ԹՎՈՑ9
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ Սինայ անապատումը նորանց Եգիպտոսի երկրից դուրս գալու երկրորդ տարուայ առաջի ամսումն ասելով.
  • 2Իսրայէլի որդիքը զատիկն անեն իր որոշուած ժամանակին։
  • 3Այս ամսի տասնեւչորսերորդ օրը իրիկուայ դէմ անէք այն իր որոշուած ժամանակին. Նորա բոլոր կանոնների եւ նորա բոլոր կարգադրութիւնների համեմատ անէք այն։
  • 4Եւ Մովսէսը խօսեց Իսրայէլի որդկանց հետ որ զատիկն անեն։
  • 5Եւ զատիկն արին առաջի ամսի տասնեւչորսերորդ օրը իրիկուայ դէմ Սինայ անապատումը բոլորն այնպէս ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր, Իսրայէլի որդիքն այնպէս արին։
  • 6Եւ կային ոմանք՝ որ մեռած մարդից պղծուած էին, եւ չ’կարողացան այն օրը զատիկն անել. Եւ նորանք այն օրը Մովսէսի եւ Ահարօնի առաջը եկան.
  • 7Եւ այն մարդիկն ասեցին նորան. Մենք մեռած մարդից պղծուած ենք, ի՞նչու համար մենք պիտի արգելուինք որ Եհովայի պատարագն իր որոշուած ժամանակին չ’մատուցանենք Իսրայէլի որդկանց մէջ։
  • 8Եւ Մովսէսն ասեց նորանց. Կացէք, թողէք լսեմ թէ Եհովան ինչ կ’պատուիրէ ձեր մասին։
  • 9Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 10Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր. Եթէ ձեզանից կամ ձեր սերունդից մէկը մեռած մարմնից պղծուի, կամ հեռաւոր ճանապարհորդութեան մէջ լինի, նա անէ զատիկը Եհովայի համար.
  • 11Երկրորդ ամսի տասնեւչորսերորդ օրը իրիկուայ դէմ անեն այն. բաղարջով եւ լեղի խոտերով ուտեն այն.
  • 12Նորանից մինչեւ առաւօտ մի բան չ’թողեն, եւ նորա մի ոսկորը չ’կոտրեն, եւ զատկի բոլոր կանոնների համեմատ անեն այն։
  • 14Եւ եթէ մի օտարական ձեր մէջը պանդխտանայ, եւ զատիկն անելու լինի Եհովայի համար, զատկի կանոնի եւ նորա կարգադրութեանը համեմատ անէ. Թէ օտարականի եւ թէ երկրի բնակի համար մէկ կանոն ունենաք։
  • 15Եւ այն օրը՝ որ խորանը կանգնուեցաւ, ամպը վկայութեան վրանի վերայովը ծածկեց խորանը. Եւ իրիկուանից մինչեւ առաւօտ մնում էր խորանի վերայ կրակի երեւոյթով։
  • 16Միշտ այսպէս էր. Ցերեկն ամպ էր ծածկում նորան, եւ գիշերը՝ կրակի երեւոյթը։
  • 17Եւ երբոր ամպը խորանից վերանում էր, այնուհետեւ Իսրայէլի որդիքը չուում էին. Եւ ուր որ ամպը կենում էր, այնտեղ Իսրայէլի որդիքը իջեւան էին անում։
  • 18Եհովայի հրամանովն Իսրայէլի որդիքը չուում եւ Եհովայի հրամանովն իջեւան էին անում, ամպը խորանի վերայ որչափ ժամանակ որ կենում էր, նորանք մնում էին բանակ տուած։
  • 19Եւ երբոր ամպը մնում էր շատ օրեր խորանի վերայ՝ Իսրայէլի որդիքը Եհովայի պահպանութիւնը պահում էին, ու չէին չուում։
  • 20Եւ լինում էր որ երբոր ամպը խորանի վերայ քիչ օր էր մնում, Եհովայի հրամանի համեմատ չուում էին։
  • 21Նոյնպէս էլ լինում էր, երբոր ամպը իրիկուանից մինչեւ առաւօտ էր մնում. Առաւօտանց ամպի վերանալիս չուում էին. Թէ ցերեկ լինէր եւ թէ գիշեր՝ ամպը վերանալիս չուում էին։
  • 22Կամ երկու օր՝ կամ մէկ ամիս՝ եւ կամ մէկ տարի, որ ամպը խորանի վերայ կենալով մնում էր, Իսրայէլի որդիքը իջեւան էին անում, եւ չէին չուում. Բայց նա վերանալիս չուում էին։
  • 23Եհովայի հրամանին համեմատ իջեւան էին անում, եւ Եհովայի հրամանին համեմատ չուում էին, Եհովայի պահպանութիւնը պահում էին՝ Եհովայի Մովսէսի ձեռքով տրուած հրամանին համեմատ։
← Ցանկ