ՄԱՐԿՈՍ11
  • 1Եւ երբոր Երուսաղէմին մօտեցան՝ Բեթփագէ եւ Բեթանիա՝ Ձիթենեաց սարի մօտ, իր աշակերտներից երկուսին ուղարկեց։
  • 2Եւ ասեց նորանց. Գնացէք այդ ձեր առաջի գիւղը. Եւ շուտով երբոր նորա մէջ մտնէք, մի կապած աւանակ կ’գտնէք որի վերայ ոչ ոք չէ նստած. Նորան արձակեցէք բերէք։
  • 3Եւ եթէ մէկը ձեզ ասէ. Ի՞նչու համար էք այդ անում. Ասեցէք՝ թէ նա պէտք է Տիրոջը. Եւ շուտով նորան այստեղ կ’ուղարկէ։
  • 4Գնացին, եւ աւանակը գտան դուրսը փողոցի մէջ դռան մօտ կապած, եւ նորան արձակեցին։
  • 5Եւ այնտեղ կանգնածներից ոմանք ասեցին նորանց. Ի՞նչ էք անում դա, որ արձակում էք այդ աւանակը։
  • 6Նորանք էլ ասեցին նորանց, ինչպէս Յիսուսը հրամայել էր. Եւ թոյլ տուին նորանց։
  • 7Եւ աւանակը Յիսուսի մօտ բերին. Եւ իրանց հանդերձները նորա վերայ գցեցին, եւ նա նորա վերայ նստեց։
  • 8Շատերն էլ իրանց հանդերձները ճանապարհին փռում էին, ուրիշներն էլ ծառերիցը ճիւղեր էին կտրում եւ ճանապարհին փռում։
  • 9Եւ առաջից գնացողները եւ ետեւից եկողները աղաղակում էին եւ ասում, Ովսաննա. օրհնեալ է Տիրոջ անունով եկողը.
  • 10Օրհնեալ է Տիրոջ անունով մեր Դաւիթ հօր եկող թագաւորութիւնը. Ովսաննա ’ի բարձունս։
  • 11Եւ Յիսուսը մտաւ Երուսաղէմ՝ եւ տաճարի մէջ. Եւ չորս կողմով ամեն բանի մտիկ տուաւ. Եւ որովհետեւ արդէն իրիկուայ ժամանակ էր, դուրս գնաց Բեթանիա տասնեւերկուսի հետ։
  • 12Եւ հետեւեալ օրն երբոր Բեթանիայից դուրս էին գալիս, նա սովեց։
  • 13Եւ հեռուանց մի թզի ծառ տեսնելով, որ տերեւներ ունէր, գնաց թէ արդեօք նորա վերայ մի բան կ’գտնէ՞. Եւ երբոր եկաւ, մի բան չ’գտաւ բայց միայն տերեւներ. Որովհետեւ թզի ժամանակ չէր։
  • 14Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Այլ եւս ոչ ոք քեզանից յաւիտեան պտուղ չ’ուտէ. Եւ նորա աշակերտները լսում էին։
  • 15Եւ եկան Երուսաղէմ. Եւ Յիսուսը տաճարը մտաւ, սկսեց դուրս հանել տաճարումը ծախողներին եւ առնողներին. Եւ ստակ փոխողների սեղանները, եւ աղաւնի ծախողների աթոռները կործանեց։
  • 16Եւ չէր թողում, որ մէկը մի անօթ անցկացնէ տաճարի միջով։
  • 17Եւ սովորեցնում էր եւ ասում նորանց, Գրուած չէ՞ թէ Իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի ամեն ազգերի համար, իսկ դուք աւազակների բոյն արիք դորան։
  • 18Եւ դպիրները եւ քահանայապետները լսեցին, եւ ուզում էին թէ ի՞նչպէս կորցնեն նորան. Որովհետեւ վախենում էին նորանից. Որովհետեւ բոլոր ժողովուրդը նորա վարդապետութեան վերայ զարմացել էր։
  • 19Եւ երբոր իրիկուն եղաւ, քաղաքիցը դուրս եկաւ։
  • 20Եւ առաւօտանց անցնելիս տեսան այն թզի ծառն արմատիցը չորացած։
  • 21Եւ Պետրոսը յիշելով ասեց նորան. Ռաբբի, տես այն թզենին, որ անիծեցիր, չորացաւ։
  • 22Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Աստուծոյ հաւատքն ունեցէք։
  • 24Սորա համար ասում եմ ձեզ թէ Ամեն ինչ որ աղօթք անելով խնդրէք, հաւատացէք թէ կառնէք, եւ կլինի ձեզ։
  • 25Եւ որ ժամանակ որ կանգնէք՝ աղօթք անէք, ներեցէք եթէ մէկի դէմ բան ունենաք. Որպէս զի ձեր Հայրն էլ՝ որ երկնքումն է, ձեր յանցանքը թողէ ձեզ։
  • 26Բայց եթէ դուք չ’ներէք, ձեր հայրն էլ որ երկնքումն է, ձեր յանցանքը չի ներիլ ձեզ։
  • 27Եւ դարձեալ Երուսաղէմ եկան. Եւ նա տաճարումը ման գալիս, քահանայապետները եւ դպիրները եւ ծերերը նորա մօտ եկան.
  • 28Եւ ասեցին նորան. Ի՞նչ իշխանութիւնով ես անում այդ բաները. Եւ ո՞վ տուաւ քեզ այդ իշխանութիւնը որ այդ բաներն անես։
  • 29Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Ես էլ ձեզանից մէկ բան հարցնեմ ու ինձ պատասխան տուէք, եւ ես էլ կասեմ ձեզ՝ թէ ի՞նչ իշխանութիւնով եմ անում այս բաները։
  • 30Յովհաննէսի մկրտութիւնն երկնքի՞ցն էր, թէ մարդկանցից, պատասխան տուէք ինձ։
  • 31Եւ իրար հետ միտք էին անում եւ ասում. Եթէ ասենք՝ Երկնքից, կասէ, Ապա ի՞նչու չ’հաւատացիք նորան։
  • 32Այլ թէ ասենք՝ Մարդկանցից, ժողովրդիցը վախենում ենք. Որովհետեւ ամենքը ընդունում էին Յովհաննէսին՝ թէ իրաւի մարգարէ էր։
  • 33Եւ պատասխանեցին եւ ասեցին Յիսուսին. Չ’գիտենք։ Յիսուսն էլ նորանց պատասխանեց եւ ասեց. Ես էլ չեմ ասիլ ձեզ, թէ ի՞նչ իշխանութիւնով եմ անում այս բաները։
← Ցանկ