ԹՎՈՑ6
- 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
- 2Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց. Եթէ մի մարդ կամ մի կին ուխտաւոր ուխտ անէ իր անձը Եհովային ուխտելու համար,
- 3Նա գինուց եւ ցքուց պիտի զգուշանայ. Գինու քացախ չ’խմէ, եւ բնաւ խաղողի օշարակ չ’խմէ, եւ խաղող կամ չամիչ չ’ուտէ։
- 4Իր ուխտի բոլոր օրերը որթից եղած ոչ մի բան չ’ուտէ, կուտերից մինչեւ կեղեւը։
- 5Նորան ուխտի բոլոր օրերը՝ նորա գլխին ածելի չ’դպչէ. Մինչեւ իր անձը Եհովայի նուիրած օրերի վերջանալը սուրբ լինի. Իր գլխի մազերի վարսքը թող տայ որ աճէ։
- 6Իր անձը Եհովային նուիրած բոլոր օրերը՝ մեռած մարմնի չ’մօտենայ.
- 7Իր հօր համար կամ մօր համար՝ իր եղբօր կամ իր քրոջ համար իրան պիտի չ’պղծէ նորանք մեռած ժամանակը, որովհետեւ իր Աստուծոյ ուխտը իր գլխի վերայ է։
- 8Իր ուխտի բոլոր օրերը նա սուրբ է Եհովային։
- 9Եւ եթէ իր մօտ յանկարծ մի մարդ մեռնէ, եւ իր ուխտուած գլուխը պղծուի, նա իր մաքրուելու օրը գլուխն ածիլէ. եօթներորդ օրն ածիլէ այն.
- 10Եւ ութերորդ օրը ժողովքի խորանի դուռը երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ բերէ քահանայի մօտ։
- 11Եւ քահանան մէկը մեղքի պատարագ՝ եւ միւսը ողջակէզ մատուցանէ, եւ մեռելի պատճառով եղած մեղքի մասին քաւութիւն անէ նորա համար, եւ նոյն օրը սրբէ նորա գլուխը։
- 12Եւ իր ուխտի օրերը Եհովային նուիրէ, եւ յանցանքի պատարագի համար մէկ տարեկան գառ բերէ. Եւ առաջի օրերը պիտի դուրս ձգուին, որովհետեւ նորա ուխտը պղծուեցաւ։
- 13Եւ այս է ուխտաւորի օրէնքը. նորա ուխտի օրերը լրացած օրը՝ նորան բերեն ժողովքի խորանի դուռը.
- 14Եւ նա մատուցանէ իր զոհը Եհովային, մէկ տարեկան անարատ արու գառ ողջակէզի համար, եւ մէկ տարեկան անարատ էգ գառ մեղքի պատարագի համար, եւ մէկ անարատ խոյ խաղաղութեան զոհի համար.
- 15Եւ մի սակառ բարակ ալիւրից իւղով զանգուած անխմոր շօթեր եւ իւղով օծուած անխմոր լաւաշներ, եւ նորանց հացի նուէրը եւ թափելու նուէրը։
- 16Եւ քահանան մօտեցնէ Եհովայի առաջին, եւ կատարէ նորա մեղքի պատարագը եւ նորա ողջակէզը։
- 17Եւ խոյը խաղաղութեան զոհ մատուցանէ Եհովայի համար անխմոր հացի սակառովը. Եւ քահանան նորա հացի նուէրը եւ թափելու նուէրը մատուցանէ։
- 18Եւ ուխտաւորն իր ուխտած գլուխն ածիլէ ժողովքի խորանի դրանը եւ իր ուխտած գլխի մազն առնէ եւ խաղաղութեան զոհի տակին եղած կրակի մէջը դնէ։
- 19Եւ քահանան առնէ խոյիցը եփած բազուկը, եւ սակառիցը մէկ անխմոր շօթ եւ մէկ անխմոր լաւաշ եւ դնէ ուխտաւորի ձեռքերի վերայ՝ իր ուտի մազերն ածիլուելուց յետոյ։
- 20Եւ քահանան երերացնելու ընծայ երերացնէ նորանց Եհովայի առաջին. Սորանք երերացնելու երբուծով՝ ու բարձրացնելու զիստով՝ քահանայի համար սուրբ են. Եւ նորանից յետոյ ուխտաւորը գինի խմէ։
- 21Այս է ուխտաւորի օրէնքը որ իր նուէրը խոստանում է Եհովային իր ուխտի համար բացի իր կարողութիւնը հասածից նա իր արած խոստմունքի համեմատ անէ իր ուխտի օրէնքովը։
- 22Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
- 23Խօսիր Ահարօնի եւ նորա որդկանց հետ եւ ասիր. Այսպէս օրհնեցէք Իսրայէլի որդիներին՝ ասելով նորանց.
- 24Եհովան օրհնէ քեզ, եւ պահէ քեզ.
- 25Եհովան պայծառացնէ իր երեսը քեզ վերայ եւ ողորմէ քեզ.
- 26Եհովան բարձրացնէ իր երեսը քեզ վերայ, եւ խաղաղութիւն տայ քեզ։
- 27Եւ իմ անունը Իսրայէլի որդկանց վերայ պիտի դնեն, եւ ես կ’օրհնեմ նորանց։