ՂՈՒԿԱՍ14
- 1Եւ եղաւ, երբոր նա մի շաբաթ օր Փարիսեցիների իշխանների մէկի տունը մտաւ հաց ուտելու. Եւ նորանք սպասում էին նորան։
- 2Եւ ահա մի ջրգողուած մարդ կար նորա առաջին։
- 3Եւ Յիսուսը պատասխանեց եւ օրինականներին եւ Փարիսեցիներին ասեց թէ Արժա՞ն է շաբաթ օրը բժշկութիւն անել։
- 4Եւ նորանք լռեցին. Եւ նա բռնեց բժշկեց նորան եւ արձակեց։
- 5Եւ պատասխանեց նորանց եւ ասեց. Ձեզանից որի՞ էշը կամ եզը ջրհորի մէջ ընկնի, եւ նա շուտով չի հանիլ նորան շաբաթ օրը։
- 6Եւ չ’կարողացան պատասխանել նորան այդ բանի համար։
- 7Եւ այն կանչուած մարդկանց էլ մի առակ խօսեց, տեսնելով՝ թէ ինչպէս առաջի տեղերն էին ընտրում. Եւ ասեց նորանց.
- 8Երբոր մէկից հարսանիք ես կանչվում, մի նստիր առաջի բարձի վերայ. Մի գուցէ քեզանից մի առաւել պատուաւորը լինի կանչուած նորա կողմից։
- 9Եւ նա՝ որ քեզ եւ նորան կանչեց, գայ եւ քեզ ասէ. Սորան տեղ տուր. Եւ այն ժամանակ սկսես ամօթով վերջի տեղը նստել։
- 10Բայց երբոր կանչվում ես, գնա վերջի տեղը նստիր. Որպէս զի, երբոր քեզ կանչողը գայ, ասէ քեզ. Բարեկամ, վերեւ նստիր. Այն ժամանակ քեզ հետ նստողների առաջին փառք կ’լինի քեզ։
- 11Որովհետեւ ամեն ով որ իր անձը բարձրացնում է՝ կ’խոնարհուի. Եւ ով որ իր անձը խոնարհեցնում է, կ’բարձրանայ։
- 12Եւ իրան կանչողին էլ ասեց. Երբոր ճաշ կամ ընթրիք ես անում, մի կանչիր քո բարեկամներին, եւ ոչ քո եղբայրներին, եւ ոչ քո ազգականներին, եւ ոչ քո հարուստ հարեւաններին, մի գուցէ նորանք էլ նորա փոխարէն կանչեն քեզ եւ հատուցում լինի քեզ։
- 13Այլ երբոր հացկերութիւն ես անում, կանչիր աղքատներին, խեղերին, կաղերին, կոյրերին։
- 14Եւ երանելի կլինիս. Որովհետեւ բան չ’ունին որ փոխարէն վճարեն քեզ. Որովհետեւ արդարների յարութեան ժամանակին կ’լինի քեզ հատուցումը։
- 15Եւ երբոր սեղան նստողներից մէկն այս բաները լսեց, նորան ասեց. Երանի նորան, որ Աստուծոյ արքայութիւնումը հաց կ’ուտէ։
- 16Եւ նա ասեց նորան. Մի մարդ մեծ ընթրիք արաւ եւ շատերին հրաւիրեց։
- 17Եւ ընթրիքի ժամանակին իր ծառան ուղարկեց, որ հրաւիրածներին ասէ. Եկէք, որովհետեւ արդէն ամենը պատրաստ է։
- 18Եւ ամենքն սկսեցին մէկ մէկ ետ քաշուիլ. Առաջինն ասեց նորան. Ագարակ առայ, եւ պէտք է գնամ՝ նորան տեսնեմ. Աղաչում եմ քեզ, ինձ հրաժարուած համարիր։
- 19Եւ միւսն ասեց. Հինգ լուծ եզ առայ, եւ գնում եմ որ նորանց փորձեմ. Աղաչում եմ քեզ, ինձ հրաժարուած համարիր։
- 20Եւ միւսն ասեց. Կին եմ առել, եւ նորա համար չեմ կարող գալ։
- 21Եւ այն ծառան եկաւ, այս բաները պատմեց իր տիրոջը. Այն ժամանակ տան տէրը բարկացած ասեց իր ծառային. Դուրս գնա շուտով քաղաքի հրապարակները եւ փողոցները, եւ աղքատներին եւ խեղերին, եւ կաղերին եւ կոյրերին մտցրու այստեղ։
- 22Եւ ծառան ասեց. Տէր, եղաւ ինչպէս հրամայեցիր, եւ դեռ էլ տեղ կայ։
- 23Եւ տէրն ասեց ծառային. Դուրս գնա ճանապարհները եւ ցանգերը, եւ ստիպիր որ մտնեն, որ իմ տունը լցուի։
- 24Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ այն կանչուած մարդկանցից ոչ մէկն իմ ընթրիքը չի ճաշակիլ։
- 25Եւ շատ ժողովուրդներ գնում էին նորա հետ. Եւ դարձաւ նորանց ասեց.
- 26Եթէ մէկն ինձ մօտ գայ, եւ չ’ատէ իր հօրը եւ մօրը, կնոջը եւ որդիներին, եւ եղբայրներին եւ քոյրերին, եւ հէնց իր անձին էլ. Նա չէ կարող իմ աշակերտ լինիլ։
- 27Եւ ով որ իր խաչը վեր չ’առնէ եւ իմ ետեւից գայ, նա չէ կարող իմ աշակերտ լինիլ։
- 28Որովհետեւ ձեզանից ով է, որ կամենայ աշտարակ շինել, եւ առաջ չ’նստի եւ ծախսը հաշուէ թէ աւարտելու համար բաւական բան ունի՞։
- 29Որ մի գուցէ երբոր հիմքը դնէ եւ չ’կարողանայ աւարտել, ամեն տեսնողներն սկսեն ծաղր անել նորան,
- 30Եւ ասել. Թէ Այս մարդն սկսեց շինել, եւ չ’կարողացաւ աւարտել։
- 31Կամ ո՞ր թագաւոր է, որ գնայ ուրիշ թագաւորի հետ պատերազմ անելու. Մի՞թէ չի նստել առաջ խորհուրդ անիլ՝ թէ տասը հազարով կարո՞ղ է դէմ կենալ նորան, որ քսան հազարով գալիս է իր վերայ։
- 32Ապա թէ ոչ, քանի որ նա հեռու է, պատգամաւոր կ’ուղարկէ՝ եւ կ’աղաչէ որ խաղաղութիւն անէ։
- 33Արդ այսպէս էլ ձեզանից ամեն մէկն, որ իր բոլոր ինչքիցը չ’հրաժարուի, չէ կարող ինձ աշակերտ լինել։
- 34Աղը լաւ բան է. Բայց եթէ աղն անհամանայ, ի՞նչով պիտի համեղանայ։
- 35Ոչ հողի համար է պիտանի եւ ոչ աղբի համար, այլ դուրս կ’գցեն նորան. Ով որ լսելու ականջ ունի, թող լսէ։