ՄԱՐԿՈՍ2
- 1Եւ դարձեալ մտաւ Կափառնայում մի քանի օրից յետոյ,
- 2Եւ լսուեցաւ թէ տանն է, եւ շուտով շատ մարդիկ ժողովուեցան, մինչեւ որ տեղ չ’կար եւ ոչ էլ դռան մօտ. Եւ նա խօսում էր նորանց Աստուծոյ խօսքը։
- 3Եւ գալիս էին նորա մօտ, եւ մի անդամալոյծ էին բերում չորս մարդով վեր առած։
- 4Եւ երբոր չ’կարողացան մօտենալ նորան ամբոխի պատճառով, այն տան ծածքը քանդեցին, ուր էր Յիսուսը, եւ ծակ բանալով իջեցրին մահիճը, որի վերայ պառկած էր անդամալոյծը։
- 5Յիսուսն էլ նորանց հաւատքը տեսնելով, ասեց անդամալոյծին. Որդեակ, թողուած են քեզ քո մեղքերը։
- 6Եւ դպիրներից ոմանք այնտեղ նստած էին. Եւ իրանց սրտերումը միտք էին անում.
- 7Ի՞նչու համար սա այսպէս հայհոյութիւններ է խօսում. ո՞վ կարող է մեղք թողել, եթէ ոչ մէկը՝ Աստուած։
- 8Եւ Յիսուսը իր հոգիի մէջ շուտով գիտաց, թէ իրանց սրտումն այսպէս են միտք անում, եւ ասեց նորանց. Ի՞նչու էք ձեր սրտերումն այդ բաները մտածում։
- 9Ո՞րն է հեշտ. Անդամալոյծին ասել՝ Թողուած են քեզ քո մեղքերը, կամ ասել՝ Վեր կաց, քո մահիճն առ եւ ման եկ։
- 10Բայց որ իմանաք, թէ Որդին մարդոյ իշխանութիւն ունի երկրի վերայ մեղքեր թողելու. (անդամալոյծին ասեց).
- 11Ասում եմ քեզ. Վեր կաց, քո մահիճն առ եւ գնա քո տունը։
- 12Եւ նա շուտով վերկացաւ, մահիճն առաւ, եւ ամենի առաջին դուրս գնաց. Մինչեւ որ ամենքը զարմանում էին եւ Աստուծուն փառաւորում ասելով թէ Երբէք այսպիսի բան չենք տեսել։
- 13Եւ դարձեալ դէպի ծովի եզրը դուրս գնաց, եւ բոլոր ժողովուրդը նորա մօտ էր գալիս. Եւ նա սովորեցնում էր նորանց։
- 14Եւ անցնելիս տեսաւ Ղեւի Ալփեանին՝ նստած մաքսաւորութեան. Եւ նորան ասեց. Իմ ետեւից եկ. Եւ նա վերկացաւ գնաց նորա ետեւից։
- 15Եւ եղաւ, երբոր նորա տանը սեղանի վերայ նստած էր, շատ մաքսաւորներ եւ մեղաւորներ էլ Յիսուսի եւ նորա աշակերտների հետ սեղան էին նստած, որովհետեւ շատ մարդիկ էին, որ նորա ետեւից գնում էին։
- 16Բայց դպիրները եւ Փարիսեցիները տեսնելով որ մաքսաւորների եւ մեղաւորների հետ ուտում է, ասեցին նորա աշակերտներին. Այդ ի՞նչ է, որ մաքսաւորների եւ մեղաւորների հետ ուտում է եւ խմում է։
- 17Եւ Յիսուսը երբոր լսեց, ասեց նորանց. Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիւանդներին. Ես չ’եկայ արդարներին այլ մեղաւորներին ապաշխարութեան կանչելու։
- 18Եւ Յովհաննէսի աշակերտները եւ Փարիսեցիները ծոմ էին պահում եւ եկան նորան ասեցին. Ի՞նչու Յովհաննէսի եւ Փարիսեցիների աշակերտները ծոմ են պահում, բայց քո աշակերտները ծոմ չեն պահում։
- 19Եւ Յիսուսը նորանց ասեց. Մի՞թէ կարող են հարսնիքի որդիքը ծոմ պահել՝ քանի որ փեսան նորանց հետ է. Քանի որ փեսան իրանց հետ ունին, չեն կարող ծոմ պահել։
- 20Բայց օրեր կ’գան, որ փեսան նորանցից վեր կ’առնուի, եւ ապա այն օրերումը ծոմ կ’պահեն։
- 21Եւ ոչ ով նոր լաթից կարկատան չի գցիլ հին հանդերձի վերայ, ապա թէ ոչ՝ նորն իր ուժովն այն հնիցն կ’առնէ, եւ պատռուածքն էլ աւելի չար կ’լինի։
- 22Եւ ոչ ով նոր գինին հին տկերի մէջ չի ածիլ. Ապա թէ ոչ՝ նոր գինին տկերը կ’պատռէ, եւ գինին կ’թափուի, տկերն էլ կ’կորչեն. Այլ նոր գինին նոր տկերի մէջ պէտք է ածուի։
- 23Եւ եղաւ որ նա շաբաթ օրը արտերի միջովն անցնում էր եւ նորա աշակերտներն սկսեցին գնալ հասկ պոկելով։
- 24Եւ Փարիսեցիներն ասեցին նորան. Տես, ինչ են գործում շաբաթ օրը, որ արժան չէ։
- 25Եւ նա ասեց նորանց. Դուք երբէք չէ՞ք կարդացել, թէ Դաւիթն ինչ արաւ, երբոր պէտք ունէր, եւ սովեց ինքը եւ նորա հետ լինողներն։
- 26Ինչպես Աստուծոյ տունը մտաւ Աբիաթար քահանայապետի օրին. Եւ առաջաւորութեան հացերը կերաւ, որ ուրիշի օրէնք չէր ուտել, բայց միայն քահանայից. Եւ իր հետ լինողներին էլ տուաւ։
- 27Եւ նորանց ասեց. Շաբաթը մարդի համար եղաւ, եւ ոչ թէ մարդը շաբաթի համար։
- 28Ուրեմն մարդի Որդին շաբաթի էլ տէրն է։