ՄԱՐԿՈՍ15
- 1Եւ շուտով առաւօտանց քահանայապետները ծերերի եւ դպիրների հետ՝ եւ բոլոր ատեանը խորհուրդ արին, Յիսուսին կապեցին՝ եւ տարան մատնեցին Պիղատոսին։
- 2Եւ Պիղատոսը նորան հարցրեց. Դո՞ւ ես Հրէից թագաւորը. Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Դու ես ասում։
- 3Եւ քահանայապետները շատ ամբաստանութիւններ էին անում նորանից.
- 4Եւ Պիղատոսը դարձեալ հարցրեց նորան եւ ասեց. Ոչինչ պատասխան չե՞ս տալիս. Տես ո՛րքան են վկայում քեզ դէմ։
- 5Բայց Յիսուսը դարձեալ ոչինչ չ’պատասխանեց, մինչեւ որ Պիղատոսը զարմացաւ։
- 6Բայց նա ամեն տօնի ժամանակին մէկ բանտարկեալ էր արձակում նորանց համար, որին որ խնդրում էին։
- 7Եւ Բարաբբա ասուած մէկը կար այն խռովարարների հետ կապուած, որ իրանց խռովութիւնումը մարդասպանութիւն էին արել։
- 8Եւ ամբոխն սկսեց բարձր ձայնով աղաղակել եւ խնդրել, որ անէ ինչպէս միշտ անում էր նորանց։
- 9Պիղատոսն էլ պատասխանեց նորանց եւ ասեց. Կամենո՞ւմ էք՝ Հրէից թագաւորը կ’արձակեմ ձեզ համար։
- 10Որովհետեւ գիտէր որ քահանայապետները նախանձով էին մատնել նորան։
- 11Բայց քահանայապետներն ամբոխին գրգռեցին, որ աւելի Բարաբբային արձակէ նորանց համար։
- 12Եւ Պիղատոսը դարձեալ պատասխանեց նորանց եւ ասեց. Ապա ի՞նչ էք ուզում որ անեմ նորան որին ասում էք Հրէից թագաւոր.
- 13Եւ նորանք դարձեալ աղաղակեցին, Խաչիր նորան։
- 14Պիղատոսն էլ նորանց ասեց. Ապա ի՞նչ չար բան է արել. Եւ նորանք առաւել եւս աղաղակում էին, Խաչիր դորան։
- 15Բայց Պիղատոսը՝ որովհետեւ կամենում էր ամբոխը գոհացնել, Բարաբբային արձակեց նորանց համար. Եւ Յիսուսին ծեծեց՝ նորանց յանձնեց, որ խաչուի։
- 16Եւ զինուորները նորան տարան սրահի ներսը այսինքն պալատը. Եւ բոլոր գունդը մէկտեղ կանչեցին։
- 17Եւ նորան ծիրանի հագցրին եւ փշերից շինած պսակ դրին նորա գլխին.
- 18Եւ սկսեցին նորան ողջոյն տալ. Բարե՜ւ, Հրէից թագաւոր։
- 19Եւ նորա գլուխը եղէգով ծեծում էին, եւ նորա վերայ թքում էին՝ եւ ծունկ դնելով երկրպագում էին նորան։
- 20Եւ երբոր ծաղր արին նորան, այն ծիրանին նորանից հանեցին, եւ իր հանդերձները հագցրին, եւ դուրս տարան որ խաչեն նորան։
- 21Եւ պահակ բռնեցին Սիմօն Կիւրենացուն, Աղեքսանդրի եւ Ռուփոսի հօրը՝ որ արտիցը գալով այն տեղից անցնում էր, որ նորա խաչը վեր առնէ։
- 22Եւ նորան տարան մի Գողգոթա ասուած տեղ, որ թարգմանվում է Գանկի տեղ։
- 23Եւ նորան զմռսած գինի էին տալիս խմելու, բայց նա չ’առաւ։
- 24Եւ նորան խաչեցին եւ բաժանեցին նորա հանդերձները վիճակ գցելով սորանց վերայ՝ թէ ով ինչ պիտի առնէ։
- 25Եւ ժամը երրորդն էր՝ որ նորան խաչեցին։
- 26Եւ նորա յանցանքի գիրը գրուած էր՝ ՀՐԷԻՑ ԹԱԳԱՒՈՐԸ։
- 27Եւ նորա հետ երկու աւազակ խաչեցին, մէկը նորա աջ կողմին եւ մէկը ձախ կողմին։
- 28Եւ կատարուեցաւ այն գիրը, որ ասում է, Անօրէնների հետ համարուեցաւ։
- 29Եւ այնտեղով անցնողները նորան հայհոյում էին, իրանց գլուխները շարժելով ու ասելով, Վա՛հ, ով տաճարը քանդող՝ ու երեք օրումը շինող,
- 30Ապրեցրու քո անձը եւ իջիր խաչիցդ։
- 31Նոյնպէս էլ քահանայապետները դպիրների հետ միասին ծաղր էին անում եւ ասում. Ուրիշներին ապրեցրեց՝ իր անձը չէ կարողանում ապրեցնել։
- 32Քրիստոսը՝ Իսրայէլի թագաւորը թող հիմա խաչիցը իջնէ, որ տեսնենք եւ հաւատանք. Եւ նորա հետ խաչուածներն էլ էին նորան նախատինք տալիս։
- 33Եւ երբոր ժամը վեցը եկաւ, խաւար եղաւ բոլոր երկրի վերայ մինչեւ ինը ժամը։
- 34Եւ իններորդ ժամին Յիսուսը մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Է՛լի, Է՛լի լա՛մա սաբաքթանի. Որ թարգմանվում է՝ Իմ Աստուած, իմ Աստուած, ի՞նչու թողիր ինձ։
- 35Եւ այնտեղ կանգնածներիցը ոմանք, երբոր լսեցին, ասում էին. Ահա Եղիային է կանչում։
- 36Եւ մէկը վազեց մի սպունգ քացախով լցրեց, եւ եղէգի վերայ դրաւ, տուաւ նորան՝ որ խմէ, եւ ասեց. Թողէք տեսնենք, Եղիան կ’գա՞յ որ նորան վայր բերէ։
- 37Եւ Յիսուսը մեծ ձայն արձակեց՝ եւ հոգին տուաւ։
- 38Եւ տաճարի վարագոյրն երկու պատառուեցաւ՝ վերեւից մինչեւ ցածը։
- 39Եւ հարիւրապետը, որ այնտեղ նորա դիմացը կանգնած էր, երբոր տեսաւ թէ Յիսուսը այսպէս աղաղակելով հոգի տուաւ, ասեց. Ճշմարի՜տ, այս մարդն Աստուծոյ Որդի էր։
- 40Կանայք էլ կային, որ հեռուանց մտիկ էին տալիս, որոնց միջումն էր Մարիամ Մագդաղենացին, եւ փոքր Յակոբոսի եւ Յովսէսի մայրը Մարիամ եւ Սաղովմէն,
- 41Որոնք էլ, երբոր նա Գալիլեա էր, նորա ետեւից գնում եւ նորան ծառայում էին. Եւ ուրիշ շատ կանայք էլ, որ նորա հետ Երուսաղէմ էին եկել։
- 42Եւ երբոր արդէն իրիկուն եղաւ, որովհետեւ ուրբաթ էր՝ այսինքն շաբաթից առաջի օրը.
- 43Եկաւ Արիմաթացի Յովսէփը՝ մի երեւելի խորհրդական, որ ինքն էլ Աստուծոյ արքայութեան սպասում էր. Համարձակելով մտաւ Պիղատոսի մօտ, եւ խնդրեց Յիսուսի մարմինը։
- 44Եւ Պիղատոսը զարմացաւ, թէ արդէն մեռել է. Եւ հարիւրապետին իրան մօտ կանչեց, նորան հարցրեց եւ ասեց, թէ Շատո՞նց է որ մեռաւ։
- 45Եւ հարիւրապետիցը տեղեկանալով, մարմինը Յովսէփին շնորհեց։
- 46Եւ Յովսէփը կտաւ առաւ եւ նորան իջեցրեց կտաւով պատեց, եւ նորան մի գերեզմանի մէջ դրաւ, որ փորուած էր քարից. Եւ մի քար թաւալեց գերեզմանի դռանը։
- 47Եւ Մարիամ Մագդաղենացին եւ Յովսէսի մայր Մարիամն էլ տեսան այն տեղը, ուր որ նա դրուեցաւ։