ՂՈՒԿԱՍ9
  • 1Եւ իր տասնեւերկու աշակերտներին մէկտեղ կանչեց, եւ նորանց զօրութիւն եւ իշխանութիւն տուաւ բոլոր դեւերի վերայ, եւ հիւանդութիւններ բժշկելու։
  • 2Եւ նորանց ուղարկեց Աստուծոյ արքայութիւնը քարոզելու, եւ հիւանդներին բժշկելու։
  • 3Եւ ասեց նորանց. Ոչինչ վեր չ’առնէք ճանապարհի համար. Ոչ գաւազան, ոչ պարկ, ոչ հաց, ոչ արծաթ, ոչ երկու երկու վերարկու ունենալ։
  • 4Եւ ո՛ր տուն որ մտնէք՝ այնտեղ մնացէք, եւ այնտեղից դուրս գնացէք։
  • 5Եւ որոնք որ ձեզ չ’ընդունեն, այն քաղաքիցը դուրս գնալիս, ձեր ոտներիցը փոշին էլ թօթափեցէք՝ նորանց վկայութիւն լինելու համար։
  • 6Եւ նորանք դուրս գնացին՝ եւ ման էին գալիս գիւղերը աւետարանը քարոզելով, եւ ամեն տեղ բժշկութիւններ անելով։
  • 7Եւ Հերովդէս չորրորդապետը լսեց նորանից եղած բոլոր գործերը. Եւ տարակուսանաց մէջ էր նորա համար՝ որ ոմանք ասում էին,
  • 8Թէ Յովհաննէսը մեռելներից յարութիւն է առել, եւ ոմանք էլ, թէ Եղիան յայտնուել է. Եւ ուրիշները, թէ Առաջի մարգարէներից մէկը յարութիւն է առել.
  • 9Եւ Հերովդէսն ասեց. Յովհաննէսին գլխատեցի. Բայց սա ո՞վ է, որի մասին ես այսպիսի բաներ եմ լսում. եւ ուզում էր տեսնել նորան։
  • 10Եւ առաքեալները դարձան եւ պատմեցին նորան ինչ որ արին. Եւ նորանց առաւ եւ գնաց առանձին մի անապատ տեղ՝ մի քաղաքի մօտ, որ կոչվում էր Բեթսայիդա։
  • 11Եւ ժողովուրդներն իմանալով, նորա ետեւից գնացին. Եւ նորանց ընդունեց եւ նորանց հետ Աստուծոյ արքայութեան մասին խօսում էր, եւ նորանց՝ որ բժշկութեան կարօտ էին՝ բժշկում էր։
  • 12Եւ օրն սկսեց տարաժամել. Տասնեւերկուքն էլ մօտ եկան եւ ասեցին նորան. Արձակիր այդ ժողովուրդը, որ շրջակայ գիւղերը եւ ագարակները գնան, իջեւանեն, եւ կերակուր գտնեն. Որովհետեւ այստեղ անապատ տեղում ենք։
  • 13Եւ նորանց ասեց. Դուք տուէք դորանց ուտել. Նորանք էլ ասեցին. Մենք հինգ հացից եւ երկու ձկնից աւելի չ’ունինք, եթէ ոչ՝ գնանք այդ բոլոր ժողովրդի համար կերակուր գնենք։
  • 14Որովհետեւ հինգ հազարի չափ մարդիկ էին։ Եւ նա իր աշակերտներին ասեց. Նստեցրէք դորանց դաս դաս յիսուն յիսուն։
  • 15Եւ այնպէս արին, եւ ամենքին նստեցրին։
  • 16Եւ այն հինգ հացն եւ երկու ձուկն առաւ, դէպի երկինքը նայեց, օրհնեց նորանց եւ կտրեց, եւ տալիս էր աշակերտներին, որ ժողովրդի առաջին դնեն։
  • 17Ամենքը կերան եւ կշտացան. Եւ կտորների փշրանքները վեր առան տասնեւերկու քթոց։
  • 18Եւ եղաւ, երբոր նա առանձին աղօթք էր անում, աշակերտներն էլ նորա հետ էին. Եւ հարցրեց նորանց եւ ասեց. Ժողովուրդներն ինձ համար ո՞վ են ասում, թէ լինեմ։
  • 19Նորանք էլ պատասխանեցին եւ ասեցին. Յովհաննէս Մկրտիչը, ուրիշներն էլ՝ Եղիան, ուրիշներն էլ, թէ Առաջի մարգարէներից մէկը յարութիւն է առել։
  • 20Եւ նորանց ասեց. Բայց դուք ո՞վ էք ասում ինձ համար թէ լինեմ. Պետրոսը պատասխանեց եւ ասեց. Աստուծոյ Քրիստոսը։
  • 21Նա էլ սաստեց նորանց, եւ պատուիրեց՝ որ այս բանը ոչ ոքի չ’ասեն։
  • 22Եւ ասեց, թէ Պէտք է մարդի Որդին շատ չարչարուի եւ անարգուի ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը, եւ սպանուի եւ երրորդ օրումը յարութիւն առնէ։
  • 23Եւ ամենքին ասում էր, Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ ամեն օր իր խաչն առնէ եւ իմ ետեւից գայ։
  • 24Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել՝ կ’կորցնէ նորան. Եւ ով որ իր անձն կորցնէ ինձ համար՝ նա կ’ապրեցնէ նորան։
  • 25Քանզի ի՞նչ օգուտ է մարդի, որ բոլոր աշխարհքս ստանայ, եւ իր անձը կորցնէ, կամ վնասուի։
  • 26Որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերն ամօթ համարէ, մարդի Որդին էլ նորան ամօթ կ’համարէ, երբոր գայ իր, եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքովը։
  • 27Բայց ճշմարիտ ասում եմ ձեզ. Այստեղ կանգնածներիցը ոմանք կան, որ մահ չեն ճաշակիլ, մինչեւ որ Աստուծոյ արքայութիւնը տեսնեն։
  • 28Եւ եղաւ, որ այս խօսքերիցն ութ օրի չափ յետոյ, Պետրոսին եւ Յովհաննէսին եւ Յակոբին առաւ՝ եւ վեր ելաւ սարը աղօթք անելու։
  • 29Եւ եղաւ որ նա աղօթք անելիս, նորա երեսի կերպարանքն ուրիշ կերպ եղաւ. Եւ նորա հագուստը սպիտակ փայլուն եղաւ։
  • 30Եւ ահա երկու մարդ խօսում էին նորա հետ, որ Մովսէսն եւ Եղիան էին.
  • 31Նորանք փառքով երեւեցած խօսում էին նորա վախճանի համար, որ Երուսաղէմումը կատարուելու էր։
  • 32Բայց Պետրոսը եւ նորա հետ լինողները քնով ծանրացած էին, եւ երբոր զարթնեցին՝ տեսան նորա փառքը, եւ այն երկու մարդկանցը որ նորա մօտ կանգնած էին։
  • 33Եւ եղաւ որ նորանք նորանից հեռանալիս, Պետրոսն ասեց Յիսուսին. Վարդապետ, լաւ է մեզ համար այստեղ կենալ. Եւ երեք տաղաւար շինենք, մէկը քեզ համար, եւ մէկը Մովսէսին, եւ մէկը Եղիային. Եւ չ’գիտէր թէ ինչ էր խօսում։
  • 34Եւ երբոր նա այս ասում էր մի ամպ եկաւ եւ նորանց վերայ հովանի արաւ. Եւ վախեցան, երբոր այն ամպի մէջ մտան։
  • 35Եւ ձայն եղաւ ամպիցն, որ ասեց. Դա է իմ սիրելի Որդին, դորան լսեցէք։
  • 36Եւ այն ձայնն որ եղաւ, Յիսուսը մինակ գտնուեցաւ. Եւ նորանք լռեցին, եւ այն օրերումն ոչ ոքի ոչինչ չ’պատմեցին այն բաներիցն, որ տեսան։
  • 37Եւ հետեւեալ օրը եղաւ որ նորանք սարիցն իջնելիս, շատ ժողովուրդ նորա առաջին եկաւ։
  • 38Եւ ահա ժողովրդիցը մի մարդ աղաղակեց եւ ասեց. Վարդապետ, աղաչում եմ քեզ, մտիկ տուր իմ որդուն, որովհետեւ միածնունդս է։
  • 39Եւ ահա ոգի բռնում է նորան, եւ նա յանկարծ գոռում է, եւ նորան գետնով է տալիս փրփրեցնելով, եւ հազիւ հեռանում է նորանից՝ նորան կոտրատելուց յետոյ։
  • 40Եւ ես քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն նորան, բայց չ’կարողացան։
  • 41Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Ով անհաւատ եւ թիւր ազգ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ եւ համբերեմ ձեզ. Քո որդին այստեղ բեր։
  • 42Եւ նա դեռ մօտ գալիս՝ դեւը գետնով զարկեց նորան եւ շատ սաստիկ թափահարեց։
  • 43Իսկ Յիսուսը սաստեց պիղծ ոգուն, եւ երեխային բժշկեց. Եւ նորան տուաւ իր հօրը։
  • 45Բայց նորանք չէին իմանում այն խօսքը եւ ծածկուած էր նորանցից, որ չ’հասկանան նորան. Եւ վախենում էին հարցնել նորան այն բանի համար։
  • 46Մի խորհուրդ էլ մտաւ նորանց մէջ՝ այն թէ՝ նորանցից ո՞վ լինի մեծը։
  • 47Յիսուսն էլ նորանց սրտերի մտածմունքներն իմանալով մի երեխայ առաւ՝ եւ նորան կանգնեցրեց իրան մօտ,
  • 48Եւ ասեց նորանց. Ով որ այս երեխային ընդունի իմ անունովը, ինձ է ընդունում. Եւ ով որ ինձ ընդունի, ինձ ուղարկողին է ընդունում. Որովհետեւ ով որ ձեր ամենիդ մէջ փոքրագոյն է, նա մեծ կ’լինի։
  • 49Յովհաննէսն էլ պատասխանեց եւ ասեց. Վարդապետ, մէկը տեսանք, որ քո անունովը դեւեր էր հանում, եւ արգիլեցինք նորան, որովհետեւ մեզ հետ չէ ման գալիս։
  • 50Եւ Յիսուսը նորանց ասեց. Մի արգիլեք նորան. որովհետեւ ով որ մեզ հակառակ չէ, մեր կողմն է։
  • 51Եւ եղաւ, երբոր նորա վերանալու օրերը կատարվում էին, նա իր երեսը հաստատեց՝՝ որ գնայ Երուսաղէմ։
  • 52Եւ իր երեսի առաջին պատգամաւորներ ուղարկեց. Եւ գնացին՝ Սամարացիների մի գիւղը մտան, որ նորա համար բան պատրաստեն։
  • 53Բայց նորանք չ’ընդունեցին նորան, որ նորա երեսը ուղղուած էր Երուսաղէմ գնալու։
  • 54Երբոր նորա աշակերտները՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը տեսան՝ ասեցին. Տէր՝ կամենո՞ւմ ես ասենք, կրակ իջնէ երկնքիցը եւ նորանց սատկեցնէ ինչպէս Եղիան էլ արաւ։
  • 55Նա էլ դարձաւ՝ սաստեց նորանց եւ ասեց. Դուք չ’գիտէք՝ թէ ո՛ր հոգու էք դուք։
  • 56Որովհետեւ մարդի Որդին չ’եկաւ՝ մարդկանց հոգիները կորցնելու, այլ ապրեցնելու. Եւ գնացին ուրիշ գիւղ։
  • 57Եւ եղաւ որ նորանք գնալիս, ճանապարհին մի մարդ նորան ասեց. Ես քո ետեւիցը կ’գամ՝ ո՛րտեղ որ գնաս, Տէր։
  • 58Յիսուսն էլ նորան ասեց. Աղուէսները որջեր ունին, եւ երկնքի թռչունները բոյներ. Բայց մարդի Որդին տեղ չ’ունի, որ գլուխը դնէ։
  • 59Մի ուրիշին էլ ասեց. Իմ ետեւիցն եկ. Եւ նա ասեց. Տէր, հրաման տուր, որ գնամ առաջ իմ հայրը թաղեմ։
  • 60Յիսուսը նորան ասեց. Թող մեռելներն իրանց մեռելներին թաղեն. Իսկ դու գնա Աստուծոյ արքայութիւնը քարոզիր։
  • 61Մի ուրիշն էլ ասեց. Տէր, քո ետեւից կ’գամ. Միայն թէ առաջ հրաման տուր ինձ, որ իմ տանը բարեւ մնա ասեմ։
  • 62Յիսուսն էլ նորան ասեց. Ոչ ով որ ձեռքը մաճի վերայ է դնում եւ ետեւին մտիկ անում, յարմար չէ Աստուծոյ արքայութեան համար։
← Ցանկ