ՂՈՒԿԱՍ9
- 1Եւ իր տասնեւերկու աշակերտներին մէկտեղ կանչեց, եւ նորանց զօրութիւն եւ իշխանութիւն տուաւ բոլոր դեւերի վերայ, եւ հիւանդութիւններ բժշկելու։
- 2Եւ նորանց ուղարկեց Աստուծոյ արքայութիւնը քարոզելու, եւ հիւանդներին բժշկելու։
- 3Եւ ասեց նորանց. Ոչինչ վեր չ’առնէք ճանապարհի համար. Ոչ գաւազան, ոչ պարկ, ոչ հաց, ոչ արծաթ, ոչ երկու երկու վերարկու ունենալ։
- 4Եւ ո՛ր տուն որ մտնէք՝ այնտեղ մնացէք, եւ այնտեղից դուրս գնացէք։
- 5Եւ որոնք որ ձեզ չ’ընդունեն, այն քաղաքիցը դուրս գնալիս, ձեր ոտներիցը փոշին էլ թօթափեցէք՝ նորանց վկայութիւն լինելու համար։
- 6Եւ նորանք դուրս գնացին՝ եւ ման էին գալիս գիւղերը աւետարանը քարոզելով, եւ ամեն տեղ բժշկութիւններ անելով։
- 7Եւ Հերովդէս չորրորդապետը լսեց նորանից եղած բոլոր գործերը. Եւ տարակուսանաց մէջ էր նորա համար՝ որ ոմանք ասում էին,
- 8Թէ Յովհաննէսը մեռելներից յարութիւն է առել, եւ ոմանք էլ, թէ Եղիան յայտնուել է. Եւ ուրիշները, թէ Առաջի մարգարէներից մէկը յարութիւն է առել.
- 9Եւ Հերովդէսն ասեց. Յովհաննէսին գլխատեցի. Բայց սա ո՞վ է, որի մասին ես այսպիսի բաներ եմ լսում. եւ ուզում էր տեսնել նորան։
- 10Եւ առաքեալները դարձան եւ պատմեցին նորան ինչ որ արին. Եւ նորանց առաւ եւ գնաց առանձին մի անապատ տեղ՝ մի քաղաքի մօտ, որ կոչվում էր Բեթսայիդա։
- 11Եւ ժողովուրդներն իմանալով, նորա ետեւից գնացին. Եւ նորանց ընդունեց եւ նորանց հետ Աստուծոյ արքայութեան մասին խօսում էր, եւ նորանց՝ որ բժշկութեան կարօտ էին՝ բժշկում էր։
- 12Եւ օրն սկսեց տարաժամել. Տասնեւերկուքն էլ մօտ եկան եւ ասեցին նորան. Արձակիր այդ ժողովուրդը, որ շրջակայ գիւղերը եւ ագարակները գնան, իջեւանեն, եւ կերակուր գտնեն. Որովհետեւ այստեղ անապատ տեղում ենք։
- 13Եւ նորանց ասեց. Դուք տուէք դորանց ուտել. Նորանք էլ ասեցին. Մենք հինգ հացից եւ երկու ձկնից աւելի չ’ունինք, եթէ ոչ՝ գնանք այդ բոլոր ժողովրդի համար կերակուր գնենք։
- 14Որովհետեւ հինգ հազարի չափ մարդիկ էին։ Եւ նա իր աշակերտներին ասեց. Նստեցրէք դորանց դաս դաս յիսուն յիսուն։
- 15Եւ այնպէս արին, եւ ամենքին նստեցրին։
- 16Եւ այն հինգ հացն եւ երկու ձուկն առաւ, դէպի երկինքը նայեց, օրհնեց նորանց եւ կտրեց, եւ տալիս էր աշակերտներին, որ ժողովրդի առաջին դնեն։
- 17Ամենքը կերան եւ կշտացան. Եւ կտորների փշրանքները վեր առան տասնեւերկու քթոց։
- 18Եւ եղաւ, երբոր նա առանձին աղօթք էր անում, աշակերտներն էլ նորա հետ էին. Եւ հարցրեց նորանց եւ ասեց. Ժողովուրդներն ինձ համար ո՞վ են ասում, թէ լինեմ։
- 19Նորանք էլ պատասխանեցին եւ ասեցին. Յովհաննէս Մկրտիչը, ուրիշներն էլ՝ Եղիան, ուրիշներն էլ, թէ Առաջի մարգարէներից մէկը յարութիւն է առել։
- 20Եւ նորանց ասեց. Բայց դուք ո՞վ էք ասում ինձ համար թէ լինեմ. Պետրոսը պատասխանեց եւ ասեց. Աստուծոյ Քրիստոսը։
- 21Նա էլ սաստեց նորանց, եւ պատուիրեց՝ որ այս բանը ոչ ոքի չ’ասեն։
- 22Եւ ասեց, թէ Պէտք է մարդի Որդին շատ չարչարուի եւ անարգուի ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը, եւ սպանուի եւ երրորդ օրումը յարութիւն առնէ։
- 23Եւ ամենքին ասում էր, Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ ամեն օր իր խաչն առնէ եւ իմ ետեւից գայ։
- 24Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել՝ կ’կորցնէ նորան. Եւ ով որ իր անձն կորցնէ ինձ համար՝ նա կ’ապրեցնէ նորան։
- 25Քանզի ի՞նչ օգուտ է մարդի, որ բոլոր աշխարհքս ստանայ, եւ իր անձը կորցնէ, կամ վնասուի։
- 26Որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերն ամօթ համարէ, մարդի Որդին էլ նորան ամօթ կ’համարէ, երբոր գայ իր, եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքովը։
- 27Բայց ճշմարիտ ասում եմ ձեզ. Այստեղ կանգնածներիցը ոմանք կան, որ մահ չեն ճաշակիլ, մինչեւ որ Աստուծոյ արքայութիւնը տեսնեն։
- 28Եւ եղաւ, որ այս խօսքերիցն ութ օրի չափ յետոյ, Պետրոսին եւ Յովհաննէսին եւ Յակոբին առաւ՝ եւ վեր ելաւ սարը աղօթք անելու։
- 29Եւ եղաւ որ նա աղօթք անելիս, նորա երեսի կերպարանքն ուրիշ կերպ եղաւ. Եւ նորա հագուստը սպիտակ փայլուն եղաւ։
- 30Եւ ահա երկու մարդ խօսում էին նորա հետ, որ Մովսէսն եւ Եղիան էին.
- 31Նորանք փառքով երեւեցած խօսում էին նորա վախճանի համար, որ Երուսաղէմումը կատարուելու էր։
- 32Բայց Պետրոսը եւ նորա հետ լինողները քնով ծանրացած էին, եւ երբոր զարթնեցին՝ տեսան նորա փառքը, եւ այն երկու մարդկանցը որ նորա մօտ կանգնած էին։
- 33Եւ եղաւ որ նորանք նորանից հեռանալիս, Պետրոսն ասեց Յիսուսին. Վարդապետ, լաւ է մեզ համար այստեղ կենալ. Եւ երեք տաղաւար շինենք, մէկը քեզ համար, եւ մէկը Մովսէսին, եւ մէկը Եղիային. Եւ չ’գիտէր թէ ինչ էր խօսում։
- 34Եւ երբոր նա այս ասում էր մի ամպ եկաւ եւ նորանց վերայ հովանի արաւ. Եւ վախեցան, երբոր այն ամպի մէջ մտան։
- 35Եւ ձայն եղաւ ամպիցն, որ ասեց. Դա է իմ սիրելի Որդին, դորան լսեցէք։
- 36Եւ այն ձայնն որ եղաւ, Յիսուսը մինակ գտնուեցաւ. Եւ նորանք լռեցին, եւ այն օրերումն ոչ ոքի ոչինչ չ’պատմեցին այն բաներիցն, որ տեսան։
- 37Եւ հետեւեալ օրը եղաւ որ նորանք սարիցն իջնելիս, շատ ժողովուրդ նորա առաջին եկաւ։
- 38Եւ ահա ժողովրդիցը մի մարդ աղաղակեց եւ ասեց. Վարդապետ, աղաչում եմ քեզ, մտիկ տուր իմ որդուն, որովհետեւ միածնունդս է։
- 39Եւ ահա ոգի բռնում է նորան, եւ նա յանկարծ գոռում է, եւ նորան գետնով է տալիս փրփրեցնելով, եւ հազիւ հեռանում է նորանից՝ նորան կոտրատելուց յետոյ։
- 40Եւ ես քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն նորան, բայց չ’կարողացան։
- 41Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Ով անհաւատ եւ թիւր ազգ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ եւ համբերեմ ձեզ. Քո որդին այստեղ բեր։
- 42Եւ նա դեռ մօտ գալիս՝ դեւը գետնով զարկեց նորան եւ շատ սաստիկ թափահարեց։
- 43Իսկ Յիսուսը սաստեց պիղծ ոգուն, եւ երեխային բժշկեց. Եւ նորան տուաւ իր հօրը։
- 44Եւ ամենքը զարմանում էին Աստուծոյ մեծափառութեան վերայ։ Եւ երբոր ամենքը զարմանում էին այն բոլոր բաների վերայ, որ Յիսուսը անում էր, իր աշակերտներին ասեց. Այս խօսքերը դուք ձեր ականջներումը դրէք. Որովհետեւ մարդի Որդին մարդկանց ձեռն է մատնուելու։
- 45Բայց նորանք չէին իմանում այն խօսքը եւ ծածկուած էր նորանցից, որ չ’հասկանան նորան. Եւ վախենում էին հարցնել նորան այն բանի համար։
- 46Մի խորհուրդ էլ մտաւ նորանց մէջ՝ այն թէ՝ նորանցից ո՞վ լինի մեծը։
- 47Յիսուսն էլ նորանց սրտերի մտածմունքներն իմանալով մի երեխայ առաւ՝ եւ նորան կանգնեցրեց իրան մօտ,
- 48Եւ ասեց նորանց. Ով որ այս երեխային ընդունի իմ անունովը, ինձ է ընդունում. Եւ ով որ ինձ ընդունի, ինձ ուղարկողին է ընդունում. Որովհետեւ ով որ ձեր ամենիդ մէջ փոքրագոյն է, նա մեծ կ’լինի։
- 49Յովհաննէսն էլ պատասխանեց եւ ասեց. Վարդապետ, մէկը տեսանք, որ քո անունովը դեւեր էր հանում, եւ արգիլեցինք նորան, որովհետեւ մեզ հետ չէ ման գալիս։
- 50Եւ Յիսուսը նորանց ասեց. Մի արգիլեք նորան. որովհետեւ ով որ մեզ հակառակ չէ, մեր կողմն է։
- 51Եւ եղաւ, երբոր նորա վերանալու օրերը կատարվում էին, նա իր երեսը հաստատեց՝՝ որ գնայ Երուսաղէմ։
- 52Եւ իր երեսի առաջին պատգամաւորներ ուղարկեց. Եւ գնացին՝ Սամարացիների մի գիւղը մտան, որ նորա համար բան պատրաստեն։
- 53Բայց նորանք չ’ընդունեցին նորան, որ նորա երեսը ուղղուած էր Երուսաղէմ գնալու։
- 54Երբոր նորա աշակերտները՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը տեսան՝ ասեցին. Տէր՝ կամենո՞ւմ ես ասենք, կրակ իջնէ երկնքիցը եւ նորանց սատկեցնէ ինչպէս Եղիան էլ արաւ։
- 55Նա էլ դարձաւ՝ սաստեց նորանց եւ ասեց. Դուք չ’գիտէք՝ թէ ո՛ր հոգու էք դուք։
- 56Որովհետեւ մարդի Որդին չ’եկաւ՝ մարդկանց հոգիները կորցնելու, այլ ապրեցնելու. Եւ գնացին ուրիշ գիւղ։
- 57Եւ եղաւ որ նորանք գնալիս, ճանապարհին մի մարդ նորան ասեց. Ես քո ետեւիցը կ’գամ՝ ո՛րտեղ որ գնաս, Տէր։
- 58Յիսուսն էլ նորան ասեց. Աղուէսները որջեր ունին, եւ երկնքի թռչունները բոյներ. Բայց մարդի Որդին տեղ չ’ունի, որ գլուխը դնէ։
- 59Մի ուրիշին էլ ասեց. Իմ ետեւիցն եկ. Եւ նա ասեց. Տէր, հրաման տուր, որ գնամ առաջ իմ հայրը թաղեմ։
- 60Յիսուսը նորան ասեց. Թող մեռելներն իրանց մեռելներին թաղեն. Իսկ դու գնա Աստուծոյ արքայութիւնը քարոզիր։
- 61Մի ուրիշն էլ ասեց. Տէր, քո ետեւից կ’գամ. Միայն թէ առաջ հրաման տուր ինձ, որ իմ տանը բարեւ մնա ասեմ։
- 62Յիսուսն էլ նորան ասեց. Ոչ ով որ ձեռքը մաճի վերայ է դնում եւ ետեւին մտիկ անում, յարմար չէ Աստուծոյ արքայութեան համար։