ՄԱՐԿՈՍ7
- 1Եւ ժողովուեցան նորա մօտ Փարիսեցիները եւ դպիրներից ոմանք, որ Երուսաղէմից եկել էին։
- 2Եւ երբոր տեսան, որ նորա աշակերտներից մի քանիսը խառնակ ձեռքով, այսինքն առանց լուանալու հաց էին ուտում, բամբասեցին։
- 3Որովհետեւ Փարիսեցիները եւ բոլոր Հրէաները թէ որ մի լաւ չ’լուանան ձեռքերը՝ չեն ուտում. Որովհետեւ պահում են ծերերի աւանդութիւնը։
- 4Եւ հրապարակից գալիս, եթէ չ’լուացուին, չեն ուտում. Եւ ուրիշ շատ բաներ կան, որ ընդունեցին պահել, բաժակների եւ անօթների եւ պղնձէ ամանների եւ մահիճների լուացմունքներ։
- 5Յետոյ Փարիսեցիները եւ դպիրները հարցրին նորան, թէ Ինչո՞ւ քո աշակերտները ծերերի աւանդութեան համեմատ չեն գնում. Այլ անլուայ ձեռքով հաց են ուտում։
- 6Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց, թէ Եսայիան լաւ մարգարէացաւ ձեզ կեղծաւորներիդ վերայ, ինչպէս գրուած է. Այս ժողովուրդը շրթունքներով է պատվում ինձ, իսկ նորանց սիրտը ինձանից հեռացած ջոկուած է։
- 7Եւ զուր տեղն են պաշտում ինձ. Սովորեցնելով այնպիսի վարդապետութիւններ, որ մարդկանց պատուէրներ են։
- 8Որովհետեւ Աստուծոյ պատուիրանքը թողած՝ պահում էք մարդկանց աւանդութիւնը, անօթների եւ ամանների լուացմունքներ՝ եւ սորանց նման էլ ուրիշ շատ բաներ էք անում։
- 9Եւ նորանց ասեց. Լաւ էք անարգում Աստուծոյ պատուիրանքը, որ ձեր աւանդութիւնը պինդ պահէք։
- 10Որովհետեւ Մովսէսն ասեց. Պատուիր քո հօրը եւ քո մօրը. Եւ նա որ հօրիցը կամ մօրիցը չարախօսութիւն անէ, թող մահով մեռնի։
- 11Բայց դուք ասում էք, Եթէ մարդս հօրը կամ մօրը ասէ, Կորբան է (այսինքն պատարագ) այն որ ինձանից պէտք է շահուիս, ազատ է լինում։
- 12Եւ այլեւս թոյլ չէք տալիս նորան որ մի բան անէ իր հօրը կամ իր մօրը։
- 13Եւ Աստուծոյ խօսքն անարգում էք ձեր աւանդութիւնովն, որ աւանդեցիք. Եւ սորան նման ուրիշ էլ շատ բաներ էք անում։
- 14Եւ բոլոր ժողովուրդն իրան մօտ կանչելով ասեց նորանց. Ամենքդ ինձ լսեցէք, եւ հասկացէք։
- 15Ոչինչ չ’կայ մարդից դուրս նորա մէջ մտնող, որ կարողանայ պղծել նորան, այլ նորանից այն դուրս եկողներն են որ մարդին պղծում են։
- 16Ով որ լսելու ականջ ունի, թող լսէ։
- 17Եւ երբոր ամբոխիցը տուն եկաւ, նորա աշակերտները հարցրին նորան այն առակի համար։
- 18Եւ նա ասեց նորանց. Դո՞ւք էլ այդչափ անմիտ էք. Չէ՞ք իմանում, որ ամեն ինչ որ դրսիցը մտնում է մարդի մէջ՝ չէ կարող նորան պղծել։
- 19Որովհետեւ նորա սիրտը չէ մտնում, այլ փորը, եւ դուրս է գնում արտաքնոցը՝ ամեն կերակուրները սրբելով։
- 20Եւ ասում էր թէ Մարդիցը դուրս եկողն է պղծում մարդին։
- 21Որովհետեւ ներսիցը մարդկանց սրտիցն են դուրս գալիս չար խորհուրդներ, շնութիւններ, պոռնկութիւններ,
- 22Սպանութիւններ, գողութիւններ, ագահութիւններ, չարութիւններ, նենգութիւն, պիղծ ցանկութիւն, չար աչք, հայհոյութիւն, ամբարտաւանութիւն, անզգամութիւն։
- 23Այս ամեն չար բաները ներսիցն է դուրս գալիս, եւ մարդին պղծում։
- 24Եւ այնտեղից վերկացաւ՝ եւ եկաւ Տիւրոսի եւ Սիդոնի սահմանները. Եւ տուն որ մտաւ՝ չէր ուզում որ մէկն իմանայ, բայց չ’կարողացաւ ծածկուիլ.
- 25Որովհետեւ նորա համար լսեց մի կին, որի աղջիկը պիղծ ոգի ունէր. Եկաւ նորա ոտների առաջին ընկաւ։
- 26Եւ այն կինը Յոյն էր՝ ազգաւ Փիւնիկ Ասորի. Եւ աղաչում էր նորան, որ դեւն իր աղջկանիցը դուրս հանէ։
- 27Յիսուսն էլ ասեց նորան. Թող առաջ երեխաները կշտանան. Որովհետեւ լաւ չէ երեխաների հացն առնել եւ շներին գցել։
- 28Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Այո, Տէր, որովհետեւ շներն էլ սեղանի տակին՝ երեխաների փշրանքից են ուտում։
- 29Եւ ասեց նորան, Այս խօսքի համար գնա, դեւը դուրս եկաւ քո աղջկանիցը։
- 30Եւ իր տունը որ գնաց, գտաւ դեւը դուրս եկած, եւ աղջիկը մահճի վերայ պառկած։
- 31Եւ դարձեալ Տիւրոսի եւ Սիդոնի սահմաններիցը դուրս գնաց, եւ Գալիլեայի ծովի մօտ եկաւ՝ Դեկապոլիսի սահմանների միջից։
- 32Եւ մի խուլ եւ դժուարախօս բերին նորան, եւ աղաչում էին, որ ձեռքը դնէ նորա վերայ։
- 33Եւ նա նորան ամբոխիցը մի կողմ տարաւ, իր մատները նորա ականջների մէջ դրաւ եւ թքեց, եւ նորա լեզուին դպաւ։
- 34Եւ դէպի երկինքը նայելով հառաչեց եւ ասեց նորան. Եփփաթա՝ այսինքն բացուիր։
- 35Եւ շուտով նորա ականջները բացուեցան, եւ նորա լեզուին կապն արձակուեցաւ, եւ խօսում էր ուղիղ։
- 36Եւ նորանց պատուիրեց՝ որ ոչ ոքի չ’ասեն. Եւ որչափ նա պատուիրում էր նորանց, նորանք էլ աւելի էին հռչակում։
- 37Եւ չափից դուրս զարմանում էին եւ ասում. Սա ամեն բան լաւ գործեց. Խուլերին լսել է տալիս՝ եւ համրերին՝ խօսել։