ՂՈՒԿԱՍ16
- 1Եւ իր աշակերտներին էլ ասեց. Մի հարուստ մարդ կար, որ մի տնտես ունէր. Եւ նորանից գանգատ եղաւ նորան, իբր թէ նա վատնում է նորա ստացուածքը։
- 2Եւ նորան կանչեց եւ ասեց. Սա ի՞նչ է որ ես լսում եմ քեզանից. Տուր քո տնտեսութեան համարը. Որովհետեւ այլ եւս կարող չես տնտես լինել։
- 3Տնտեսն էլ իր մտքումն ասեց. Ի՞նչ անեմ, որ իմ տէրը տնտեսութիւնն ինձանից առնում է. Հերկել չեմ կարող, մուրանալու ամաչում եմ։
- 4Գիտեմ ինչ կ’անեմ, որ՝ երբոր տնտեսութիւնից դուրս գամ, ինձ ընդունեն իրանց տները։
- 5Եւ իր տիրոջ պարտականներին մի մի իրան մօտ կանչեց եւ ասեց առաջինին. Ի՞նչքան ես պարտական իմ տիրոջը։
- 6Նա էլ ասեց. Հարիւր մար ձէթ. Եւ նորան ասեց. Առ գիրդ, եւ նստիր՝ շուտով գրիր յիսուն։
- 7Յետոյ միւսին ասեց. Դո՞ւ ինչքան ես պարտական. Նա էլ ասեց. Հարիւր քոռ ցորեն. Եւ նորան ասեց. Առ գիրդ եւ գրիր ութսուն։
- 8Եւ տէրը գովեց անիրաւ տնտեսին, որ իմաստութիւնով գործեց. Որովհետեւ այս աշխարհքի որդիքը լոյսի որդիներիցն իմաստուն են իրանց ցեղի մէջ։
- 9Եւ ես ասում եմ ձեզ. Անիրաւ մամոնայից բարեկամներ արէք ձեզ համար. Որ երբոր պակասուիք, յաւիտենական բնակարանների մէջ ընդունեն ձեզ։
- 10Քիչ բանի մէջ հաւատարիմը, շատ բանի մէջ էլ հաւատարիմ է. Եւ քիչ բանի մէջ անիրաւը, շատ բանի մէջ էլ անիրաւ է։
- 11Արդ թէ որ անիրաւ մամոնայի մէջ հաւատարիմ չ’եղաք, ճշմարիտ հարստութիւնն ո՞վ կ’տայ ձեր ձեռը։
- 12Եւ եթէ օտար բանի մէջ հաւատարիմ չեղաք, ձերն ո՞վ կ’տայ ձեզ։
- 13Ոչ մի ծառայ չէ կարող երկու տիրոջ ծառայել. Որովհետեւ կամ մինին կ’ատէ եւ միւսին կ’սիրէ. Կամ մինին կ’պատուէ եւ միւսին կ’արհամարհէ. Կարող չէք Աստուծոյ ծառայել եւ մամոնային։
- 14Այս բոլոր բաները լսում էին Փարիսեցիները, որ արծաթասէր էին, եւ ծիծաղում էին նորա վերայ։
- 15Եւ նորանց ասեց. Դուք էք, որ մարդկանց առաջին ձեր անձերը արդարացնում էք, բայց Աստուած գիտէ ձեր սրտերը. որովհետեւ մարդկանց առաջին բարձրը պիղծ է Աստուծոյ առաջին։
- 16Օրէնքը եւ մարգարէները մինչեւ Յովհաննէսն են. Նորանից յետոյ Աստուծոյ արքայութիւնն է աւետարանվում, եւ ամեն մարդ ջանք է անում ուժով մտնել նորա մէջ։
- 17Եւ աւելի հեշտ է որ երկինքն եւ երկիրս անցնեն, քան թէ օրէնքի մէկ պզտիկ նշանագիրը վայր ընկնէ։
- 18Ամեն ով որ արձակում է իր կինը եւ ուրիշն առնում, շնութիւն է գործում, եւ ով որ մարդից արձակուած կին է առնում՝ շնութիւն է գործում։
- 19Եւ մի հարուստ մարդ կար, եւ շատ ազնիւ ծիրանի եւ բեհեզ էր հագնում. Եւ ամեն օր փառաւոր զուարճութիւն էր անում։
- 20Մի աղքատ մարդ էլ կար, անունը Ղազարոս. Որ նորա դռան մօտ գցուած էր խոցերով լիքը.
- 21Եւ ցանկանում էր իրան կշտացնել այն փշրանքներիցն, որ հարուստի սեղանիցն ընկնում էին. Այլ եւ շներն էլ գալիս էին եւ նորա խոցերը լիզում էին։
- 22Եւ եղաւ որ աղքատը մեռաւ, եւ հրեշտակները նորան տարան Աբրահամի գոգը. Հարուստն էլ մեռաւ եւ թաղուեցաւ։
- 23Եւ դժոխքումն՝ մինչ տանջանքի մէջ էր գտնվում, իր աչքերը բարձրացրեց, հեռուանց Աբրահամին տեսաւ, եւ Ղազարոսին էլ նորա գոգումը։
- 24Եւ նա աղաղակեց եւ ասեց. Հայր Աբրահամ, ինձ ողորմիր, եւ Ղազարոսին ուղարկիր, որ իր մատի ծայրը թրջէ ջրով, եւ իմ լեզուն հովացնէ. Որովհետեւ այս կրակի բոցի մէջ տանջվում եմ։
- 25Աբրահամն էլ ասեց. Որդեակ, յիշիր, որ դու ընդունեցիր քո բարիքը քո կեանքումը, եւ նմանապէս էլ Ղազարոսը՝ չարչարանքները. Եւ հիմա սա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես։
- 26Եւ ի վերայ այսր ամենայնի մեր եւ ձեր մէջ մեծ անդունդ է հաստատուած, որ այստեղից ձեզ մօտ անցնել ուզողները չ’կարողանան, եւ ոչ էլ այդտեղից մեզ մօտ անցնեն։
- 27Եւ ասեց. Ուրեմն աղաչում եմ քեզ, հայր, որ դորան ուղարկես իմ հօր տունը.
- 28Որովհետեւ ես հինգ եղբայր ունիմ. Որ նորանց վկայութիւն տայ, որ նորանք էլ չ’գան այս տանջանքի տեղը։
- 29Աբրահամն ասեց նորան, Նորանք Մովսէսին եւ մարգարէներին ունին, թող նորանց լսեն։
- 30Նա էլ ասեց. Ոչ, հայր Աբրահամ, այլ եթէ մեռելներից մէկը նորանց մօտ գնայ, կ’ապաշխարեն։
- 31Եւ նորան ասեց. Եթէ Մովսէսին եւ մարգարէներին ականջ չեն դնում, չեն էլ համոզուիլ՝ եթէ մեռելներից մէկը յարութիւն առնէ։