ՀՈՎՀԱՆՆԵՍ12
  • 1Եւ Յիսուսը զատկից վեց օր առաջ եկաւ Բեթանիա, որտեղ մեռած Ղազարոսն էր, որին մեռելներից յարութիւն տուաւ։
  • 2Եւ այնտեղ հացկերութիւն արին նորա համար. Եւ Մարթան ծառայում էր, եւ Ղազարոսը նորա հետ սեղան նստողներից մէկն էր։
  • 3Մարիամն էլ մի լիտր նարդոսի ազնիւ մեծագին իւղ առաւ, Յիսուսի ոտները օծեց, եւ իր մազերովը սրբում էր նորա ոտները. Եւ տունը լցուեցաւ իւղի հոտովը։
  • 4Եւ ասեց նորա աշակերտներից մէկը՝ Յուդա Սիմօնեան Իսկարիովտացին, որ նորան մատնելու էր՝
  • 5Ի՞նչու համար այդ իւղը երեք հարիւր դենարի չ’ծախուեցաւ, եւ աղքատներին տրուեցաւ։
  • 6Բայց սա ասեց, ոչ թէ որովհետեւ աղքատների համար նորա հոգն էր. Այլ որ գող էր՝ եւ քսակը ունէր, եւ ընկածը պահում էր։
  • 7Յիսուսն էլ ասեց. Թոյլ տուր դորան, նա իմ պատանքի օրուան համար էր պահել այդ։
  • 8Որովհետեւ աղքատներին միշտ ձեզ հետ ունիք. Բայց ինձ միշտ չ’ունիք։
  • 9Եւ Հրէաներից շատ ժողովուրդ գիտաց, թէ նա այնտեղ է, եւ եկան, ոչ թէ միայն Յիսուսի համար, այլ որ Ղազարոսին էլ տեսնեն, որին մեռելներից յարութիւն տուաւ։
  • 11Որովհետեւ Հրէաներից շատերը նորա պատճառովը գնում էին եւ հաւատում էին Յիսուսին։
  • 12Նորա հետեւեալ օրը շատ ժողովուրդ, որ եկել էին տօնին, երբոր լսեցին, թէ Յիսուսը գալիս է Երուսաղէմ,
  • 13Արմաւի ծառերի ճղեր առան, եւ դուրս գնացին նորա առաջին, աղաղակում էին. Ովսաննայ, օրհնեալ է նա որ Տիրոջ անունովը գալիս է, Իսրայէլի թագաւորը։
  • 14Եւ Յիսուսը մի աւանակ գտաւ, եւ նորա վերայ նստեց. Ինչպէս գրուած է՝ թէ
  • 15Մի վախենար, Սիօնի աղջիկ, ահա քո թագաւորը գալիս է՝ էշի աւանակի վերայ նստած։
  • 16Եւ նորա աշակերտներն առաջ չ’իմացան այս բաները. բայց երբ որ Յիսուսը փառաւորուեցաւ՝ այն ժամանակ յիշեցին, թէ այս նորա համար գրուած էր. Եւ այն բանը արին նորան։
  • 17Եւ ժողովուրդը՝ որ նորա հետ էր, վկայում էր, թէ Ղազարոսին գերեզմանիցը դուրս կանչեց. Եւ մեռելներից յարութիւն տուաւ նորան։
  • 18Եւ նորա համար էլ ժողովուրդը գնաց նորա առաջին, որ լսեցին թէ նա արել էր այն նշանը։
  • 19Բայց Փարիսեցիներն իրար մէջ ասում էին. Տեսնո՞ւմ էք, որ ոչինչ օգուտ չ’ունիք. Ահա աշխարհքը նորա ետեւից գնաց։
  • 20Եւ կային ոմանք Հելլենացիք՝ նորանցից, որ եկել էին այնտեղ, որ երկրպագեն այն տօնումը։
  • 21Նորանք եկան Փիլիպպոսի մօտ որ Գալիլեայի Բեթսայիդայիցն էր, նորան խնդրում էին եւ ասում. Տէր, կամենում ենք Յիսուսին տեսնել։
  • 22Փիլիպպոսը գալիս է Անդրէասին ասում. Անդրէասը եւ Փիլիպպոսը ասում են Յիսուսին։
  • 23Յիսուսն էլ պատասխանեց նորանց՝ եւ ասեց. Ժամը հասաւ, որ մարդի Որդին փառաւորուի։
  • 24Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. եթէ ցորենի հատը հողի մէջ չ’ընկնի եւ մեռնի, ինքը մինակ կ’մնայ. Բայց եթէ մեռնի, շատ պտուղ կ’բերէ։
  • 25Իր անձը սիրողը՝ կ’կորցնէ նորան, եւ իր անձն ատողը այս աշխարհքումը, յաւիտենական կեանքի մէջ կ’պահէ նորան։
  • 26Եթէ մէկը ծառայէ ինձ, թող նա իմ ետեւից գայ. Եւ ուր ես եմ, այնտեղ էլ իմ պաշտօնեան կ’լինի. Եթէ մէկը ծառայէ ինձ, Հայրը կ’պատուէ նորան։
  • 27Հիմա իմ անձը խռոված է. Եւ ի՞նչ ասեմ. Հայր, ազատիր ինձ այս ժամիցը. սակայն իսկ սորա համար եկայ այս ժամի մէջ։
  • 28Հայր, փառաւորիր քո անունը։ Եւ երկնքիցը ձայն եկաւ, թէ Փառաւորեցի էլ եւ դարձեալ կ’փառաւորեմ։
  • 29Եւ ժողովուրդը, որ կանգնած էր եւ լսում էր, ասում էին, Որոտմունք եղաւ. Ուրիշներն ասում էին. Հրեշտակ խօսեց նորա հետ։
  • 30Յիսուսը պատասխանեց եւ ասեց. Այս ձայնը ոչ թէ ինձ համար եղաւ, այլ ձեզ համար։
  • 31Հիմա դատաստան է այս աշխարհքի. հիմա այս աշխարհքի իշխանը դուրս կ’գցուի։
  • 32Եւ ես երբոր բարձրանամ երկրիցը, ամենքին կ’քաշեմ ինձ մօտ։
  • 33Եւ այս ասում էր, որ ցոյց տայ, թէ ինչպիսի մահով պիտի մեռնի։
  • 34Ժողովուրդը պատասխանեց նորան. Մենք օրէնքիցը լսեցինք, թէ Քրիստոսը յաւիտեան կ’կենայ. Եւ դու ի՞նչպէս ես ասում, թէ պէտք է մարդի Որդին բարձրանայ. Ո՞վ է այն մարդի Որդին։
  • 35Յիսուսն էլ ասեց նորանց. Մի քիչ ժամանակ դեռ լոյսը ձեզ հետ է. գնացէք, քանի որ լոյսն ունիք, որ խաւարը ձեզ չ’հասնէ. Եւ խաւարումը գնացողը չ’գիտէ, թէ ո՞ւր է գնում։
  • 36Քանի որ լոյսն ունիք, հաւատացէք լոյսին, որ լոյսի որդիք լինիք։ Յիսուսը այս բանը խօսեց, եւ գնաց թագցուեցաւ նորանցից։
  • 37Եւ թէպէտ նա այնքան նշաններ արել էր նորանց առաջին, նորանք չէին հաւատում նորան.
  • 38Որ Եսայիա մարգարէի խօսքը կատարուի, որ ասեց. Տէր, ո՞վ հաւատաց մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեցաւ։
  • 39Նորա համար չէին կարողանում հաւատալ. Որ Եսայիան դարձեալ ասում է.
  • 40Նորանց աչքերը կուրացրեց, եւ նորանց սրտերը թմրացրեց, որ աչքով չ’տեսնեն, եւ սրտով չիմանան, եւ դառնան՝ եւ ես բժշկեմ նորանց։
  • 41Եսայիան սա ասեց, երբոր նորա փառքը տեսաւ, եւ նորա համար խօսեց։
  • 42Բայց եւ այնպէս իշխաններիցը շատերը հաւատացին նորան. սակայն Փարիսեցիների պատճառովը չէին դաւանում, որ ժողովարանիցը դուրս չ’գցուին։
  • 43Որովհետեւ մարդկանց փառքն աւելի սիրեցին քան թէ Աստուծոյ փառքը։
  • 44Եւ Յիսուսը աղաղակում էր եւ ասում. Ինձ հաւատացողը չէ թէ ինձ է հաւատում, այլ ինձ ուղարկողին։
  • 45Եւ ինձ տեսնողը, ինձ ուղարկողին է տեսնում։
  • 46Ես լոյս եկայ աշխարհքը, որ ամեն ինձ հաւատացողը խաւարի մէջ չ’մնայ։
  • 47Եւ եթէ մէկն իմ խօսքերին լսէ եւ չ’հաւատայ, ես չեմ դատիլ նորան. որովհետեւ ես չ’եկայ որ աշխարհքը դատեմ, այլ որ փրկեմ աշխարհքը։
  • 48Ինձ անարգողը եւ իմ խօսքերը չ’ընդունողը ունի իրան դատողին. այն խօսքն՝ որ ես խօսեցի, նա կ’դատէ նորան յետին օրը։
  • 49Որովհետեւ ես իմ անձիցը չ’խօսեցի. Բայց ինձ ուղարկող Հայրը, նա պատուէր տուաւ ինձ, թէ ինչ պիտի ասեմ եւ ինչ պիտի խօսեմ։
  • 50Եւ գիտեմ, որ նորա պատուիրանքը յաւիտենական կեանք է. Ուրեմն ինչ որ ես խօսում եմ, ինչպէս Հայրն ասեց ինձ՝ այնպէս եմ խօսում։
← Ցանկ