ՄԱՐԿՈՍ8
- 1Այն օրերին՝ երբոր խիստ շատ ժողովուրդ կար եւ բան չ’ունէին ուտելու, Յիսուսը իր աշակերտներին կանչեց՝ եւ ասեց նորանց.
- 2Խեղճս է գալիս այդ ժողովրդի վերայ. Որովհետեւ արդէն երեք օր է ինձ մօտ են, եւ բան չ’ունին որ ուտեն։
- 3Եւ եթէ նորանց սոված արձակեմ իրանց տները, կ’թուլանան ճանապարհին. Որովհետեւ դորանցից ոմանք հեռու տեղից են եկել։
- 4Նորա աշակերտները պատասխանեցին նորան. Ո՞ր տեղից կարող է մէկը հացով կշտացնել դորանց այստեղ՝ անապատումս։
- 5Եւ նա նորանց հարցրեց՝ Քանի՞ հաց ունիք։ Եւ նորանք ասեցին՝ Եօթը։
- 6Եւ նա ժողովրդին հրամայեց, որ գետնի վերայ նստեն. Եւ այն եօթը հացը առաւ, գոհացաւ, կտրեց, եւ իր աշակերտներին էր տալիս, որ գցեն. Եւ նորանք գցեցին ժողովրդի առաջին։
- 7Մի քիչ փոքր ձուկեր էլ ունէին. Եւ նա օրհնեց ու ասեց որ նորանց էլ գցեն։
- 8Կերան եւ կշտացան. Եւ կտորների աւելացածը եօթը զամբիւղ վեր առան։
- 9Եւ ուտողները չորս հազարի չափ էին. Եւ նորանց արձակեց։
- 10Եւ շուտով իր աշակերտների հետ նաւը մտաւ՝ եւ Դաղմանութայի կողմերն եկաւ։
- 11Եւ Փարիսեցիները դուրս եկան եւ սկսեցին նորա հետ վիճել. Եւ նորան փորձելով՝ նորանից նշան էին ուզում երկնքիցը։
- 12Եւ նա շատ զայրացաւ իր հոգիի մէջ եւ ասեց. Ի՞նչ է, որ այս ազգը նշան է ուզում. Ճշմարիտ ասում եմ ձեզ որ այս ազգին նշան չի տրուիլ։
- 13Եւ նորանց թողեց, դարձեալ նաւը մտաւ՝ եւ այն կողմը գնաց։
- 14Եւ մոռացան հաց վեր առնել, եւ մէկ հացից աւելի չ’ունէին իրանց հետ նաւի մէջ։
- 15Եւ նորանց պատուիրում էր եւ ասում. Զգոյշ կացէք Փարիսեցիների խմորիցը եւ Հերովդէսեանների խմորիցը։
- 16Եւ իրար հետ միտք էին անում եւ ասում, Որովհետեւ հաց չ’ունինք։
- 17Եւ Յիսուսը իմանալով ասեց նորանց. Ի՞նչ էք միտք անում թէ հաց չ’ունիք. Տակաւին չէ՞ք իմանում եւ չէ՞ք յիշում. Տակաւին թմրա՞ծ է ձեր սիրտը։
- 18Աչք ունիք՝ եւ չէ՞ք տեսնում. Եւ ականջ ունիք՝ եւ չէ՞ք լսում. Եւ չէ՞ք յիշում։
- 19Երբոր այն հինգ հացը այն հինգ հազարի համար կտրեցի, քանի՞ կողով լիքը վեր առաք նորա կտորները. Եւ նորան ասեցին՝ Տասնեւերկու։
- 20Եւ երբոր եօթը հացը չորս հազարին համար, քանի՞ զամբիւղ լիքը վեր առաք նորա կտորները. Եւ նորանք ասեցին, Եօթը։
- 21Եւ նորանց ասեց. Ապա ի՞նչպէս չէք իմանում։
- 22Եւ գալիս է Բեթսայիդա. Եւ նորա առաջին մի կոյր են բերում եւ նորան աղաչում, որ դպչի նորան։
- 23Եւ կոյրի ձեռքիցը բռնեց՝ շէնիցը դուրս հանեց, եւ նորա աչքերի մէջ թքելով, եւ ձեռքը վերան դնելով նորան հարցրեց, թէ մի բան տեսնո՞ւմ է։
- 24Եւ նա մտիկ տուաւ եւ ասում էր. Մարդիկը տեսնում եմ որ իբր ծառերի պէս՝ ման են գալիս։
- 25Յետոյ ձեռքերը դարձեալ նորա աչքերի վերայ դրաւ եւ նորան նայել տուաւ. Եւ նա ողջացաւ՝ եւ ամեն բան համարձակ տեսնում էր։
- 26Եւ նորան ուղարկեց նորա տունն եւ ասեց. Ոչ գիւղը մտնես, ոչ էլ գիւղի մէջ մէկին ասես։
- 27Եւ Յիսուսը իր աշակերտների հետ դուրս գնաց Փիլիպպեայ Կեսարիայի գիւղերը, եւ ճանապարհին հարցնում էր իր աշակերտներին եւ ասում. Մարդիկ ինձ համար ո՞վ են ասում, թէ եմ։
- 28Նորանք էլ պատասխանեցին. Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշները Եղիան, ուրիշներն էլ՝ Մարգարէներից մէկը։
- 29Նա էլ ասեց նորանց. Ապա դուք ո՞վ էք ասում ինձ համար, թէ եմ։ Պետրոսը պատասխանեց եւ նորան ասեց. Դու ես Քրիստոսը։
- 30Եւ նա նորանց սաստեց, որ ոչ ոքի չ’ասեն իրան համար։
- 31Եւ սկսեց սովորեցնել նորանց, թէ պէտք է մարդի Որդին շատ չարչարուի, եւ անարգուի ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը, եւ սպանուի եւ երեք օրից յետոյ յարութիւն առնէ։
- 32Եւ համարձակ խօսում էր այս խօսքը. Եւ Պետրոսը նորան մի կողմ քաշեց եւ սկսեց սաստել նորան։
- 33Եւ նա դառաւ, իր աշակերտներին տեսաւ՝ Պետրոսին սաստեց եւ ասեց. Յե՛տս գնա, սատանայ, որ դու Աստուծոյ բաները չես միտք անում, այլ մարդկանց բաները։
- 34Եւ նա ժողովուրդն իր աշակերտների հետ իրան մօտ կանչեց՝ եւ նորանց ասեց. Ով որ ուզում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչը վեր առնէ, եւ իմ ետեւից գայ։
- 35Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել՝ կ’կորցնէ նորան. Եւ ով որ իր անձն ինձ համար եւ աւետարանի համար կորցնէ, նա կ’ապրեցնէ նորան։
- 36Որովհետեւ ի՞նչ օգուտ է մարդի, եթէ բոլոր աշխարհս ստանայ՝ եւ իր անձը կորցնէ։
- 37Կամ ի՞նչ փրկանք կ’տայ մարդ իր անձի համար։
- 38Որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ համարէ այս շնացող եւ մեղաւոր ազգի մէջ, մարդի Որդին էլ նորան ամօթ կ’համարէ երբոր գայ իր Հօր փառքովը եւ սուրբ հրեշտակներովը։