ԹՎՈՑ34
- 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
- 2Իսրայէլի որդկանցը պատուիրիր եւ նորանց ասիր. Երբոր դուք Քանանի երկիրը մտնէք, այս է այն երկիրը որ ձեզ ժառանգութիւն է ընկնելու, Քանանի երկիրն իր սահմաններովը.
- 3Եւ ձեր հարաւային սահմանը լինի Սին անապատից մինչեւ Եդովմը այնպէս որ ձեր հարաւային սահմանը լինի արեւելքից Աղի ծովի ծայրիցը.
- 4Եւ ձեր հարաւային սահմանը Ակրաբիմի բարձրովը պտոյտ տալով մինչեւ Սին հասնէ եւ այնտեղից դուրս գալով Կադէս-բառնեայի հարաւային կողմովը եւ գնայ Ասար-ադդար եւ հասնի Ասեմոն.
- 5Եւ պտոյտ տայ Ասեմոնից դէպի Եգիպտոսի հեղեղատը մինչեւ որ դուրս գայ Ծովը։
- 6Եւ ձեր արեւմտեան սահմանը Մեծ ծովը լինի. Ձեզ համար արեւմտեան սահման սա լինի։
- 7Եւ ձեր հիւսիսային կողմի սահմանը սա լինի՝ Մեծ ծովից մինչեւ Հովր սարը նշան անէք,
- 8Հովր սարիցը մինչեւ Եմաթ նշան անէք եւ այնտեղից դուրս գնայ մինչեւ Սեդադ.
- 9Եւ դուրս գայ մինչեւ Զեփրոն եւ հասնէ Ասարենանի մէջ. Ձեր հիւսիսային սահմանը սա լինի։
- 10Եւ ձեր արեւելեան սահմանը նշան անէք Ասար-ենանից մինչեւ Սեփամ.
- 11Եւ այս սահմանը Այինի արեւելեան կողմից՝ Սեփամից Ռեբղա իջնէ. Եւ այս սահմանը արեւելքի կողմից իջնելով Քեներեթի ծովի եզերքովը քսուի.
- 12Եւ այս սահմանը իջնէ Յորդանան եւ Աղի ծովի մէջ վերջանայ։ Երկիրը իր շրջակայ սահմաններովը ձեզ համար այս լինի։
- 13Եւ Մովսէսն Իսրայէլի որդկանցը պատուիրեց եւ ասեց. Սա է այն երկիրը որ դուք վիճակով պիտի ժառանգէք, ինչպէս որ Եհովան պատուիրել է տալ ինն ու կէս ցեղին.
- 14Որովհետեւ Ռուբէնի որդկանց ցեղն իրանց հայրերի տների համեմատ եւ Գադի որդկանց ցեղը իրանց հայրերի տների համեմատ եւ Մանասէի կէս ցեղը առին իրանց ժառանգութիւնը.
- 15Այս երկու ցեղերը եւ կէս ցեղը առել են իրանց ժառանգութիւնը Երիքովի դէմ Յորդանանի այս կողմում դէպի արեւելք։
- 16Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
- 17Սորանք են այն մարդկանց անունները, որոնք ձեր մէջ պիտի բաժանեն երկիրը ժառանգութեան համար. Եղիազար քահանան եւ Նաւէի որդի Յեսուն.
- 18Եւ ամեն մէկ ցեղից մէկ իշխան առնէք, այն երկիրը ժառանգութեան բաժանելու։
- 19Եւ այն մարդկանց անունները սորանք են. Յուդայի ցեղից Յեփոնէի որդի Քաղէբը,
- 20Շմաւոնի որդկանց ցեղիցը Ամիուդի որդի Սամուէլը,
- 21Բենիամինի ցեղից Քասղօնի որդի Ելդադը,
- 22Դանի որդկանց ցեղիցը իշխան՝ Եգղիի որդի Բոկկին,
- 23Յովսէփի որդիներից Մանասէի որդկանց ցեղից իշխան՝ Եփօտի որդի Անիէլը,
- 24Եւ Եփրեմի որդկանց ցեղից իշխան՝ Սափաթանի որդի Կամուէլը,
- 25Եւ Զաբուղոնի որդկանց ցեղից իշխան՝ Փառնակի որդի Եղիսափանը,
- 26Եւ Իսաքարի որդկանց ցեղից իշխան՝ Ազանի որդի Փաղտիէլը,
- 27Եւ Ասերի որդկանց ցեղից իշխան՝ Սելօմիի որդի Աքիուդը,
- 28Եւ Նեփթաղիմի որդկանց ցեղից իշխան՝ Ամիուդի որդի Փադայէլը։
- 29Սորանք են՝ որոնց Եհովան հրամայեց, որ Քանանի երկրումն Իսրայէլի որդկանցը ժառանգութիւն բաժանեն։