա հետ երկու ուրիշին՝ այս կողմին եւ այն կողմին, եւ Յիսուսին՝ մէջտեղը։
  • 19Պիղատոսը մի տախտակ էլ գրեց, եւ խաչի վերայ դրաւ. Եւ գրուած էր. ՅԻՍՈՒՍ ՆԱԶՈՎՐԵՑԻ ԹԱԳԱՒՈՐ ՀՐԷԻՑ։
  • 20Եւ այս տախտակը Հրէաներից շատերը կարդացին. Որովհետեւ քաղաքին մօտ էր այն տեղը ուր որ Յիսուսը խաչուեցաւ. Եւ գրուած էր Եբրայեցերէն, Յունարէն եւ Լատիներէն։
  • 21Եւ Հրէաների քահանայապետներն ասեցին Պիղատոսին. Մի գրիր Հրէաների թագաւոր, այլ թէ Նա ասեց, թէ Թագաւոր եմ Հրէաների։
  • 22Պիղատոսը պատասխանեց. Ինչ որ գրեցի՝ գրեցի։
  • 23Բայց զինուորներն՝ երբոր Յիսուսին խաչ հանեցին, նորա հանդերձներն առան՝ եւ չորս բաժին արին, ամեն մէկ զինուորի համար մի բաժին. Բայց պատմուճանը՝ որովհետեւ առանց կարի էր, վերեւիցը վայր բոլորը հիւսուած.
  • 24Ուստի իրար ասեցին. Դորան չ’պատառենք, այլ վիճակ գցենք դորա վերայ, թէ ումը լինի. Որ գիրքը կատարուի, որ ասում է թէ իմ հանդերձներն իրանց մէջ բաժանեցին եւ իմ պատմուճանի վերայ վիճակ գցեցին. Եւ զինուորներն արին այդ բանը։
  • 25Եւ Յիսուսի խաչի մօտ կանգնած էին նորա մայրը, եւ նորա մօր քոյրը՝ Մարիամը Կղէովպայի կինը, եւ Մարիամ Մագդաղենացին։
  • 26Յիսուսն էլ տեսնելով իր մօրը եւ այն աշակերտին՝ որ սիրում էր, որ մօտիկ կանգնած էր, իր մօրն ասեց. Ով կին, ահա քո որդին։
  • 27Յետոյ ասեց աշակերտին. Ահա քո մայրը. Եւ այն ժամանակից այն աշակերտն իրան մօտ առաւ նորան։
  • 28Սորանից յետոյ Յիսուսն իմանալով, որ ամեն բան արդէն լրացած է, որպէս զի գրուածը կատարուի՝ ասեց. Ծարաւ եմ։
  • 29Եւ մի աման կար քացախով լիքն. Եւ նորանք մի սպունգ լցրին քացախով եւ զոպայի մշտիկի վերայ դրած նորա բերանին մօտեցրին։
  • 30Եւ երբոր Յիսուսը քացախն առաւ՝ ասեց. Կատարուած է. Եւ գլուխը խոնարհեցրեց՝ հոգին աւանդեց։
  • 31Բայց Հրէաները, որովհետեւ ուրբաթ օր էր, որպէս զի մարմինները չ’մնան խաչի վերայ շաբաթ օրը, որովհետեւ այն շաբաթ օրը մեծ էր, Պիղատոսին աղաչեցին, որ նորանց սրունքները ջարդեն, եւ վեր առնուին։
  • 32Զինուորներն էլ եկան եւ առաջինի սրունքները ջարդեցին, այնպէս էլ միւսինը որ նորա հետ խաչուած էր։
  • 33Բայց երբոր Յիսուսի մօտ եկան եւ տեսան նորան արդէն մեռած, նորա սրունքները չ’ջարդեցին։
  • 34Այլ զինուորներից մէկը գեղարդով նորա կողը խոցեց. եւ շուտով արիւն եւ ջուր դուրս եկաւ։
  • 35Եւ նա որ այս տեսաւ՝ վկայեց. Եւ նորա վկայութիւնը ճշմարիտ է. Եւ նա գիտէ որ ճշմարիտ է ասում, որ դուք հաւատաք։
  • 36Որովհետեւ այս բաները եղան, որ գրուածը կատարուի, թէ Նորա ոսկորը չ’պիտի փշրուի։
  • 37Եւ դարձեալ մի ուրիշ գրուած ասում է, թէ Մտիկ կ’տան նորան, որ խոցեցին։
  • 38Սորանից յետոյ Պիղատոսին աղաչեց Յովսէփը, որ Արիմաթիայիցն էր, (որ աշակերտ լինելով Յիսուսին, բայց Հրէից վախի պատճառովը ծածկուած էր) որ Յիսուսի մարմինը վեր առնէ. Եւ Պիղատոսը հրաման տուաւ. Եւ նա եկաւ եւ վեր առաւ Յիսուսի մարմինը։
  • 39Նիկոդեմոսն էլ եկաւ՝ (որ առաջ Յիսուսի մօտ էր եկել գիշերով.) եւ զմուռս բերաւ հալուէի հետ խառնած՝ հարիւր լիտրի չափ։
  • 40Եւ Յիսուսի մարմինն առան, եւ այն խնկերի հետ կտաւներով պատեցին, ինչպէս Հրէաներին օրէնք էր պատել։
  • 41Եւ այն տեղը, ուր որ խաչուեցաւ, մի պարտէզ կար, եւ այն պարտէզումը մի նոր գերեզման, որ նորանում երբէք ոչ ոք չէր դրուած։
  • 42Եւ այնտեղ դրին Յիսուսին Հրէաների ուրբաթի համար, որովհետեւ գերեզմանը մօտ էր։
← Ցանկ