ՂՈՒԿԱՍ15
  • 1Եւ բոլոր մաքսաւորներն եւ մեղաւորները մօտենում էին նորան, որ լսեն նորանից։
  • 2Եւ Փարիսեցիներն եւ դպիրները տրտնջում էին եւ ասում, թէ Սա ընդունում է մեղաւորներին եւ նորանց հետ ուտում։
  • 3Եւ այս առակն ասեց նորանց։
  • 4Ձեզանից ո՞վ է այն մարդը, որ հարիւր ոչխար ունենայ, եւ նորանցից մէկը կորցնէ. Չի՞ թողիլ իննսուն եւ ինը անապատումը, եւ այն կորածի ետեւից գնալ, մինչեւ որ գտնէ նորան։
  • 5Եւ երբոր գտնէ, ուրախանալով իր ուսերի վերայ կ’դնէ նորան։
  • 6Եւ տուն գալով, բարեկամներին եւ դրացիներին կ’կանչէ եւ նորանց կ’ասէ. Ուրախացէք ինձ հետ. Որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ։
  • 7Ասում եմ ձեզ, թէ այսպէս ուրախութիւն կ’լինի երկնքումը մէկ մեղաւորի համար, որ ապաշխարէ, քան թէ իննսուն եւ ինն արդարների համար, որոնց ապաշխարհութիւն պէտք չէ։
  • 8Կամ ո՞վ է այն կինը, որ տասը դրամ ունենայ, եւ եթէ մէկ դրամ կորցնէ, ճրագ չի՞ վառիլ եւ տունն աւելել եւ սաստիկ որոնել, մինչեւ որ գտնէ։
  • 9Եւ երբոր կ’գտնէ, բարեկամներին եւ դրացիներին կ’կանչէ եւ կ’ասէ. Ուրախացէք ինձ հետ. Որովհետեւ դրամը գտայ, որ կորցրել էի։
  • 10Ասում եմ ձեզ, այսպէս էլ Աստուծոյ հրեշտակների առաջին ուրախութիւն կ’լինի մէկ մեղաւորի համար որ կ’ապաշխարէ։
  • 11Եւ ասեց. Մի մարդ երկու որդի ունէր.
  • 12Եւ նորանցից փոքրն ասեց հօրը. Հայր, տուր ինձ ինչ որ բաժին կ’հասնէ ինձ ստացուածքիցդ, եւ նա ապրանքը բաժանեց նորանց։
  • 13Եւ շատ օր չ’անցած՝ փոքր որդին ամեն բաները ժողովեց հեռու երկիր գնաց. Եւ այնտեղ իր ստացուածքը վատնեց, անառակ ապրելով։
  • 14Եւ երբոր բոլորը հատցրեց, սաստիկ սով եղաւ այն երկրումը եւ ինքն սկսեց չքաւորել։
  • 15Եւ գնաց այն երկրի քաղաքացիների մէկի մօտ մտաւ. Եւ նա նորան ուղարկեց իր յանդը որ խոզ արածեցնէ։
  • 16Եւ նա ցանկանում էր՝ իր փորն լեցնել այն եղջիւրներովն, որ խոզերն ուտում էին, բայց ոչ ով չէր տալիս նորան։
  • 17Եւ ինքն իրան գալով ասեց. Քանի՜ վարձկաններ ունի իմ հայրը՝ հացով լցուած. Եւ ես այստեղ սովամահ կորչում եմ։
  • 18Վեր կենամ գնամ իմ հօր մօտ, եւ նորան ասեմ. Հայր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջին։
  • 19Եւ այլեւս արժանի չեմ քո որդի կոչուելու. Ինձ քո վարձկանների մէկի պէս արա։
  • 20Եւ վերկացաւ եկաւ իր հօր մօտ, Եւ դեռ որ նա հեռու էր, հայրը տեսաւ նորան եւ գութը շարժեց. Եւ վազեց՝ նորա վզովն ընկաւ, եւ համբուրեց նորան։
  • 21Եւ որդին ասեց նորան. Հայր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջին, եւ այլ եւս չեմ արժանի քո որդի կոչուելու։
  • 22Հայրն էլ ասեց իր ծառաներին. Առաջի պատմուճանը հանեցէք եւ հագցրէք նորան, եւ մատանի դրէք նորա ձեռքին, եւ կօշիկներ նորա ոտներին։
  • 23Եւ մսացու եզը բերէք մորթեցէք, եւ ուտենք՝ ուրախ լինենք.
  • 24Որ այս իմ որդին մեռած էր, եւ կենդանացաւ. Եւ կորած էր, եւ գտնուեցաւ. Եւ սկսեցին զուարճանալ։
  • 25Եւ նորա մեծ որդին յանդումն էր. Եւ երբոր եկաւ տանը մօտեցաւ, երգերի եւ պար գալու ձայնը լսեց։
  • 26Եւ ծառաներից մէկին կանչեց իրան մօտ, հարցնում էր թէ այդ ի՞նչ է։
  • 27Նա էլ ասեց նորան. Թէ Եղբայրդ եկել է, եւ քո հայրը մսացու եզը մորթեց, որովհետեւ ողջ եւ առողջ ընդունեց նորան։
  • 28Եւ նա բարկացաւ, եւ չէր ուզում ներս մտնել, բայց հայրը դուրս եկաւ, աղաչում էր նորան։
  • 30Իսկ երբոր այդ քո որդին եկաւ, որ քո ստացուածքը պոռնիկների հետ կերաւ, մսացու եզը մորթեցիր դորա համար։
  • 31Նա էլ ասեց նորան. Որդեակ, դու ամեն ժամանակ ինձ հետ ես, եւ ամեն ինչ որ իմս է՝ քոնն է։
  • 32Բայց ուրախ լինել եւ խնդալ պէտք էր. որ այս քո եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ. Կորած էր եւ գտնուեցաւ։
← Ցանկ