ՂՈՒԿԱՍ22
  • 1Եւ բաղարջակերաց տօնը մօտեցաւ, որ զատիկ է կոչվում։
  • 2Եւ քահանայապետները եւ դպիրները որոնում էին, թէ ինչպէս սպանեն նորան. Որովհետեւ ժողովրդիցը վախենում էին։
  • 3Սատանան էլ մտաւ Իսկարիովտացի ասուած Յուդայի մէջ, որ տասնեւերկուսի թուիցն էր։
  • 4Եւ գնաց քահանայապետների եւ իշխանների հետ խօսք կապեց, թէ նորան ինչպէս մատնէ նորանց։
  • 5Եւ նորանք ուրախացան եւ խոստացան արծաթ տալ նորան։
  • 6Եւ նա խօսք տուաւ եւ յարմար ժամանակ էր որոնում՝ որ նորան մատնէ նորանց առանց ամբոխի։
  • 7Եւ բաղարջակերաց օրն եկաւ, որ նորանում պէտք էր զատիկը մորթել։
  • 8Եւ Պետրոսին եւ Յովհաննէսին ուղարկեց եւ ասեց. Գնացէք զատիկը պատրաստեցէք մեզ համար որ ուտենք, եւ նորանք ասեցին.
  • 9Ի՞նչտեղ ես կամենում, որ պատրաստենք։
  • 10Նա էլ ասեց նորանց. Ահա երբոր քաղաքը կ’մտնէք, մի մարդ կ’պատահի ձեզ, որ ջրի կուժ է կրում. Նորա ետեւից գնացէք այն տունն, ուր որ նա կ’մտնէ։
  • 11Եւ տան տիրոջն ասեցէք. Վարդապետն ասում է քեզ, Ո՞ւր է այն օթեւանը, ուր ես զատիկն ուտեմ իմ աշակերտների հետ։
  • 12Եւ նա ձեզ մի մեծ վերնատուն ցոյց կ’տայ սարքուած. Այնտեղ պատրաստեցէք։
  • 13Եւ նորանք գնացին այնպէս գտան, ինչպէս որ ասեց նորանց. Եւ զատիկը պատրաստեցին։
  • 14Եւ երբոր ժամն եղաւ, նա սեղան նստեց. Եւ տասնեւերկու առաքեալներն էլ նորա հետ։
  • 15Եւ նորանց ասեց. Ցանկանալով ցանկացայ՝ այս զատիկը ձեզ հետ ուտել իմ չարչարուելուցն առաջ։
  • 16Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ սորանից էլ երբէք չեմ ուտիլ, մինչեւ որ կատարուի Աստուծոյ արքայութիւնումը։
  • 17Եւ բաժակն առաւ՝ գոհացաւ եւ ասեց. Առէք դորան եւ ձեր միջումը բաժանեցէք։
  • 18Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ որթի բերքիցն էլ չեմ խմիլ, մինչեւ որ Աստուծոյ արքայութիւնը գայ։
  • 19Եւ հաց առաւ, գոհացաւ, կտրեց եւ նորանց տուաւ, եւ ասեց. Այս է իմ մարմինը, որ ձեզ համար տրվում է. այս արէք իմ յիշատակի համար։
  • 20Այնպէս էլ ընթրիքից յետոյ բաժակն առաւ, եւ ասեց. Այս բաժակը նոր ուխտն է իմ արիւնովը, որ ձեզ համար թափվում է։
  • 21Սակայն ահա իմ մատնողի ձեռքն ինձ հետ սեղանի վերայ է։
  • 22Եւ մարդի Որդին գնում է ինչպես սահմանուած է. Բայց վայ այն մարդին, որի ձեռովը կ’մատնուի։
  • 23Եւ նորանք սկսեցին հարցուփորձ անել իրանց մէջ, թէ իրանցից ո՞վ է արդեօք նա, որ այն բանը գործելու է։
  • 24Նորանց միջումը մի վէճ էլ եղաւ, թէ իրանցից ո՞վ պիտի մեծ համարուի։
  • 25Եւ նա ասեց նորանց. Ազգերի թագաւորները տիրապետում են նորանց վերայ, եւ նորանց վերայ իշխանութիւն անողները բարերար են կոչվում։
  • 26Բայց դուք ոչ այնպէս. այլ ձեր միջի մեծը՝ թող փոքրագոյնի պէս լինի, եւ առաջնորդը ծառայողի պէս։
  • 27Որովհետեւ ո՞վ է մեծ. Սեղան նստո՞ղը թէ ծառայողը. Չէ՞ որ սեղան նստողը. բայց ես ձեր միջումը ծառայողի պէս եմ։
  • 28Իսկ դուք էք, որ միշտ ինձ հետ կենում էիք իմ փորձութիւններումը։
  • 29Եւ ես ուխտում եմ ձեզ թագաւորութիւն՝ ինչպէս իմ Հայրն էլ ինձ թագաւորութիւն ուխտեց.
  • 30Որ ուտէք եւ խմէք իմ սեղանի վերայ իմ արքայութիւնումը, եւ աթոռների վերայ նստէք՝ Իսրայէլի տասնեւերկու ցեղերին դատաստան անելու համար։
  • 31Եւ Տէրն ասեց. Սիմօն, Սիմօն. Ահա սատանան ձեզ ուզեց, որ մաղէ ցորենի պէս.
  • 32Բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հաւատքը չ’պակասի. եւ դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր։
  • 33Նա էլ ասեց նորան. Տէր, ես պատրաստ եմ քեզ հետ բանտը եւ մահն էլ գնալու։
  • 34Եւ նա ասեց. Ասում եմ քեզ, Պետրոս, այսօր հաւը չի խօսիլ, մինչեւ որ դու երեք անգամ ուրանաս՝ թէ ինձ չ’գիտես։
  • 35Եւ նորանց ասեց. Երբոր ուղարկեցի ձեզ առանց քսակի, եւ պարկի եւ կօշիկների, մի՞թէ կարօտացաք մի բանի։
  • 36Նորանք էլ ասեցին. Ոչինչի. Ապա ասեց նորանց. Բայց հիմա քսակ ունեցողը թող առնէ, այնպէս էլ պարկը. Եւ չ’ունեցողը՝ թող իր հանդերձը ծախէ եւ իրան համար սուր առնէ։
  • 37Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ դեռ այս գրուածն էլ պէտք է կատարուի ինձանում, թէ Անօրէնների հետ համարուեցաւ. Որովհետեւ ինչ որ ինձ համար ասուած է, կատարվում է։
  • 38Նորանք էլ ասեցին. Տէր, ահա այստեղ երկու սուր կայ. Եւ նա ասեց նորանց. Բաւական է։
  • 39Եւ դուրս ելաւ իր սովորութեան պէս գնաց Ձիթենեաց սարը, եւ աշակերտներն էլ նորա ետեւից գնացին։
  • 40Եւ երբոր այն տեղը հասաւ, նորանց ասեց. Աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք։
  • 41Եւ ինքը նորանցից հեռացաւ մի քարընկէցի չափ, ծունր դրաւ, աղօթք էր անում,
  • 42Եւ ասում. Հայր, եթէ կամիս այս բաժակը անցրու ինձանից. սակայն ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի։
  • 43Եւ հրեշտակ երեւեցաւ նորան երկնքիցը, եւ զօրացնում էր նորան. Եւ նա տագնապի մէջ լինելով, աւելի եռանդով էր աղօթք անում։
  • 44Եւ նորա քրտինքն էր ինչպէս արիւնի կաթիլներ, որ թափվում են երկրի վերայ։
  • 45Եւ աղօթքիցը վերկացաւ եկաւ իր աշակերտների մօտ, եւ նորանց քնի մէջ գտաւ տրտմութիւնից.
  • 46Եւ ասեց նորանց. Ի՞նչու էք քնում. վեր կացէք, աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք։
  • 47Եւ նա տակաւին խօսելիս, ահա մի ամբոխ. Եւ Յուդա կոչուածը՝ այն տասնեւերկուսիցը մէկը՝ գնում էր նորանց առաջին. Եւ մօտեցաւ Յիսուսին, որ համբուրէ նորան.
  • 48Յիսուսն էլ նորան ասեց. Յուդա, համբոյրո՞վ ես մարդի Որդին մատնում։
  • 49Երբոր նորա հետ լինողները տեսան, թէ ինչ է լինելու, նորան ասեցին. Տէր, սրով զարկե՞նք։
  • 50Եւ նորանցից մէկը քահանայապետի ծառային զարկեց, եւ նորա աջ ականջը կտրեց։
  • 51Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Թող տուէք մինչ այս. Եւ նորա ականջին դպաւ եւ բժշկեց նորան։
  • 52Եւ Յիսուսն ասեց իրան վերայ եկած քահանայապետներին եւ տաճարի իշխաններին եւ ծերերին. Ինչպէս մի աւազակի՞ վերայ դուրս եկաք սրերով եւ բիրերով։
  • 53Ես որ ամեն օր ձեզ հետ էի տաճարումը, ձեռք չ’ձգեցիք ինձ վերայ. բայց սա ձեր ժամն է եւ խաւարի իշխանութիւնը։
  • 54Եւ նորան բռնեցին տարան, եւ մտցրին քահանայապետի տունը. Պետրոսն էլ հեռուանց գնում էր նորա ետեւից։
  • 55Եւ երբոր սրահի մէջ կրակ էին վառել եւ չորս կողմով նստել, Պետրոսն էլ նստեց նորանց միջումը։
  • 56Մի աղախին տեսնելով նորան՝ լոյսի մօտ նստած, դիտեց նորա վերայ եւ ասեց. Սա էլ նորա հետ էր։
  • 57Բայց նա ուրացաւ եւ ասեց. Ով կին, ես նորան չ’գիտեմ։
  • 58Եւ քիչ մի յետոյ ուրիշը տեսաւ նորան եւ ասեց. Դու էլ նորանցից ես. Պետրոսն էլ ասեց. Ով մարդ, չեմ։
  • 59Եւ մէկ ժամի չափ էլ որ անցաւ, մէկ ուրիշը վիճում էր եւ ասում. Ճշմարիտ որ սա էլ նորա հետ էր. Որովհետեւ Գալիլեացի է։
  • 60Պետրոսն էլ ասեց. Մարդ, ես չ’գիտեմ, թէ դու ի՛նչ ես ասում. Եւ իսկոյն նա դեռ ասելիս՝ հաւը խօսեց։
  • 61Եւ Տէրը դարձաւ մտիկ տուաւ Պետրոսին, եւ Պետրոսը յիշեց Տիրոջ խօսքը, որ ասեց նորան, թէ Մինչեւ հաւի խօսելը, երեք անգամ կ’ուրանաս ինձ։
  • 62Եւ Պետրոսը դուրս գնաց դառնապէս լացաւ։
  • 63Եւ Յիսուսին պահող մարդիկը ծաղր էին անում նորան եւ ծեծում։
  • 64Եւ նորա աչքերը ծածկում էին եւ երեսին զարկում, եւ նորան հարցնում էին եւ ասում. Մարգարէացիր՝ ո՞վ է նա, որ քեզ զարկեց։
  • 65Եւ ուրիշ շատ բաներ էլ հայհոյանքով խօսում էին նորա դէմ։
  • 66Եւ երբոր առաւօտ եղաւ, ժողովրդի ծերակոյտը` քահանայապետները եւ դպիրները ժողովուեցան, եւ նորան հանեցին տարան իրանց ատեանը, եւ ասեցին. Եթէ դու Քրիստոսն ես, ասիր մեզ։
  • 67Եւ նորանց ասեց. Եթէ ասեմ ձեզ, դուք չէք հաւատալ։
  • 68Եւ եթէ ձեզ հարցնեմ էլ, ինձ պատասխան չէք տալ, կամ ինձ արձակել։
  • 69Բայց այսուհետեւ մարդի Որդին նստած կ’լինի Աստուծոյ զօրութեան աջ կողմը։
  • 70Եւ ամենքն ասեցին. Ուրեմն դո՞ւ Աստուծոյ Որդին ես. Եւ նա ասեց նորանց. Դուք էք ասում, որ ես եմ։
  • 71Նորանք էլ ասեցին. Էլ ի՞նչ պէտք է մեզ վկայութիւն, որ մենք ինքներս լսեցինք դորա բերանիցը։
← Ցանկ