ՄԱՐԿՈՍ6
  • 1Եւ այն տեղից դուրս գնաց, եկաւ իր հայրենիքը. Եւ նորա աշակերտները նորա ետեւից գնում էին։
  • 2Եւ որովհետեւ շաբաթ էր սկսեց ժողովարանի մէջ սովորեցնել. Եւ շատերը լսելով զարմանում էին եւ ասում. Սորան ո՞րտեղից է այս բաները, կամ սա ի՞նչ իմաստութիւն է՝ որ տրուած է սորան, որ այսպիսի զօրութիւններ էլ են լինում սորա ձեռովը։
  • 3Չէ՞ որ սա է հիւսը՝ Մարիամի որդին, Յակոբի եւ Յովսէսի եւ Յուդայի եւ Սիմօնի եղբայրը, եւ չէ՞ որ դորա քոյրերը այստեղ մեզ մօտ են. Եւ նորա վերայ գայթակղում էին։
  • 4Յիսուսն էլ նորանց ասեց. Մի մարգարէ անարգ չէ, բայց միայն իր հայրենիքի եւ իր ազգականների եւ իր տան մէջ։
  • 5Եւ չէր կարողանում այնտեղ ոչ մի զօրութիւն անել. Բայց միայն մի քանի հիւանդների վերայ ձեռք դրաւ եւ բժշկեց։
  • 6Եւ նորանց անհաւատութեան համար զարմանում էր։ Եւ ման էր գալիս չորս կողմի գիւղերը եւ սովորեցնում։
  • 7Եւ տասնեւերկուսին իր մօտ կանչեց, եւ սկսեց նորանց երկու երկու ուղարկել, եւ նորանց իշխանութիւն էր տալիս պիղծ ոգիների վերայ։
  • 8Եւ նորանց պատուիրում էր, որ ճանապարհի համար ոչինչ վեր չ’առնեն, բայց միայն մի գաւազան. Ոչ պարկ, ոչ հաց, ոչ պղնձէ փող գօտիի մէջ.
  • 9Այլ հողաթափ հագնեն. Եւ երկու հանդերձ չ’հագնէք ասեց։
  • 10Եւ նորանց ասում էր. Որ տուն որ մտնէք, այնտեղ մնացէք, մինչեւ որ այնտեղից դուրս գնաք։
  • 12Եւ նորանք դուրս ելան, քարոզում էին, որ ապաշխարեն։
  • 13Եւ շատ դեւեր էին հանում, եւ շատ հիւանդներին իւղով օծում էին՝ եւ նորանց բժշկում էին։
  • 14Եւ Հերովդէս թագաւորը լսեց, (որովհետեւ նորա անունը յայտնի եղաւ.) եւ ասում էր, թէ Յովհաննէս Մկրտիչը մեռելների միջից յարութիւն է առել, եւ նորա համար զօրութիւններ են գործվում նորանով։
  • 15Ուրիշներն ասում էին, թէ Եղիան է. Ուրիշներն էլ ասում էին թէ Մարգարէ է, կամ թէ մարգարէներից մէկի պէս։
  • 16Եւ երբոր Հերովդէսը լսեց, ասեց. Սա Յովհաննէսն է՝ որի գլուխը ես կտրեցի. Նա մեռելների միջից յարութիւն է առել։
  • 17Որովհետեւ Հերովդէսն ինքն ուղարկեց, Յովհաննէսին բռնեց եւ նորան կապեց բանտի մէջ իր եղբոր՝ Փիլիպպոսի կին Հերովդիայի համար, որ կին էր առել նորան։
  • 18Որովհետեւ Յովհաննէսը Հերովդէսին ասում էր, թէ Օրէնք չէ քեզ՝ քո եղբօր կինն ունենալ։
  • 19Եւ Հերովդիան նորա դէմ ոխ էր պահում, եւ ուզում էր սպանել նորան, եւ չէր կարողանում։
  • 20Որովհետեւ Հերովդէսը Յովհաննէսից վախենում էր՝ նորան արդար եւ սուրբ մարդ ճանաչելով, եւ պահում էր նորան. Եւ նորանից լսելով՝ շատ բան էր անում, եւ քաղցրութիւնով լսում էր նորան։
  • 21Եւ մի յարմար օր պատահելով, երբոր Հերովդէսը իր ծննդի օրը ընթրիք էր տալիս իր նախարարներին եւ զօրապետներին եւ Գալիլեացիների մեծամեծներին.
  • 22Եւ երբոր իսկ Հերովդիայի աղջիկը մտաւ՝ պարեց, եւ Հերովդէսին եւ նորա հետ նստածներին հաճոյ եղաւ. Թագաւորն ասեց աղջկանը. Խնդրիր ինձանից ինչ որ ուզես, եւ ես կ’տամ քեզ։
  • 23Եւ երդում արաւ նորան՝ թէ ինչ բան որ դու խնդրես ինձանից, կ’տամ քեզ, մինչեւ իմ թագաւորութեան կէսը։
  • 24Նա էլ դուրս գնաց ասեց իր մօրը, Ի՞նչ խնդրեմ. Եւ նա էլ ասեց, Յովհաննէս Մկրտչի գլուխը։
  • 25Եւ իսկոյն շտապելով թագաւորի մօտ գնաց, խնդրեց եւ ասեց. Կամենում եմ որ հէնց հիմա սկուտեղի վերայ տաս ինձ Յովհաննէս Մկրտչի գլուխը։
  • 26Եւ թագաւորը շատ տրտմեց. Բայց իր երդմունքի եւ կանչուած մարդկանց համար չ’կամեցաւ անարգել նորան։
  • 27Եւ թագաւորը շուտով դահիճ ուղարկեց եւ հրամայեց նորա գլուխը բերել. Նա էլ գնաց գլուխը կտրեց բանտի մէջ։
  • 28Եւ նորա գլուխը սկուտեղով բերաւ եւ աղջկանը տուաւ նորան, աղջիկն էլ տուաւ իր մօրը։
  • 29Եւ երբոր նորա աշակերտները լսեցին, եկան նորա մարմինը վեր առան եւ գերեզմանի մէջ դրին։
  • 30Եւ առաքեալները Յիսուսի մօտ ժողովուեցան, եւ պատմեցին նորան բոլորը՝ թէ՛ ինչ որ արել էին, թէ՛ ինչ որ սովորեցրել էին։
  • 31Եւ նա ասեց նորանց. Դուք առանձին անապատ տեղ եկէք, եւ մի քիչ հանգիստ առէք. որովհետեւ եկող եւ գնացողները շատ էին, եւ հաց ուտելու էլ ժամանակ չ’ունէին։
  • 32Եւ նաւով առանձին անապատ տեղ գնացին։
  • 33Եւ ժողովուրդները տեսան նորանց որ գնում էին, եւ շատերը ճանաչեցին նորան. Եւ ամեն քաղաքներից ոտով այնտեղ էին վազում, եւ նորանից առաջ եկան եւ նորա մօտ հաւաքուեցան։
  • 34Եւ երբոր Յիսուսը դուրս եկաւ շատ ամբոխ տեսաւ, եւ նորանց վերայ գթաց. Որովհետեւ հովիւ չ’ունեցող ոչխարների պէս էին, եւ սկսեց նորանց շատ բաներ սովորեցնել։
  • 35Եւ երբոր արդէն շատ ժամանակ էր անցել, նորա աշակերտները մօտ եկան եւ ասեցին, թէ Այս տեղը անապատ է, եւ ժամանակն էլ արդեն ուշ։
  • 36Արձակիր դորանց, որ չորս կողմի շէները եւ գիւղերը գնան իրանց համար հաց առնեն. Որովհետեւ այստեղ ուտելու բան չ’ունին։
  • 37Նա էլ պատասխանեց եւ նորանց ասեց. Դուք տուէք դորանց ուտել. Նորանք էլ ասեցին նորան, Գնա՞նք երկու հարիւր դահեկանի հաց առնենք, եւ դորանց տանք որ ուտեն։
  • 38Նա էլ նորանց ասեց. Քա՞նի հատ հաց ունիք. Գնացէք եւ տեսէք. Երբ որ գիտացին, նորան ասեցին. Հինգ, եւ երկու ձուկ։
  • 39Եւ հրամայեց նորանց՝ որ ամենքը գունդ գունդ կանանչ խոտի վերայ նստեն։
  • 40Եւ դաս դաս նստեցին, հարիւր հարիւր՝ եւ յիսուն յիսուն։
  • 41Եւ այն հինգ հացը եւ երկու ձուկն առած դէպի երկինքը նայեց՝ օրհնեց կտրեց հացերը, եւ իր աշակերտներին տուաւ որ գցեն նորանց առաջը. Եւ այն երկու ձուկը բաժանեց ամենին։
  • 42Եւ ամենքը կերան եւ կշտացան,
  • 43Եւ փշրանքներից տասնեւերկու կողով լիքը վեր առան, եւ ձկներիցն էլ։
  • 44Եւ հացը ուտողները հինգ հազարի չափ մարդիկ էին։
  • 45Եւ շուտով ստիպեց իր աշակերտներին, որ նաւը մտնեն, եւ առաջ այն կողմը՝ Բեթսայիդա գնան, մինչեւ որ ինքը ժողովուրդին արձակէ։
  • 46Եւ նորանցից բաժանուելով, վեր ելաւ սարը աղօթք անելու։
  • 47Եւ երբոր իրիկուն եղաւ, նաւը ծովի մէջտեղն էր, եւ ինքն մինակ ցամաքումը։
  • 48Եւ տեսաւ նորանց, որ նաւելիս ալէկոծվում էին, որովհետեւ քամին ներհակ էր նորանց. Եւ գիշերուայ չորրորդ պահին ծովի վերայ գնալով՝ նորանց մօտ եկաւ, եւ ուզում էր նորանցից անցնել։
  • 49Նորանք էլ երբոր տեսան ծովի վերայ գնալիս՝ կարծեցին թէ աչքի երեւոյթ բան լինի, եւ աղաղակ բարձրացրին։
  • 50Որովհետեւ ամենքը նորան տեսան՝ եւ շփոթուեցան. Եւ շուտով խօսեց նորանց հետ եւ ասեց. Քաջ եղէք, ես եմ, մի վախենաք։
  • 51Եւ վեր ելավ նաւը նորանց մօտ՝ եւ քամին դադարեց, եւ իրանց մէջ խիստ չափազանց ապշել էին, եւ զարմանում էին.
  • 52Որովհետեւ այն հացի վերայ էլ չ’իմացան. Որովհետեւ նորանց սիրտը թմրած էր։
  • 53Եւ այն կողմն անցնելով, Գեննեսարէթի երկիրը եկան, եւ խարիսխը գցեցին։
  • 54Եւ երբոր նորանք նաւիցը դուրս եկան, այն տեղացիք շուտով ճանաչեցին նորան։
  • 55Եւ գաւառի կողմերը վազելով՝ սկսեցին հիւանդներին մահիճներով բերել, որտեղ որ լսում էին՝ թէ այնտեղ է։
  • 56Եւ որտեղ որ մտնում էր՝ գիւղեր թէ քաղաքներ թէ ագարակներ, հիւանդներին հրապարակների մէջ էին դնում, եւ նորան աղաչում էին որ գոնէ հանդերձի ծայրին դպչեն. Եւ որոնք որ դպան նորան, փրկուեցան։
← Ցանկ