ԹՎՈՑ31
- 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով։
- 2Իսրայէլի որդկանց վրէժը առնես Մադիանացիներից եւ յետոյ ժողովուես քո ժողովրդի հետ։
- 3Եւ Մովսէսը խօսեց այն ժողովրդի հետ եւ ասեց. Ձեզանից մարդիկ պատրաստեցէք պատերազմի համար, եւ գնան Մադիամի վերայ, որ Մադիամիցը առնեն Եհովայի վրէժը։
- 4Իսրայէլի բոլոր ցեղերի ամեն մէկից մէկ հազար մարդ պատերազմի ուղարկէք։
- 5Եւ Իսրայէլի հազարաւորներից ամեն մէկ ցեղից մէկ հազար մարդ ընտրուեցաւ՝ այսինքն տասներկու հազար հոգի պատերազմի համար պատրաստուած։
- 6Եւ Մովսէսը նորանց պատերազմի ուղարկեց, ամեն մէկ ցեղից մէկ հազար մարդ՝ նորանց հետ եւ նորանց Եղիազար քահանայի որդի Փենեհէսին պատերազմի ուղարկեց, եւ սուրբ անօթներն ու ազդարարութեան փողերը նորա ձեռքին։
- 7Եւ Մադիանացիների դէմ պատերազմեցին, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր, եւ բոլոր արուներին մեռցրին.
- 8Եւ նորանց սպանուածների հետ Մադիամի թագաւորներին էլ՝ Եւիին, Րոկոմին, Սուրին, Ուրին եւ Ռոբէին՝ Մադիամի հինգ թագաւորներին սպանեցին, եւ Բէովրի որդի Բաղաամին սրով մեռցրին։
- 9Եւ Իսրայէլի որդիքը Մադիանացիների կանայքը ու տղայքը գերի առին, եւ նորանց բոլոր անասունները եւ ստացուածքը աւար առին։
- 10Եւ նորանց բոլոր քաղաքները իրանց բնակարաններովը եւ բոլոր գիւղերը կրակով այրեցին։
- 11Եւ բոլոր աւարը եւ բոլոր կողոպուտը առին՝ թէ մարդ եւ թէ անասուն։
- 12Եւ գերիներին եւ կողոպուտը եւ աւարը բերին Մովսէսի, Եղիազար քահանայի մօտ եւ Իսրայէլի որդկանց ժողովքին բանակը, որ Երիքովի դէմ Յորդանանի մօտ՝ Մովաբի դաշտերումն է։
- 13Եւ Մովսէսը եւ Եղիազար քահանան եւ ժողովքի բոլոր իշխանները դուրս բանակից նորանց դիմաւորելու։
- 14Եւ Մովսէսը բարկացաւ զօրաց իշխանների հազարապետների վերայ, որ պատերազմիցը գալիս էին.
- 15Եւ Մովսէսը նորանց ասեց. Մի՞թէ բոլոր կանանցը ողջ թողեցիք։
- 16Ահա նորանք Բաղաամի խօսքովը պատճառ եղան Իսրայէլի որդկանց Փոքովրի գործումը Եհովայի դէմ մեղանչելուն, եւ այն հարուածը եկաւ Եհովայի ժողովքի վերայ։
- 17Եւ հիմա երեխաներից ամեն արուին մեռցրէք, այն բոլոր կանանցը, որ մարդ են գիտացել արուի հետ պառկելով՝ մեռցրէք։
- 18Եւ կանանցից այն բոլոր մանկահասակ աղջիկներին, որոնք մարդ չեն գիտացել արուի հետ պառկելով՝ ձեզ համար ողջ թողեցէք։
- 19Եւ դուք եօթն օր բանակից դուրս մնացէք. Եւ ամեն ով որ մարդ է մեռցրել եւ ամեն ով որ մեռածի է դպել, երրորդ օրը եւ եօթներորդ օրը մաքրուի՝ թէ դուք եւ թէ ձեր գերիները։
- 20Եւ ամեն հանդերձ եւ ամեն մորթի անօթ եւ այծի մազից շինուած ամեն բան եւ ամեն փայտի աման մաքրեցէք։
- 21Եւ Եղիազար քահանան ասեց պատերազմի գնացող զօրքերին. Այս է այն օրէնքի կանոնը, որ Եհովան Մովսէսին պատուիրեց։
- 22Միայն ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, անագը եւ կապարը,
- 23Ամեն կրակը մտնելու բանը կրակիցը անցկացրէք, եւ նա մաքուր կ’լինի, բայց մաքրութեան ջրով մեղքից մաքրուի, սակայն կրակը չ’մտնող ամեն բան ջրից անցկացնէք։
- 24Եւ եօթներորդ օրը ձեր հանդերձները լուանաք եւ մաքրուիք, եւ յետոյ բանակը մտնէք։
- 25Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
- 26Դու Եղիազար քահանայի եւ ժողովքի նահապետութիւնների իշխանների հետ առնես առնուած կողոպուտի գումարը՝ թէ մարդի եւ թէ անասունի.
- 27Եւ այն կողոպուտը պատերազմի գնացող պատերազմողներին եւ բոլոր ժողովքին հաւասարապէս բաժանես։
- 28Եւ պատերազմի գնացող պատերազմողներից Եհովայի հասը առնես, հինգ հարիւրից մէկը՝ թէ մարդկանցից, թէ արջառներից, թէ էշերից եւ թէ ոչխարներից։
- 29նորանց կէս բաժինիցը առնես, եւ Եղիազար քահանային տաս իբրեւ Եհովայի ընծայ։
- 30Եւ Իսրայէլի որդկանց կէս բաժինիցը յիսունից մէկը առնես, թէ մարդկանցից, թէ արջառներից, թէ էշերից, թէ ոչխարներից և ամեն անասուններից, եւ նորանք Եհովայի խորանին պահպանութիւնը անող Ղեւտացիներին տաս։
- 31Եւ արաւ Մովսէսը եւ Եղիազար քահանան ինչպէս որ Եհովան Մովսէսին հրամայել էր։
- 32Եւ կողոպուտը՝ այսինքն պատերազմող զօրքի առած աւարի գումարը այս էր. Վեց հարիւր եօթանասունեւհինգ հազար ոչխար,
- 33Եօթանասուն երկու հազար արջառ,
- 34Եւ վաթսունեւմէկ հազար էշ.
- 35Եւ կնիկներ, որ արուի հետ պառկելով մարդ չեն գիտացել, ամենը երեսուն երկու հազար հոգի էին։
- 36Եւ պատերազմի գնացողների հաւասար բաժինը այս էր. Ոչխարների թիւը՝ երեք հարիւր երեսունեւեօթը հազար հինգ հարիւր.
- 37Եւ ոչխարներից Եհովայի հասը եղաւ՝ վեց հարիւր եօթանասունեւհինգ.
- 38Եւ արջառները՝ երեսունեւվեց հազար, իսկ նորանց հասը Եհովային եօթանասունեւերկու.
- 39Եւ էշերը՝ երեսուն հազար հինգ հարիւր, իսկ նորանց հասը Եհովային վաթսունեւմէկ.
- 40Եւ մարդիկը տասնեւվեց հազար հոգի, իսկ նորանց հասը Եհովային երեսունեւերկու հոգի։
- 41Եւ Մովսէսը Եհովային նուիրուած հասը Եղիազար քահանային տուաւ, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
- 42Եւ Իսրայէլի որդկանց կէս բաժինից էլ, որ Մովսէսը պատերազմողներից բաժին էր առել,
- 43(Եւ ժողովքի կէս բաժինը եղաւ երեք հարիւր երեսունեւեօթը հազար հինգ հարիւր ոչխար,
- 44Երեսունեւվեց հազար արջառ,
- 45Երեսուն հազար հինգ հարիւր էշ,
- 46Եւ տասնեւվեց հազար հոգի։)
- 47Եւ Մովսէսն առաւ Իսրայէլի որդկանց կէս բաժինից՝ յիսունից մէկը, թէ մարդից, թէ անասունից, եւ նորանց տուաւ Եհովայի խորանի պահպանութիւնն անող Ղեւտացիներին, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
- 48Եւ Մովսէսին մօտեցան զօրքի հազարաւորների վերակացուները՝ այսինքն հազարապետները եւ հարիւրապետները.
- 49Եւ Մովսէսին ասեցին. Քո ծառաները մեր ձեռքի տակ եղող պատերազմողների գումարն առինք, եւ մեզանից մի մարդ պակաս չէ։
- 50Եւ մատուցանենք Եհովայի ընծան՝ մեզանից ամեն մէկը ինչ որ գտանք՝ ոսկի զարդեր, շղթաներ, ապարանջաններ, մատանիներ, օղեր եւ փողոշուկներ, որ Եհովայի առաջին մեր հոգիների համար քաւութիւն անենք։
- 51Եւ Մովսէսն ու Եղիազար քահանան նորանցից առին ոսկին՝ ամենն էլ բանուած զարդեր։
- 52Եւ հազարապետներից ու հարիւրապետներից Եհովայի համար մատուցրուած ընծայի բոլոր ոսկին տասնեւվեց հազար եօթը հարիւր յիսուն սիկղ էր։
- 53Պատերազմողների ամեն մէկն իր համար կողոպուտ էր առել։
- 54Եւ Մովսէսն ու Եղիազար քահանան հազարապետներից եւ հարիւրապետներից ոսկին առին եւ ժողովքի խորանը բերին, իբրեւ Իսրայէլի որդկանց յիշատակ Եհովայի առաջին։