ՂՈՒԿԱՍ13
  • 1Նոյն ժամանակը եկան ոմանք եւ պատմեցին նորա այն Գալիլեացիների մասին, որոնց արիւնը Պիղատոսը իրանց զոհի հետ խառնեց։
  • 2Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Կարծո՞ւմ էք, թէ այդ Գալիլեացիներն աւելի մեղաւոր էին քան թէ բոլոր Գալիլեացիները, որ այդպիսի բաներ քաշեցին։
  • 3Ոչ, ասում եմ ձեզ. Այլ եթէ չ’ապաշխարէք, ամենքդ էլ այնպէս կ’կորչէք.
  • 4Կամ այն տասնեւութ հոգին, որոնց վերայ Սելովամի միջի աշտարակը վայր ընկաւ, եւ նորանց սպանեց. Կարծո՞ւմ էք, թէ նորանք աւելի պարտաւոր էին քան թէ Երուսաղէմումը բնակող բոլոր մարդիկը։
  • 5Ո՛չ, ասում եմ ձեզ. Այլ եթէ չ’ապաշխարէք, ամենքդ էլ այնպէս կ’կորչէք։
  • 6Այս առակն էլ ասեց. Մի մարդ իր այգու մէջ մի թզենի էր տնկել. Եւ եկաւ, նորա վերայ պտուղ որոնելու, եւ չ’գտաւ։
  • 7Եւ այգեպանին ասեց. Ահա երեք տարի է, որ գալիս եմ պտուղ որոնելու այդ թզենու վերայ, եւ չեմ գտնում. Կտրիր դորան, ի՞նչու դա երկիրն էլ խափանէ։
  • 8Նա էլ պատասխանեց եւ ասեց. Տէր, այս տարի էլ թող դորան, մինչեւ որ դորա չորս կողմովը փորեմ եւ աղբ ածեմ։
  • 9Թերեւս պտուղ բերէ, ապա եթէ ոչ, եկող տարի կտրիր դորան։
  • 10Եւ ժողովարաններից մէկումը սովորեցնում էր շաբաթ օրը։
  • 11Եւ ահա մի կին կար, որ հիւանդութեան ոգի ունէր տասնեւութ տարիից ի վեր. Եւ կծկուած էր, եւ ամենեւին չէր կարողանում ուղիղ կանգնել։
  • 12Եւ Յիսուսը նորան տեսնելով, իրան մօտ կանչեց եւ ասեց նորան. Ով կին, արձակուած ես քո հիւանդութիւնիցը։
  • 13Եւ ձեռքը դրաւ նորա վերայ, եւ նա շուտով ուղղուեցաւ եւ փառաւորում էր Աստուծուն։
  • 14Իսկ ժողովարանի գլխաւորը շատ բարկացած, որ Յիսուսը շաբաթ օրը բժշկեց, պատասխանեց եւ ասեց ժողովրդին. Վեց օր կայ, որ նորանցում պէտք է գործել. Հիմա այն օրերը եկէք բժշկուեցէք, եւ ոչ թէ շաբաթ օրը։
  • 15Տէրն էլ պատասխանեց նորան եւ ասեց. Կեղծաւոր, ձեզանից ամեն մէկը շաբաթ օրն իր եզը կամ էշը չէ՞ արձակում մսուրիցը եւ տանում ջուր տալիս։
  • 16Բայց սա՝ Աբրահամի աղջիկը լինելով, որին սատանան ահա տասնեւութ տարի է որ կապել էր, արժան չէ՞ր որ շաբաթ օրն այն կապանքիցն արձակուէր։
  • 17Եւ երբոր նա այս ասեց, ամօթով էին լինում ամենքը, որ հակառակում էին նորան. Եւ բոլոր ժողովուրդն ուրախանում էր այն ամեն փառաւոր գործերի համար, որ նորանով լինում էին։
  • 18Եւ ասում էր. Աստուծոյ արքայութիւնն ինչի՞ նման է. Եւ ի՞նչի նմանեցնեմ նորան։
  • 19Մանանեխի հատի նման է, որը մի մարդ առաւ իր պարտէզի մէջ ցանեց. Եւ մեծացաւ եւ մեծ ծառ եղաւ, եւ երկնքի թռչունները նորա ճղերի վերայ բնակուեցին։
  • 20Եւ դարձեալ ասեց. Ինչի՞ նմանեցնեմ Աստուծոյ արքայութիւնը.
  • 21Նման է խմորի. Որ նորան մի կին առաւ եւ երեք չափ ալիւրի մէջ թագցրեց, մինչեւ որ բոլորը խմորուեցաւ։
  • 22Եւ ման էր գալիս քաղաքները եւ գիւղերը՝ եւ սովորեցնում էր. Եւ ճանապարհ ընկած գնում էր դէպի Երուսաղէմ.
  • 23Եւ մէկն ասեց նորան. Տէր, մի՞թէ քիչ են փրկուողները. Նա էլ ասեց նորանց.
  • 24Ջանք արէք որ նեղ դռնովը ներս մտնէք. Որովհետեւ ասում եմ ձեզ, Շատերը կուզեն մտնել եւ չեն կարողանալ։
  • 26Այն ժամանակ կ’սկսէք ասել. Մենք քո առաջին կերանք եւ խմեցինք, եւ դու մեր հրապարակներումը սովորեցրիր։
  • 27Եւ կ’ասէ. Ասում եմ ձեզ, Ես չեմ ճանաչում ձեզ, թէ ի՛նչ տեղից էք. հեռու կացէք ինձանից, բոլոր անիրաւութիւն գործողներդ։
  • 28Այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը. երբոր կ’տեսնէք Աբրահամին եւ Իսահակին եւ Յակոբին եւ բոլոր մարգարէներին Աստուծոյ արքայութեան մէջ, իսկ ձեզ՝ դուրս հանած։
  • 29Եւ կ’գան արեւելքից եւ արեւմուտքից, եւ հիւսիսից եւ հարաւից, եւ կ’նստեն Աստուծոյ արքայութիւնումը։
  • 30Եւ ահա յետիններ կան՝ որ առաջիններ կ’լինին. Եւ առաջիններ կան՝ որ յետիններ կ’լինին։
  • 31Նոյն օրումը մի քանի Փարիսեցիներ մօտ եկան եւ նորան ասեցին. Դուրս եկ եւ գնա այստեղից. Որովհետեւ Հերովդէսը կամենում է քեզ սպանել։
  • 32Եւ նորանց ասեց. Գնացէք ասեցէք այն աղուէսին. Ահա դեւեր եմ հանում եւ բժշկութիւններ եմ կատարում այսօր եւ էգուց. Եւ երրորդ օրը կ’կատարուիմ։
  • 33Սակայն այսօր եւ էգուց եւ միւս օրը պէտք է գնամ. Որովհետեւ կարելի չէ որ մի մարգարէ Երուսաղէմիցը դուրս կորչի։
  • 34Երուսաղէմ, Երուսաղէմ, մարգարէները կոտորող, եւ քեզ մօտ ուղարկուածները քարկոծող. Քանի՞ անգամ կամեցայ քո որդիները ժողովել ինչպէս հաւն իր ձագերը թեւերի տակն է ժողովում. Եւ չ’կամեցաք։
  • 35Ահա ձեր տունը աւերակ է թողվում ձեզ. Բայց ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Ինձ էլ չէք տեսնիլ, մինչեւ գայ ժամանակն, որ ասէք. Օրհնեալ է Տիրոջ անունով եկողը։
← Ցանկ