ՄԱՐԿՈՍ12
  • 1Եւ սկսեց նորանց հետ առակներով խօսիլ՝ եւ ասեց. Մի մարդ այգի տնկեց, եւ նորան ցանգով շրջապատեց, եւ հնձան փորեց, եւ աշտարակ շինեց, եւ նորան մշակների տուաւ, եւ օտար երկիր գնաց։
  • 2Եւ ժամանակին այն մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որ մշակներիցն այգու պտղիցն առնէ։
  • 3Նորանք էլ բռնեցին՝ նորան ծեծեցին, եւ դատարկ ճանապարհ դրին։
  • 4Եւ դարձեալ մի ուրիշ ծառայ ուղարկեց նորանց մօտ. Եւ քարկոծելով նորա գլուխը պատառեցին եւ անպատուած արձակեցին։
  • 5Եւ դարձեալ ուրիշն ուղարկեց՝ եւ նորան սպանեցին, եւ շատ ուրիշներին, ոմանց ծեծում եւ ոմանց սպանում էին։
  • 6Հիմա դեռ իր մէկ սիրելի որդի ունենալով, նորան էլ ուղարկեց նորանց մօտ վերջապէս եւ ասեց թէ Իմ որդուցս կ’ամաչեն։
  • 7Բայց այն մշակներն իրար ասեցին թէ Սա է ժառանգը. Եկէք սորան սպանենք, եւ ժառանգութիւնը մեզ կ’լինի։
  • 8Եւ նորան բռնեցին՝ սպանեցին եւ հանեցին այգուցը դուրս։
  • 9Արդ այգու տէրն ի՞նչ կ’անէ. Կ’գայ եւ մշակներին կ’կորցնէ եւ այգին ուրիշներին կ’տայ։
  • 10Եւ դուք չէ՞ք կարդացել այն գրածը՝ թէ այն քարն՝ որ շինողներն անարգեցին՝ նա եղաւ անկիւնի գլուխ։
  • 11Տէրիցն եղաւ այս, եւ մեր աչքերի առաջին զարմանալի է։
  • 12Եւ ուզում էին նորան բռնել, բայց ժողովրդիցը վախեցան. Որովհետեւ իմացան՝ թէ այն առակն իրանց համար ասեց. Եւ նորան թողեցին եւ գնացին։
  • 13Եւ Փարիսեցիներից եւ Հերովդէսեաններից մի քանի հոգի նորա մօտ ուղարկեցին, որ խօսքով որսան նորան։
  • 14Եւ նորանք եկան եւ ասեցին նորան. Վարդապետ, գիտենք՝ որ ճշմարիտ ես, եւ ոչ ոքից հոգս չ’ունիս, որովհետեւ մարդկանց երեսպաշտութիւն չես անում, այլ Աստուծոյ ճանապարհը ճշմարտութիւնով սովորեցնում ես։ Արժա՞ն է Կայսրին հարկ տալ, թէ չէ. Տա՞նք թէ չ’տանք։
  • 15Նա էլ իմանալով նորանց կեղծաւորութիւնը, ասեց նորանց. Ի՞նչու էք փորձում ինձ, մի դահեկան բերէք ինձ՝ որ տեսնեմ։
  • 16Նորանք էլ բերին։ Եւ ասեց նորանց. Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է։ Նորանք էլ ասեցին նորան, Կայսրին։
  • 17Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Կայսրինը Կայսրին տուէք, եւ Աստուծունը՝ Աստուծուն։ Եւ զարմացան նորա վերայ։
  • 18Եւ նորա մօտ եկան Սադուկեցիները, որ ասում են՝ թէ Յարութիւն չ’կայ. Նորան հարցրին եւ ասեցին.
  • 19Վարդապետ, Մովսէս մեզ համար գրեց որ եթէ մէկի եղբայրը մեռնի, եւ կին թողէ, եւ որդիք չ’թողէ՝ որ նորա եղբայրը նորա կինն առնէ, եւ իր եղբօր համար զաւակ յարուցանէ։
  • 20Արդ եօթը եղբարք կային, եւ առաջինը կին առաւ՝ եւ մեռնելիս զավակ չ’թողեց։
  • 21Եւ երկրորդը նորան առաւ՝ եւ մեռաւ, եւ նա էլ զավակ չ’թողեց. Այսպէս էլ երրորդը։
  • 22Եւ այն եօթն էլ նորան առան եւ զաւակ չ’թողեցին. Եւ ամենից վերջը կինն էլ մեռաւ։
  • 23Արդ յարութեան ժամանակին երբոր յարութիւն կ’առնեն, նորանցից որի՞ն կ’լինի կին. Որովհետեւ այն եօթն էլ նորան կին առան։
  • 24Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Չէ՞ որ իսկ դորա համար մոլորուած էք, որ ոչ գիրքը գիտէք եւ ոչ Աստուծոյ զօրութիւնը։
  • 25Որովհետեւ երբոր մեռելների միջից յարութիւն կ’առնեն, ոչ կին կ’առնեն՝ եւ ոչ մարդի կ’գնան, այլ հրեշտակների պէս են որ երկնքումն են։
  • 26Սակայն մեռելների համար՝ թէ յարութիւն կ’առնեն, դուք չէ՞ք կարդացել Մովսէսի գրքումը մօրենու մէջ, թէ Աստուած ինչպէս խօսեց նորան եւ ասեց. Ես եմ Աբրահամի Աստուածը, եւ Իսահակի Աստուածը, եւ Յակոբի Աստուածը։
  • 27Եւ նա մեռելների Աստուած չէ, բայց կենդանիների. Ուրեմն դուք շատ մոլորուած էք։
  • 28Եւ դպիրներից մէկը մօտ եկաւ, լսելով որ վիճում էին, եւ երբոր տեսաւ թէ լաւ պատասխանեց նորանց, նորան հարցրեց, Ո՞րն է ամենից առաջին պատուիրանքը։
  • 29Յիսուսն էլ նորան պատասխանեց, թէ Ամեն պատուիրանքներից առաջինը սա է, Լսիր, Իսրայէլ, մեր Տէր Աստուածը մէկ Տէր է։
  • 30Եւ սիրիր քո Տէր Աստուծուն բոլոր սրտիցդ, եւ բոլոր անձիցդ, եւ բոլոր մտքիցդ, եւ բոլոր զօրութիւնիցդ. Սա է առաջին պատուիրանքը։
  • 31Եւ երկրորդը սորան նման, Սիրիր քո ընկերին քո անձի պէս. Սորանցից աւելի մեծ ուրիշ պատուիրանք չ’կայ։
  • 32Եւ դպիրը նորան ասեց. Լաւ, վարդապետ, ճշմարտութեամբ ասեցիր՝ թէ մէկ է Աստուած, նորանից բաց ուրիշը չ’կայ։
  • 33Եւ նորան սիրելը բոլոր սրտից եւ բոլոր մտքից եւ բոլոր անձից եւ բոլոր զօրութիւնից, եւ ընկերին անձին պէս սիրելը՝ աւելի է քան թէ ամեն ողջակէզները եւ զոհերը։
  • 34Եւ Յիսուսը նորան տեսնելով, որ իմաստութեամբ պատասխանեց, ասեց նորան. Դու հեռու չես Աստուծոյ արքայութիւնիցը։ Եւ այլ եւս ոչ ոք չէր համարձակում նորան մի բան հարցնել։
  • 35Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց, երբոր տաճարումը սովորեցնում էր. Ի՞նչպէս են ասում դպիրները, թէ Քրիստոս Դաւիթի որդին է։
  • 36Որովհետեւ ինքը Դաւիթ Սուրբ Հոգովն ասում է, Տէրն իմ Տիրոջն ասեց. Իմ աջ կողմը նստիր, մինչեւ որ քո թշնամիները ոտներիդ պատուանդան դնեմ։
  • 37Արդ Դաւիթ ինքն նորան Տէր է ասում՝ ապա ի՞նչպէս որդի է նորան. Եւ շատ ժողովուրդը յօժարութեամբ լսում էր նորան։
  • 38Եւ իր վարդապետութեան մէջ ասում էր նորանց, Զգոյշ կացէք դպիրներիցը, որ կամենում են պայծառ հագուստներով ման գալ, եւ հրապարակներումը բարեւներ ընդունել.
  • 39Եւ ժողովարանների մէջ առաջին աթոռներ, եւ ընթրիքներում առաջին բազմոցներ։
  • 40Որ որբեւայրիների տները ուտում են, եւ պատճառանքով երկար աղօթք են անում. Դորանք աւելի եւս դատապարտութիւն կ’առնեն։
  • 41Եւ Յիսուսը գանձանակի դիմացը նստած մտիկ էր անում, թէ ժողովուրդն ինչպէս էր փող գցում գանձանակը, եւ շատ հարուստներ շատ բաներ էին գցում։
  • 42Եւ մի աղքատ որբեւայրի եկաւ երկու լումայ գցեց, որ մի նաքարակիտ է։
  • 43Եւ իր աշակերտներին իրան մօտ կանչեց, եւ ասեց նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. Թէ այս աղքատ որբեւայրին գանձանակը գցողների ամենից աւելի գցեց։
  • 44Որովհետեւ ամենքն իրանց աւելորդիցը գցեցին. Բայց սա իր չքաւորութիւնիցը ամեն ինչ որ ունէր գցեց, իր կեանքի բոլոր ապրուստը։
← Ցանկ