ՀՈՎՀԱՆՆԵՍ14
- 1Ձեր սիրտերը թող չ’խռովին. Աստուծուն հաւատացէք, եւ ինձ հաւատացէք։
- 2Իմ Հօր տանը շատ բնակարաններ կան. Ապա թէ ոչ ես ձեզ կ’ասէի. Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։
- 3Եւ եթէ գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձեալ կ’գամ եւ ձեզ ինձ մօտ կ’առնեմ. որ ուր ես եմ, դուք էլ լինիք,
- 4Եւ որ տեղ որ ես գնում եմ՝ գիտէք, եւ ճանապարհը գիտէք։
- 5Թովմասը նորան ասեց. Տէր, մենք չ’գիտենք թէ որ տեղ ես գնում. Եւ ի՞նչպէս կարող ենք ճանապարհը գիտենալ։
- 6Յիսուսը նորան ասեց. Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով։
- 7Եթէ ինձ գիտենայիք, իմ Հօրն էլ կ’գիտենայիք. Եւ սորանից յետոյ կ’գիտենաք նորան եւ տեսաք նորան։
- 8Փիլիպպոսը նորան ասեց. Տէր, Հայրը ցոյց տուր մեզ, եւ բաւական է մեզ։
- 9Յիսուսը նորան ասեց. Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, եւ ինձ չ’ճանաչեցի՞ր, Փիլիպպոս. ինձ տեսնողը Հօրը տեսաւ. Եւ դու ի՞նչպէս ես ասում. Հայրը ցոյց տուր մեզ։
- 10Չե՞ս հաւատում, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրն ինձանում է. Այն բանն՝ որ ես խօսում եմ ձեզ հետ, իմ անձիցը չեմ խօսում. Բայց Հայրը՝ որ ինձանում բնակած է, նա է գործում այդ գործերը։
- 11Հաւատացէք ինձ, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրն ինձանում է։
- 12Ապա թէ ոչ, իսկ այն գործերի համար հաւատացէք ինձ. ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ինձ հաւատացողը այն գործերն որ ես գործում եմ, նա էլ կ’գործէ, եւ նորանցից էլ աւելի մեծ բաներ կ’գործէ. Որովհետեւ ես իմ Հօր մօտ եմ գնում։
- 13Եւ ինչ որ էլ խնդրէք իմ անունովը, այն կ’անեմ, որ Հայրը փառաւորուի Որդումը։
- 14Եթէ իմ անունովը մի բան խնդրէք, ես կ’անեմ։
- 15Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք։
- 16Եւ ես Հօրը կ’աղաչեմ եւ ուրիշ Մխիթարիչ կ’տայ ձեզ. Որ մնայ ձեզ հետ յաւիտեան։
- 17Ճշմարտութեան Հոգին, որին աշխարհքս կարող չէ ընդունել. Որ չէ տեսնում նորան. Եւ ոչ. Էլ ճանաչում նորան. Բայց դուք նորան ճանաչում էք, որովհետեւ ձեզ մօտ է մնում եւ ձեզ հետ կ’լինի։
- 18Ձեզ որբ չեմ թողիլ. կ’գամ ձեզ մօտ։
- 19Մի փոքր ժամանակ էլ, եւ աշխարհքն էլ չի տեսնիլ ինձ, բայց դուք կ’տեսնէք ինձ. որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի կ’լինիք։
- 20Այն օրը դուք կ’ճանաչէք, որ ես իմ Հօր մէջ եմ, եւ դուք ինձանում, եւ ես ձեզանում։
- 21Ով որ իմ պատուիրանքներն ունի եւ նորանց պահում է, նա է ինձ սիրողը. Եւ ինձ սիրողն իմ Հօրիցը կ’սիրուի. Եւ ես կ’սիրեմ նորան, եւ ինձ կ’յայտնեմ նորան։
- 22Ասեց նորան Յուդան՝ ոչ թէ Իսկարիովտացին. Տէր, ի՞նչ է, որ մեզ կ’յայտնես քեզ՝ եւ աշխարհքին ոչ։
- 23Յիսուսը պատասխանեց եւ նորան ասեց. Եթէ մէկն ինձ սիրում է, իմ խօսքը կ’պահէ եւ իմ Հայրը կ’սիրէ նորան. եւ նորա մօտը կ’գանք եւ բնակութիւն կ’անենք նորա մօտ։
- 24Ինձ չ’սիրողը իմ խօսքերը չէ պահում. եւ այն խօսքը որ լսում էք՝ իմը չէ, այլ ինձ ուղարկող Հօրը։
- 25Այս խօսեցի ձեզ հետ՝ քանի որ ձեզ մօտ եմ։
- 26Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կ’ուղարկէ իմ անունովը, նա ամեն բան կ’սովորեցնէ ձեզ, եւ կ’յիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի։
- 27Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. Ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չ’խռովի եւ չ’վախենայ։
- 28Լսեցիք, որ ես ասեցի ձեզ, թէ Գնում եմ, եւ կ’գամ ձեզ մօտ. եթէ ինձ սիրէիք, ապա ուրախ կ’լինէիք՝ որ ասեցի, Հօր մօտ եմ գնում. որովհետեւ իմ Հայրը մեծ է ինձանից։
- 29Եւ հիմա ասեցի ձեզ՝ լինելուց առաջ. Որ երբոր լինի, հաւատաք։
- 30Այլ եւս շատ չեմ խօսիլ ձեզ հետ, որովհետեւ այս աշխարհքի իշխանը գալիս է, եւ ինձանում ոչինչ չ’ունի։
- 31Այլ որպէս զի աշխարհքը իմանայ, թէ ես սիրում եմ Հօրը. եւ ինչպէս Հայրը պատուիրեց ինձ, այնպէս եմ անում. Վեր կացէք, գնանք այս տեղից։