ՂՈՒԿԱՍ10
  • 1Սորանից յետոյ Տէրն ուրիշ եօթանասուն հոգի էլ կարգեց. Եւ նորանց երկու երկու իր երեսի առաջին ուղարկեց այն բոլոր քաղաքներն եւ տեղերն, որտեղ որ ինքը գնալու էր։
  • 2Եւ ասում էր նորանց. Հունձքը շատ է, բայց մշակները քիչ. ուրեմն աղաչեցէք հունձքի Տիրոջը, որ մշակներ հանէ իր հունձքը։
  • 3Գնացէք. ահա ես ուղարկում եմ ձեզ ինչպէս գառներ գայլերի մէջ։
  • 4Վեր մի առնէք ոչ քսակ, ոչ պարկ, ոչ կօշիկներ. Եւ ճանապարհին ոչ ոքի բարեւ չ’տաք։
  • 5Եւ որ տուն որ մտնէք, առաջ ասեցէք՝ խաղաղութիւն այս տանը։
  • 7Եւ այն տանը մնացէք, նորանց ունեցածիցը կերէք եւ խմեցէք. որովհետեւ մշակն իր վարձքին արժանի է. Տանից տուն մի փոխուիք։
  • 8Եւ որ քաղաք որ մտնէք, եւ ձեզ ընդունեն, կերէք՝ ինչ որ կ’դնեն ձեր առաջին։
  • 9Եւ նորա միջի հիւանդներին բժշկեցէք. Եւ նորանց ասեցէք՝ թէ Աստուծոյ արքայութիւնը մօտեցել է ձեզ վերայ։
  • 10Բայց որ քաղաք որ մտնէք, եւ ձեզ չ’ընդունեն՝ դուրս նորա հրապարակները գալով ասեցէք.
  • 11Այն փոշին էլ, որ ձեր քաղաքիցը մեզ կպել է, թօթափում ենք ձեզ վերայ. Միայն թէ սա գիտացէք, որ Աստուծոյ արքայութիւնը մօտեցել է ձեզ։
  • 12Եւ ասում եմ ձեզ, որ Սոդոմացիների համար աւելի հեշտ կ’լինի այն օրումը՝ քան թէ այն քաղաքին։
  • 13Վա՛յ քեզ, Քորազին. Վայ քեզ, Բեթսայիդա. որովհետեւ եթէ Տիւրոսի եւ Սիդօնի մէջ եղած լինէին այն զօրութիւնները՝ որ ձեր մէջ եղան, վաղուց քուրձի եւ մոխրի մէջ նստած ապաշխարել էին։
  • 14Սակայն Տիւրոսի եւ Սիդօնի համար աւելի հեշտ կ’լինի դատաստանումը քան թէ ձեզ։
  • 15Եւ դու՝ Կափառնայում, որ մինչեւ երկինքը բարձրացած ես, մինչեւ դժոխքը պիտի ցածանաս։
  • 16Ձեզ լսողը, ինձ է լսում. եւ ձեզ անարգողը, ինձ է անարգում. եւ ինձ անարգողը, ինձ ուղարկողին է անարգում։
  • 17Եւ այն եօթանասունքը ուրախութիւնով ետ դառան եւ ասեցին, Տէր, դեւերն էլ հնազանդում են մեզ քո անունովը։
  • 18Եւ նորանց ասեց. Տեսնում էի սատանային, որ կայծակի պէս երկնքիցը վայր էր ընկնում։
  • 19Ահա իշխանութիւնը տուի ձեզ, կոխել օձերի եւ կարիճների վերայ եւ թշնամու բոլոր զօրութեանը վերայ, եւ ձեզ ոչինչ չի վնասիլ։
  • 20Սակայն նորա համար մի ուրախանաք՝ որ ոգիները ձեզ հնազանդում են, բայց առաւել ուրախացէք, որ ձեր անունները գրուած են երկնքումը։
  • 21Նոյն ժամումն Յիսուսը Հոգովը ցնծաց եւ ասեց. Գոհանում եմ քեզանից, Հայր, երկնքի եւ երկրի Տէր, որ իմաստուններից եւ գիտուններից այս բաները ծածկեցիր եւ մանուկների յայտնեցիր։ Այո, ով Հայր. Որովհետեւ այսպէս հաճոյ եղաւ քո առաջին։
  • 22Ամեն բան տրուեցաւ ինձ իմ Հօրիցը. եւ ոչ ով չ’գիտէ թէ ով է Որդին, բայց միայն Հայրը. Եւ ով է Հայրը՝ բայց միայն Որդին, եւ ում որ Որդին կամենայ յայտնել։
  • 23Եւ դարձաւ դէպի աշակերտներն առանձին՝ եւ ասեց. Երանի այն աչքերին՝ որ տեսնում են այն որ դուք էք տեսնում։
  • 24Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ շատ մարգարէներ եւ թագաւորներ կամեցան տեսնել այն որ դուք էք տեսնում, եւ չ’տեսան. Եւ լսել այն որ դուք էք լսում, եւ չ’լսեցին։
  • 25Եւ ահա մէկ օրինական վերկացաւ՝ նորան փորձում էր ասելով. Վարդապետ, ի՞նչ գործեմ որ յաւիտենական կեանքը ժառանգեմ։
  • 26Նա էլ ասեց նորան. Օրենքումն ի՞նչ է գրուած, ի՞նչպէս ես կարդում։
  • 27Նա էլ պատասխանեց եւ ասեց. Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտիցը, քո բոլոր անձիցը, քո բոլոր զօրութիւնիցը, եւ քո բոլոր մտքիցը. Եւ քո ընկերին՝ քո անձի պէս։
  • 28Եւ նորան ասեց. Ուղիղ պատասխանեցիր. Այդ արա՝ եւ կ’ապրես։
  • 29Իսկ նա՝ որովհետեւ կամենում էր իր անձն արդարացնել՝ Յիսուսին ասեց. Եւ իմ ընկերն ո՞վ է։
  • 30Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Մի մարդ Երուսաղէմից իջնում էր Երիքով. Եւ ավազակների ձեռք ընկաւ, նորանք էլ մերկացրին նորան՝ եւ խոցոտեցին նորան, կիսամահ թողեցին գնացին։
  • 31Եւ դիպուածով մի քահանայ էր իջնում նոյն ճանապարհովը, եւ նորան տեսաւ՝ անցաւ։
  • 32Նոյնպէս էլ մի Ղեւտացի այն տեղը հասաւ եկաւ եւ տեսաւ՝ անցաւ։
  • 33Մի Սամարացի էլ, որ ճանապարհորդում էր, եկաւ այնտեղ եւ նորան տեսնելով գթաց։
  • 34Եւ մօտ եկաւ՝ նորա խոցերը փաթաթեց՝ վերան ձէթ եւ գինի ածելով. Եւ իր անասունի վերայ դրած տարաւ նորան մի իջեւան, եւ նորան հոգ տարաւ։
  • 35Եւ հետեւեալ օրն երբոր այն տեղիցը դուրս էր գնում, երկու դահեկան հանեց եւ իջեւանի տիրոջը տուաւ եւ ասեց նորան. Դորան հոգ տար, եւ ինչ որ աւելի ծախք անես, ես միւսանգամ ետ դառնալիս կ’վճարեմ քեզ։
  • 36Հիմա այն երեքից ո՞րն է երեւում քեզ՝ թէ ընկեր է եղել այն աւազակների ձեռք ընկած մարդին։
  • 37Նա էլ ասեց. Նա՝ որ ողորմութիւն արաւ նորան։ Ապա Յիսուսը նորան ասեց. Գնա, դու էլ այնպէս արա։
  • 38Եւ եղաւ որ նորանք գնալիս, ինքն էլ մի գիւղ մտաւ. Եւ մի կին՝ անունը Մարթա՝ ընդունեց նորան իր տունը։
  • 39Եւ նա մի քոյր ունէր՝ անունը Մարիամ. Եւ սա Յիսուսի ոտների մօտ նստեց, եւ լսում էր նորա խօսքերը։
  • 40Մարթան էլ ծառայութեան համար շատ զբաղմունքի մէջ էր, եկաւ կանգնեց եւ ասեց. Տէր, հոգդ չէ՞ որ քոյրս ինձ մինակ թողեց ծառայելու. Ուրեմն ասիր դորան, որ օգնէ ինձ։
  • 41Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Մարթա, Մարթա, դու հոգս ես քաշում եւ շատ բաներով զբաղուած ես.
  • 42Բայց մէկ բան է պէտք. Մարիամը բարի բաժինն ընտրեց, որ վեր չի առնուիլ նորանից։
← Ցանկ