ՂՈՒԿԱՍ17
  • 1Եւ աշակերտներին ասեց. Անկարելի է, որ գայթակղութիւններ չ’գան. Բայց վայ նորան որի ձեռովը կ’գան։
  • 2Աւելի լաւ է նորան, որ նորա վզիցը մի էշի ջաղացի քար կախուէր եւ ծովը գցուէր, քան թէ այս փոքրներից մէկին գայթակղեցնէ։
  • 3Զգոյշ կացէք ձեր անձերին։ Եթէ քո եղբայրը մեղանչէ քեզ դէմ, յանդիմանիր նորան. Եւ եթէ ապաշխարէ, ներիր նորան։
  • 4Եւ եթէ օրը եօթն անգամ քեզ դէմ մեղանչէ՝ եւ եօթն անգամ քեզ մօտ դառնայ եւ ասէ՝ Ապաշխարում եմ, ներիր նորան։
  • 5Եւ առաքեալներն ասեցին Տիրոջը. Մեր հաւատքն աւելացրու։
  • 6Եւ Տէրն ասեց. Եթէ մանանեխի հատի չափ հաւատք ունենայիք, այս թզենուն կ’ասէիք. Պոկուիր եւ ծովի մէջ տնկուիր, եւ նա կ’հնազանդէր ձեզ։
  • 7Բայց ձեզանից ո՞վ է նա, որ մի հողագործ կամ մի հովիւ ծառայ ունենայ, որ երբոր յանդիցը գայ տուն մտնէ, շուտով ասէ նորան, թէ Եկ սեղան նստիր։
  • 8Այլ չի՞ ասիլ նորան, թէ պատրաստիր ինչ որ իրիկունս պիտի ուտեմ, եւ գօտիդ կապիր ինձ ծառայիր, մինչեւ որ ուտեմ եւ խմեմ, եւ յետոյ դու էլ կ’ուտես եւ կ’խմես։
  • 10Այնպէս էլ դուք, երբոր բոլոր ձեզ հրամայուած բաներն անէք, ասեցէք, թէ Մենք անպիտան ծառաներ ենք. Որովհետեւ այն ենք արել, ինչ որ պարտական էինք անելու։
  • 11Եւ եղաւ՝ երբոր նա Երուսաղէմ էր գնում, ինքը Սամարիայի եւ Գալիլեայի միջովն էր անցնում։
  • 12Եւ նա մի գիւղ մտնելիս, տասը բորոտ մարդիկ պատահեցան նորան, որ հեռուանց կանգնեցին,
  • 13Եւ իրանց ձայնը բարձրացրին եւ ասեցին. Յիսուս՝ Վարդապետ, մեզ, ողորմիր։
  • 14Եւ երբոր տեսաւ՝ ասեց նորանց. Գնացէք ձեր անձերը քահանաներին ցոյց տուէք. Եւ եղաւ, որ նորանք գնալիս՝ սրբուեցան։
  • 15Եւ նորանցից մէկն, երբոր տեսաւ թէ բժշկուեցաւ, ետ դառաւ՝ բարձր ձայնով փառաւորում էր Աստուծուն։
  • 16Եւ իր երեսի վերայ ընկաւ նորա ոտների առաջին, եւ գոհանում էր նորանից. Եւ ինքը Սամարացի էր։
  • 17Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Չէ՞ որ տասն էլ սրբուեցան. Ապա այն ինն ո՞ւր են։
  • 18Ետ դառնողներ չ’գտնուեցան, որ Աստուծուն փառք տան, բացի այս այլազգին։
  • 19Եւ ասեց նորան. Վեր կաց՝ գնա. Քո հաւատքն ապրեցրեց քեզ։
  • 20Երբոր Փարիսեցիներիցն հարցուեցաւ, թէ Աստուծոյ արքայութիւնն ե՞րբ պիտի գայ, պատասխանեց նորանց եւ ասեց. Աստուծոյ արքայութիւնը դրսի նշանով չի գալ։
  • 21Ոչ էլ կ’ասեն, թէ Ահա այստեղ է, կամ՝ ահա այնտեղ է. Որովհետեւ ահա Աստուծոյ արքայութիւնը հէնց ձեր ներսումն է։
  • 22Աշակերտներին էլ ասեց. Օրեր կ’գան, որ դուք կ’ցանկանաք մարդի Որդու օրերից մէկը տեսնել, եւ չէք տեսնիլ։
  • 23Եւ ձեզ կ’ասեն՝ Ահա այստեղ է, կամ՝ ահա այնտեղ է, չ’գնաք եւ ետեւիցը չ’հետեւիք։
  • 24Որովհետեւ ինչպէս կայծակն որ փայլում երկնքի տակիցը՝ լոյս է տալիս մինչեւ երկնքի միւս տակը, այնպէս էլ կ’լինի մարդի Որդին իր օրումը։
  • 25Բայց առաջ պէտք է որ նա շատ չարչարուի եւ անարգուի այս ազգիցը։
  • 26Եւ ինչպէս եղաւ Նոյի օրերումն, այնպէս էլ կ’լինի մարդի Որդու օրերումը։
  • 27Ուտում էին եւ խմում էին՝ կին էին առնում՝ եւ մարդի էին գնում, մինչեւ այն օրն որ Նոյը մտաւ տապանը, եւ ջրհեղեղն եկաւ եւ ամենքին կորցրեց։
  • 28Նմանապէս էլ ինչպէս Ղովտի օրերումն եղաւ. Ուտում էին, խմում էին, առնում էին՝ ծախում էին, տնկում էին՝ շինում էին։
  • 29Եւ այն օրն որ Ղովտը Սոդոմիցը դուրս եկաւ, կրակ եւ ծծումբ տեղաց երկնքիցը եւ ամենքին կորցրեց։
  • 30Նոյն կերպովն էլ կ’լինի այն օրումը, որ մարդի Որդին կ’յայտնուի։
  • 31Այն օրումն ով որ կտրի վերայ լինի եւ իր բաները տան մէջ, թող չ’իջնէ նորանց առնելու. Եւ յանդումը լինողն էլ այնպէս թող ետ չ’դառնայ։
  • 32Յիշեցէք Ղովտի կինը։
  • 33Ով որ ուզէ իր անձն ապրեցնել, կ’կորցնէ նորան. Եւ ով որ կորցնէ նորան, կ’ապրեցնէ նորան։
  • 34Ասում եմ ձեզ. Նոյն գիշերումն երկու հոգի մէկ մահիճի մէջ կ’լինին, մէկը կ’առնուի եւ միւսը կ’թողուի։
  • 35Երկու հոգի միասին աղալու վերայ կ’լինին, մէկը կ’առնուի եւ միւսը կ’թողուի. Եւ երկու հոգի արտումը կ’լինին, մէկը կ’առնուի եւ միւսը կ’թողուի։
  • 36Եւ պատասխանեցին եւ նորան ասեցին. Տէր, ո՞րտեղ։
  • 37Նա էլ ասեց նորանց. Որտեղ մարմինն է, արծիւներն էլ այնտեղ կ’հաւաքուին։
← Ցանկ