ՄԱՐԿՈՍ14
  • 1Եւ երկու օրից յետոյ զատիկն էր եւ բաղարջակերք, եւ քահանայապետները եւ դպիրները որոնում էին թէ ի՞նչպէս նորան նենգութեամբ բռնեն սպանեն։
  • 2Բայց ասում էին՝ Ոչ թէ տօնումը, մի գուցէ ժողովրդի մէջ խռովութիւն լինի։
  • 3Եւ երբոր Բեթանիա էր, Սիմօն բորոտի տան սեղան նստած, մի կին եկաւ՝ որ մի շիշ ազնիւ թանկագին նարդոսի իւղ ունէր, եւ շիշը կոտրեց՝ նորա գլխի վերայ թափեց։
  • 4Բայց կային ոմանք որ իրանց մէջ դժուարացան, ասելով. Ի՞նչու համար եղաւ իւղի այդ կորուստը։
  • 5Որովհետեւ կարելի էր դորան երեք հարիւր դահեկանից աւելի թանկ ծախել, եւ աղքատներին տալ. Եւ շատ յանդիմանում էին այն կնկանը։
  • 6Յիսուսն էլ ասեց. Թոյլ տուէք դորան. Ի՞նչու էք նեղութիւն տալիս դորան. Դա մի բարի բան գործեց ինձ վերայ։
  • 7Որովհետեւ ամեն ժամանակ աղքատներին ձեզ հետ ունիք, եւ երբոր կամենաք՝ կարող էք նորանց բարի անել. Բայց ինձ ամեն ժամանակ ձեզ հետ չ’ունիք։
  • 8Դա ինչ որ ունէր, արաւ. Առաջուց իմ մարմինն օծեց՝ թաղման համար։
  • 9Ճշմարիտ ասում եմ ձեզ, ուր որ այս աւետարանը քարոզուի, բոլոր աշխարհքի մէջ դորա յիշատակի համար նա էլ կ’խօսուի՝ որ դա արաւ։
  • 10Եւ Յուդա Իսկարիովտացին՝ այն տասնեւերկուսից մէկը՝ քահանայապետների մօտ գնաց, որ նորան մատնէ նորանց։
  • 11Նորանք էլ երբոր լսեցին՝ ուրախացան եւ խոստացան նորան արծաթ տալ. Եւ որոնում էր թէ ի՞նչպէս յարմար ժամանակով մատնէ նորան։
  • 12Եւ բաղարջակերաց առաջին օրը, երբոր զատկի գառը մորթում էին, նորա աշակերտները նորան ասեցին. Ի՞նչտեղ ես կամենում, որ գնանք պատրաստենք, որ զատիկն ուտես։
  • 13Եւ իր աշակերտներից երկուսին ուղարկեց եւ ասեց նորանց. Գնացէք քաղաքը, եւ մի մարդ կ’պատահի ձեզ՝ ջրի կուժ տանող, նորա ետեւից գնացէք։
  • 14Եւ ուր որ մտնէ, այն տան տիրոջն ասեցէք, թէ Վարդապետն ասում է՝ Ո՞ւր է այն իջեւանը, ուր զատիկն ուտեմ աշակերտներիս հետ։
  • 15Եւ նա մի մեծ վերնատուն ցոյց կ’տայ ձեզ՝ սարքուած պատրաստ. Այնտեղ պատրաստեցէք մեզ համար։
  • 16Եւ նորա աշակերտները ելան ու եկան քաղաքը, եւ գտան ինչպէս նորանց ասեց. Եւ զատիկը պատրաստեցին։
  • 17Եւ երբոր իրիկուն եղաւ, եկաւ տասնեւերկուսին հետ.
  • 18Եւ երբոր սեղան նստեցին եւ ուտում էին, Յիսուսը ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ձեզանից մէկը կ’մատնէ ինձ. Նա որ ինձ հետ ուտում է։
  • 19Նորանք էլ սկսեցին տրտմել եւ մէկը մէկից յետոյ նորան ասել, Մի՞թէ ես. Եւ միւսը՝ Մի՞թէ ես։
  • 20Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Տասնեւերկուսիցդ մէկը՝ նա որ ձեռքը ինձ հետ սկաւառակի մէջ կոխեց։
  • 21Բայց մարդի Որդին կ’գնայ՝ ինչպէս նորա համար գրուած է. Սակայն վայ այն մարդին, որի ձեռովն մարդի Որդին կ’մատնուի. Լաւ էր նորան, եթէ այն մարդը ծնուած չ’լինէր։
  • 22Եւ նորանք ուտելիս, Յիսուսը հաց առաւ՝ օրհնեց՝ կտրեց եւ տուաւ նորանց եւ ասեց. Առէք կերէք՝՝. Այս է իմ մարմինը։
  • 23Եւ բաժակն առաւ՝ գոհացաւ, տուաւ նորանց, եւ ամենքը խմեցին նորանից,
  • 24Եւ ասեց նորանց. Այս է իմ արիւնը նոր ուխտի, որ շատերի համար թափվում է։
  • 25Ճշմարիտ ասում եմ ձեզ թէ այլ եւս որթի բերքիցը չեմ խմիլ մինչեւ այն օրը, երբոր նորան նոր խմեմ Աստուծոյ արքայութեան մէջ։
  • 26Եւ օրհներգելուց յետոյ դուրս ելան Ձիթենեաց սարը։
  • 27Եւ Յիսուսը նորանց ասեց թէ Ամենքդ այս գիշեր կ’գայթակղիք ինձանից. Որովհետեւ գրուած է՝ թէ Հովիւը կ’զարկեմ՝ եւ ոչխարները կ’ցրուին։
  • 28Բայց իմ յարութիւն առնելուց յետոյ ձեզանից առաջ կ’գնամ Գալիլեա։
  • 29Պետրոսն էլ ասեց նորան. Թէեւ ամենքն էլ գայթակղին, բայց ես ոչ։
  • 30Յիսուսն էլ նորան ասեց. Ճշմարիտ ասում եմ քեզ, թէ այսօր, հէնց այս գիշեր հաւը երկու անգամ չ’խօսած, երեք անգամ կ’ուրանաս ինձ։
  • 31Բայց նա առաւել եւս ասում էր. Թէ որ քեզ հետ մեռնել էլ պէտք լինի ինձ, ես քեզ չեմ ուրանալ. Այնպէս էլ ամենքն էին ասում։
  • 32Եւ եկան մի տեղ՝ որի անունը Գեթսեմանի էր. Եւ նա իր աշակերտներին ասեց. Այստեղ նստեցէք, մինչեւ ես աղօթք անեմ։
  • 33Եւ Պետրոսին եւ Յակոբոսին եւ Յովհաննէսին իր հետ առաւ, եւ սկսեց զարհուրել եւ տխրել։
  • 34Եւ ասեց նորանց. Իմ անձը մահի չափ խիստ տրտմած է. Այստեղ մնացէք եւ արթուն կացէք։
  • 35Եւ մի քիչ առաջ գնաց, գետնի վերայ ընկաւ, եւ աղօթք էր անում, որ եթէ կարելի է, այն ժամն իրանից անցնէ։
  • 36Եւ ասում էր. Աբբա, Հայր, ամեն բան կարելի է քեզ, այս բաժակն ինձանից անցրու. բայց ոչ թէ ինչ որ ես եմ կամենում, այլ ինչ որ դու։
  • 37Եւ գալիս է գտնում նորանց քնած եւ ասում Պետրոսին. Սիմօն, քնո՞ւմ ես, չկարացի՞ր մէկ ժամ արթուն կենալ։
  • 38Արթուն կացէք եւ աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք. Հոգին յօժար է, բայց մարմինը տկար։
  • 39Եւ դարձեալ գնաց աղօթք արաւ, նոյն խօսքերն ասելով։
  • 41Եւ երրորդ անգամն է գալիս եւ ասում նորանց. Այսուհետեւ քնեցէք եւ հանգիստ առէք. Բաւական է. ժամն եկաւ. Ահա մարդի Որդին մատնվում է մեղաւորների ձեռը։
  • 42Վեր կացէք գնանք, ահա մօտեցաւ ինձ մատնողը։
  • 43Եւ շուտով՝ դեռ նա խօսելիս՝ եկաւ Յուդան՝ այն տասնեւերկուսից մէկը. Եւ նորա հետ շատ ամբոխ սրերով եւ բիրերով՝ քահանայապետներիցը եւ դպիրներիցը եւ ծերերիցը։
  • 44Նորան մատնողն էլ նորանց նշան էր տուել՝ եւ ասել, Որին որ ես համբուրեմ, նա է, նորան բռնեցէք եւ զգուշութեամբ տարէք։
  • 45Եւ եկաւ՝ շուտով մօտեցաւ նորան եւ ասեց. Ռա՛բբի, Ռաբբի, եւ համբուրեց նորան։
  • 46Եւ նորանք իրանց ձեռքը գցեցին նորա վերայ եւ բռնեցին նորան։
  • 47Եւ նորա մօտ կանգնածներից մէկը սուրը քաշեց՝ քահանայապետի ծառային զարկեց, եւ ականջը կտրեց։
  • 48Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Ինչպէս մի աւազակի՞ վերայ սրերով եւ բիրերով դուրս եկաք ինձ բռնելու։
  • 49Ամեն օր ձեզ մօտ էի տաճարումն սովորեցնելով. Եւ ինձ չ’բռնեցիք. Բայց որպէս զի գրքերը կատարուին։
  • 50Եւ ամենքը նորան թողեցին փախան։
  • 51Եւ մէկ երիտասարդ նորա ետեւից գնում էր, որ կտաւ էր գցել մերկ մարմնի վերայ, եւ երիտասարդները բռնում էին նորան։
  • 52Իսկ նա կտաւը թողեց՝ եւ մերկ փախաւ նորանցից։
  • 53Եւ Յիսուսին տարան քահանայապետի մօտ, եւ բոլոր քահանայապետները եւ դպիրները եւ ծերերը նորա մօտ էին գալիս։
  • 54Եւ Պետրոսն էլ հեռուանց գնաց նորա ետեւից մինչեւ քահանայապետի սրահի ներսը, եւ սպասաւորների հետ նստել էր եւ կրակի մօտ տաքանում էր։
  • 55Բայց քահանայապետները եւ բոլոր ատեանը Յիսուսի դէմ վկայութիւն էին որոնում որ նորան սպանեն. Սակայն չէին գտնում։
  • 56Որովհետեւ շատերը սուտ վկայութիւն էին տալիս նորա դէմ, բայց վկայութիւններն իրար յարմար չէին։
  • 57Եւ ոմանք վերկացան եւ նորա դէմ սուտ վկայում էին եւ ասում՝ թէ
  • 58Մենք լսեցինք դորանից, որ ասում էր՝ թէ Ես այդ ձեռագործ տաճարը կ’քանդեմ, եւ երեք օրում ուրիշը կ’շինեմ անձեռագործ։
  • 59Սակայն այնպէս էլ նորանց վկայութիւնն իրար յարմար չէր։
  • 60Եւ քահանայապետը վերկացած մէջտեղը՝ Յիսուսին հարցրեց եւ ասեց. Ոչինչ չե՞ս պատասխանում. Ի՞նչ են վկայում դորանք քեզ դէմ։
  • 61Իսկ նա լուռ էր կենում՝ եւ ոչինչ պատասխան չէր տալիս. քահանայապետը դարձեալ նորան հարցնում էր եւ ասում. Դո՞ւ ես Քրիստոսը՝ Օրհնեալի Որդին։
  • 62Յիսուսն էլ պատասխանեց, Ես եմ. եւ դուք կ’տեսնէք մարդի Որդին զօրութեան աջ կողմը նստած, եւ երկնքի ամպերովն եկած։
  • 63Եւ քահանայապետն իր հանդերձները պատառելով ասեց. Էլ ի՞նչ պէտք է մեզ վկաներ։
  • 64Լսեցիք հայհոյանքը. Ի՞նչպէս է երեւում ձեզ. Նորանք էլ ամենքը դատապարտեցին նորան, թէ Մահապարտ է։
  • 65Եւ ոմանք սկսեցին նորա վերայ թքել, եւ երեսը ծածկել, եւ բռունցքով ծեծել նորան եւ նորան ասել, Մարգարէացիր. Եւ սպասաւորները նորան ապտակներով ծեծում էին։
  • 66Եւ երբոր Պետրոսը վարը սրահումն էր, քահանայապետի աղախիններից մէկը գալիս է,
  • 67Եւ տեսնում է Պետրոսին որ տաքանում է, մտիկ է տալիս նորան՝ եւ ասում. Դու էլ էիր Յիսուս Նազովրեցու հետ։
  • 68Բայց նա ուրացաւ եւ ասեց. Չ’գիտեմ եւ չեմ էլ հասկանում, թէ դու ինչ ես ասում. Եւ դուրս գնաց նախասրահը եւ հաւը խօսեց։
  • 69Եւ աղախինը նորան տեսաւ, դարձեալ սկսեց ասել այնտեղ կանգնածներին թէ Սա նորանցից է։
  • 70Բայց նա դարձեալ ուրացաւ. եւ մի քիչ յետոյ այնտեղ կանգնածները դարձեալ ասեցին Պետրոսին. Ճշմարի՜տ՝ դու էլ նորանցից ես, որովհետեւ Գալիլեացի ես եւ քո խօսուածքն էլ նման է։
  • 71Բայց նա սկսեց անիծել եւ երդում անել թէ Ես չ’գիտեմ այն մարդին, որ դուք ասում էք։
  • 72Եւ հաւը երկրորդ անգամ խօսեց։ Եւ Պետրոսը յիշեց այն խօսքը, որ Յիսուսը նորան ասեց թէ Հաւը դեռ երկու անգամ չ’խօսած՝ դու երեք անգամ կ’ուրանաս ինձ. Եւ սկսեց լալ։
← Ցանկ