ԹՎՈՑ32
  • 1Եւ Ռուբէնի որդիքը ու Գադի որդիքը խիստ շատ անասուններ ունէին. Եւ տեսան Յազերի երկիրը եւ Գաղաադի երկիրը, որ ահա այն տեղը անասունի տեղ էր.
  • 2Եւ Գադի որդիքը եւ Ռուբէնի որդիքը գնացին եւ ժողովքի իշխանների հետ խօսելով ասեցին.
  • 3Ադարովդ, Դեբոն, Յազեր, Նամրա, Եսեբոն, Եղէաղէ, Սեբամա, Նաբաւ, եւ Բէան,
  • 4Այսինքն այն երկիրը որ Եհովան Իսրայէլի ժողովքի առաջին զարկեց անասունի երկիր է, եւ քո ծառաները անասուններ ունեն.
  • 5Եւ ասեցին՝ եթէ մենք քո առաջին շնորհք գտանք, այս երկիրը քո ծառաներին տրուի կալուածքի համար. Մեզ Յորդանանից մի անցկացնիր։
  • 6Եւ Մովսէսը Գադի որդկանցը եւ Ռուբէնի որդկանցը ասեց. Միթէ ձեր եղբայրները պատերազմի գնան եւ դուք այստեղ նստէ՞ք։
  • 7Եւ ի՞նչու համար էք Իսրայէլի որդկանց սիրտը թուլացնում, որ չ’անցնեն այն երկիրը, որ Եհովան տուել է նորանց։
  • 8Ձեր հայրերն էլ այսպէս արին, երբոր նորանց Կադես Բառնեայից ուղարկեցի երկիրը լրտեսելու համար։
  • 9Որովհետեւ նորանք մինչեւ Եսքողի ձորը վեր գնացին եւ երկիրը տեսան, եւ Իսրայէլի որդկանց սիրտը թուլացրին, որ չ’մտնեն այն երկիրը որը Եհովան տուել էր նորանց։
  • 10Եւ այն օրը Եհովայի բարկութիւնը բորբոքուեցաւ եւ երդում արաւ ասելով.
  • 11Թէ Եգիպտոսից դուրս եկած մարդիկը՝ քսան տարեկանից եւ վեր եղողները չեն տեսնիլ այն երկիրը, որի համար երդում արի Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին, որովհետեւ ինձ չ’հետեւեցին.
  • 12Բացի Կենեզեան Յեփոնէի որդի Քաղէբից եւ Նաւէի որդի Յեսուից, որոնք կատարելապէս Եհովային հետեւեցին։
  • 13Եւ Եհովայի բարկութիւնը Իսրայէլի վերայ բորբոքուեցաւ, եւ նորանց ման ածեց անապատումը քառասուն տարի, մինչեւ որ Եհովայի աչքի առաջին չարութիւն անող ազգը բոլորովին սպառուեցաւ։
  • 14Եւ ահա դուք ձեր հայրերի տեղն էք կանգնել մեղաւոր մարդկանց զաւակների պէս, որ Եհովայի սաստիկ բարկութիւնը Իսրայէլի վերայ կրկին աւելացնէք։
  • 15Որովհետեւ եթէ դուք նորանից խոտորուէք, նա էլ կրկին այս ժողովուրդին անապատումը կ’ձգէ եւ դուք այս բոլոր ժողովրդի կորստեանը պատճառ կ’լինէք։
  • 16Եւ նորանք մօտեցան նորան եւ ասեցին. Թող մենք այստեղ մեր անասունների համար փարախներ եւ մեր ընտանիքների համար քաղաքներ շինենք.
  • 17Բայց մենք շուտով պատրաստուինք Իսրայէլի որդկանց առաջին, մինչեւ որ նորանց իրանց տեղերը տանենք. Եւ մեր ընտանիքները պարսպաւոր քաղաքներում բնակուեն այս երկրի բնակիչների դէմ։
  • 18Մենք մեր տները չ’դառնանք, մինչեւ որ Իսրայէլի որդկանց ամեն մէկն իր ժառանգութիւնը ժառանգէ։
  • 19Որովհետեւ մենք Յորդանանի այն կողմումը եւ էլ հեռու նորանց հետ ժառանգել չենք ուզում, ըստ որում մեր ժառանգութիւնը Յորդանանի այս կողմումը դէպի արեւելք է մեզ հասել։
  • 20Եւ Մովսէսն ասեց նորանց. Եթէ այս բանն անէք, եթէ Եհովայի առաջին պատրաստուիք պատերազմի համար,
  • 21Եւ Եհովայի առաջին դուք ամենքդ էլ պատրաստուած Յորդանանովն անցնիք, մինչեւ որ նա իր թշնամիներին իր առաջիցը քշէ,
  • 22Եւ այն երկիրը Եհովայի առաջին նուաճուի եւ յետոյ ետ դառնաք, այն ժամանակ Եհովայի առաջին եւ Իսրայէլի առաջին անմեղ էք, եւ այս երկիրը Եհովայի առաջին ձեր կալուածքը լինի։
  • 23Բայց եթէ այսպէս չ’անէք, ահա Եհովայի դէմ մեղք գործեցիք, եւ գիտացէք որ ձեր մեղքը ձեզ կ’գտնէ։
  • 24Ձեր ընտանիքների համար քաղաքներ, եւ ձեր հօտերի համար փարախներ շինեցէք, եւ ձեր բերանից դուրս եկածն արէք։
  • 25Եւ Գադի որդիքը եւ Ռուբէնի որդիքը խօսեցին Մովսէսի հետ ասելով. Ծառաներդ կ’անեն ինչպէս որ մեր Եհովան պատուիրում է։
  • 26Մեր զաւակները, մեր կանայքը, հօտերը եւ մեր բոլոր անասունները այստեղ կ’լինեն Գաղաադի քաղաքներումը.
  • 27Բայց ծառաներդ ամենքս պատրաստուած գունդով կ’անցնենք պատերազմի համար ինչպէս որ մեր տէրն ասում է։
  • 28Եւ Մովսէսը նորանց մասին պատուիրեց Եղիազար քահանային եւ Նաւէի որդի Յեսուին եւ Իսրայէլի որդկանց ցեղերի նահապետութիւնների իշխաններին.
  • 29Եւ Մովսէսն ասեց նորանց. Եթէ Գադի որդիքը եւ Ռուբէնի որդիքը ամենքն էլ պատերազմի համար պատրաստուած՝ ձեզ հետ Յորդանանովն անցնեն Եհովայի առաջին եւ այն երկիրը ձեր առաջին նուաճուի, այն ժամանակ Գաղաադի երկիրը նորանց կալուածք տաք.
  • 30Բայց եթէ պատրաստուած ձեզ հետ չ’անցնեն, նորանք կալուածք ստանան ձեզ հետ Քանանի երկրումը։
  • 31իսկ Գադի որդիքը եւ Ռուբէնի որդիքը պատասխանեցին եւ ասեցին. Եհովան ինչպէս որ պատուիրեց քո ծառաներին այնպէս կ’անենք։
  • 32Մենք պատրաստուած Եհովայի առաջին Քանանի երկիրը կ’անցնենք. Բայց մեր ժառանգութեան կալուածքը Յորդանանի այս կողմումը կ’լինի։
  • 33Եւ Մովսէսը նորանց՝ այսինքն Գադի որդկանց եւ Ռուբէնի որդկանցը եւ Յովսէփեան Մանասէի կէս ցեղին, տուաւ Ամօրհացիների Սեհոն թագաւորի թագաւորութիւնը եւ Բասանի Ովգ թագաւորի թագաւորութիւնը, երկիրն իր քաղաքներովը՝ երկրի քաղաքների շուրջը եղած սահմաններովը։
  • 35Եւ Ատրօթ-սովփանը, Յազերը, եւ Յոգբէհան,
  • 36Եւ Բեթնամրան եւ Բեթարանը՝ պարսպաւոր քաղաքներ եւ հօտերի փարախներ,
  • 37Ռուբէնի որդիքն էլ Եսեբոնը, Եղէաղէն եւ Կարիաթեմը շինեցին.
  • 38Եւ Նաբաւը Բէէլմօնը (որոնց անունները փոխեցին.) եւ Սեբաման, եւ իրանց շինած քաղաքներին անուններ դրին։
  • 39Եւ Մանասեան Մաքիրին որդիքը Գաղաադ գնացին եւ առին նորան, եւ նորա միջի Ամօրհացիներին քշեցին։
  • 40Եւ Մովսէսը Գաղաադը տուաւ Մանասեան Մաքիրին, որ այնտեղ բնակուեց։
  • 41Եւ Մանասեան Յայիրը գնաց նորանց գիւղաքաղաքներն առաւ եւ նորանց Հաւօթ-յայիր անուանեց։
  • 42Եւ Նոբահը գնաց եւ Կանաթն եւ նորա գիւղերն առաւ եւ նորան իր անունովը Նոբահ կոչեց։
← Ցանկ