ՄԱՐԿՈՍ9
  • 1Եւ նորանց ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. Թէ այստեղ կանգնածներից ոմանք կան, որ մահ չեն ճաշակիլ, մինչեւ որ չ’տեսնեն Աստուծոյ արքայութիւնը զօրութիւնով եկած։
  • 3Եւ նորա հանդերձները փայլուն եղան՝ ձիւնի պէս շատ սպիտակ, որ երկրի վերայ մի թափիչ չէ կարող այնպէս սպիտակացնել։
  • 4Եւ երեւեցաւ նորանց Եղիան Մովսէսի հետ եւ խօսում էին Յիսուսի հետ։
  • 5Եւ Պետրոսը պատասխանեց եւ ասեց Յիսուսին. Ռա՛բբի, լաւ է որ մենք այստեղ լինենք. Եւ երեք տաղաւար շինենք, մէկը քեզ եւ մէկը Մովսէսին եւ մէկը Եղիային։
  • 6Որովհետեւ չ’գիտէր թէ ինչ խօսէր, որովհետեւ զարհուրել էին։
  • 7Եւ մի ամպ նորանց վերայ հովանի եղաւ. Այն ամպիցը ձայն եկաւ՝ եւ ասեց, Դա է իմ սիրելի Որդին. Դորան լսեցէք։
  • 8Եւ շուտով որ իրանց շուրջը նայեցին, ոչ ոք չ’տեսան, բայց միայն Յիսուսին իրանց հետ։
  • 9Եւ սարիցն իջնելիս, նորանց պատուիրեց, որ ոչ մէկին չ’պատմեն ինչ որ տեսան, բայց միայն այն ժամանակն որ մարդի Որդին մեռելների միջից յարութիւն առնէ։
  • 10Եւ նորանք այն խօսքը պահեցին իրանց մօտ, եւ իրար հարցնում էին, թէ ի՞նչ է այն մեռելների միջից յարութիւն առնելը։
  • 11Եւ նորան հարցրին եւ ասեցին. Ի՞նչ է որ դպիրներն ասում են, թէ Պէտք է առաջ Եղիան գայ։
  • 12Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Իրաւ Եղիան առաջ կ’գայ, եւ ամեն բան կարգի կ’դնէ. Եւ ինչպէս գրուած է մարդի Որդու համար, թէ շատ պիտի չարչարուի եւ անարգուի։
  • 13Միայն ասում եմ ձեզ՝ թէ Եղիան եկաւ էլ, եւ ինչեր ուզեցին, նորան արին էլ. Ինչպէս նորա համար գրուած էր։
  • 14Եւ երբոր եկաւ աշակերտների մօտ, նորանց չորս կողմովը շատ ամբոխ տեսաւ, եւ դպիրներին, որ նորանց հետ վիճում էին։
  • 15Եւ շուտով բոլոր ժողովուրդը տեսնելով նորան, շատ զարմացան եւ առաջ վազելով նորան բարեւում էին։
  • 16Եւ նա հարցրեց դպիրներին, Ի՞նչ էիք վիճում նորանց հետ։
  • 17Եւ ժողովրդի միջից մէկը պատասխանեց եւ ասեց. Վարդապետ, իմ որդին քեզ մօտ բերի, որ համր ոգի ունի։
  • 18Եւ որտեղ որ նորան հասնում է, գետնով է տալիս նորան. Եւ նա փրփրում է՝ եւ ատամները կրճտում է, եւ ցամաքում է. Եւ քո աշակերտներին ասեցի, որ հանեն նորան, բայց չ’կարողացին։
  • 19Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Ով անհաւատ ազգ, մինչեւ ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ. Մինչեւ ե՞րբ պիտի ձեզ համբերեմ. Նորան ինձ մօտ բերէք։
  • 20Եւ նորան բերին նորա մօտ. եւ նորան որ տեսաւ, շուտով ոգին թափահարեց նորան. Եւ նա գետինն ընկած թաւալում էր փրփրելով։
  • 21Նորա հօրը հարցրեց, Քանի՞ ժամանակ է, որ այդ եղաւ դորան. Նա էլ ասեց՝ Երեխայութիւնիցը.
  • 22Եւ շատ անգամ էլ կրակի մէջ գցեց եւ ջրի մէջ, որ դորան կորցնէ, սակայն եթէ մի բան կարող ես, օգնիր մեզ՝ գթալով մեզ վերայ։
  • 23Յիսուսն էլ նորան ասեց. Այն՝ եթէ կարող ես հաւատալ, ամեն բան կարելի է հաւատացողին։
  • 24Եւ շուտով տղայի հայրն աղաղակեց եւ արտասուքով ասեց, Հաւատում եմ, Տէր, իմ անհաւատութեանն օգնիր։
  • 25Եւ երբոր Յիսուսը տեսաւ թէ ամբոխը դիզվում է, պիղծ ոգուն սաստեց եւ ասեց նորան. Համր եւ խուլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դորանից դուրս եկ, եւ այլ եւս դորա մէջ չ’մտնես։
  • 26Եւ նա աղաղակելով եւ սաստիկ թափահարելով նորան, դուրս եկաւ. Եւ նա մեռելի պէս եղաւ. Մինչեւ որ շատերն ասում էին թէ Մեռաւ։
  • 27Եւ Յիսուսը նորա ձեռքիցը բռնեց, վերկացրեց նորան. Եւ նա կանգնեց։
  • 28Եւ երբոր նա տուն մտաւ աշակերտներն առանձին հարցրին նորան թէ Մենք ի՞նչու չ’կարողացինք հանել նորան։
  • 29Եւ նա ասեց նորանց. Այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գայ, եթէ ոչ աղօթքով եւ ծոմով։
  • 30Եւ այնտեղից դուրս եկած Գալիլեայի միջովն անցնում էին. Եւ չէր ուզում որ մէկն իմանայ։
  • 31Որովհետեւ աշակերտներին սովորեցնում էր եւ նորանց ասում թէ մարդի Որդին մարդկանց ձեռքը պիտի մատնուի, եւ նորան կ’սպանեն. Բայց երբոր սպանուի, երրորդ օրումը յարութիւն կ’առնէ։
  • 32Իսկ նորանք այն խօսքը չէին իմանում, եւ վախենում էին հարցնել նորան։
  • 33Եւ եկաւ Կափառնայում. Եւ երբոր տանն էր, նորանց հարցնում էր՝ Ի՞նչ էիք ճանապարհին իրար հետ վիճում։
  • 34Բայց նորանք լռում էին, որովհետեւ ճանապարհին իրար հետ վիճում էին, թէ ո՞վ է մեծը։
  • 35Եւ նա նստեց տասնեւերկուսին կանչեց եւ ասեց նորանց. Եթէ մէկն ուզում է առաջին լինել, թող ամենից յետին եւ ամենի ծառայ լինի։
  • 36Եւ մի երեխայ առաւ, կանգնեցրեց նորան նորանց միջումը. Եւ նորան գրկելով ասեց նորանց.
  • 37Ով որ այսպիսի երեխաներից մէկին իմ անունովն ընդունի՝ ինձ է ընդունում. Եւ ով որ ինձ ընդունի՝ ինձ չէ ընդունում, այլ ինձ ուղարկողին։
  • 38Եւ Յովհաննէսը նորան պատասխանեց եւ ասեց. Վարդապետ, մէկին տեսանք, որ քո անունովը դեւեր էր հանում, եւ մեր ետեւից չէր գալիս, եւ մենք արգիլեցինք նորան, որովհետեւ մեր ետեւից չէր գալիս։
  • 39Յիսուսն էլ ասեց. Մի արգիլէք նորան. որովհետեւ ոչ ով չ’կայ՝ որ իմ անունովը մի զօրութիւն անէ, եւ կարողանայ շուտով հայհոյել ինձ։
  • 40Որովհետեւ ով որ մեզ հակառակ չէ, մեր կողմն է։
  • 41Որովհետեւ ով որ մի բաժակ ջուր խմեցնէ ձեզ իմ անունովը՝ թէ դուք Քրիստոսինն էք, ճշմարիտ ասում եմ ձեզ, նա չի կորցնիլ իր վարձքը։
  • 42Եւ ով որ գայթակղեցնէ այս փոքրներից մէկին, որ ինձ հաւատում են, աւելի լաւ էր նորան, որ նորա վզիցը մի ջաղացի քար անցնուի, եւ ծովը գցուի։
  • 43Եւ եթէ քո ձեռքը քեզ գայթակղեցնէ՝ կտրիր նորան, որովհետեւ լաւ է քեզ որ խեղ մտնես յաւիտենական կեանքը, քան երկու ձեռք ունենաս՝ եւ գեհենը գնաս այն անանցանելի կրակի մէջ.
  • 44Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չէ անցնում։
  • 45Եւ եթէ քո ոտքը քեզ գայթակղեցնէ՝ կտրիր նորան. Լաւ է քեզ որ կաղ մտնես յաւիտենական կեանքը, քան թէ երկու ոտք ունենաս՝ եւ գեհենը ընկնիս՝ այն անանցանելի կրակի մէջ.
  • 46Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չէ անցնում։
  • 47Եւ եթէ քո աչքը քեզ գայթակղեցնէ, դուրս հանիր նորան. Լաւ է քեզ՝ որ մէկ աչքով Աստուծոյ արքայութիւնը մտնես, քան թէ երկու աչք ունենաս՝ եւ կրակի գեհենն ընկնիս։
  • 48Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չէ անցնում։
  • 49Որովհետեւ բոլորը կրակով պէտք է աղանուի, եւ ամեն զոհ աղով պէտք է աղանուի։
  • 50Աղը բարի է. Իսկ եթե աղն անհամանայ, ի՞նչով պիտի համովացնէք. աղ ունեցէք ձեր անձերումը, եւ իրար հետ խաղաղութիւն արէք։
← Ցանկ