ԹՎՈՑ24
  • 1Եւ Բաղաամը տեսաւ որ Եհովան հաճեց օրհնել Իսրայէլին, միւս անգամների պէս հմայքներ որոնելու չ’գնաց, այլ իր երեսը դէպի անապատը դարձրեց։
  • 2Եւ Բաղաամն իր աչքերը բարձրացրեց եւ տեսաւ Իսրայէլին իրանց ցեղերովը բանակ տուած. Եւ Աստուծոյ Հոգին նորա վերայ եկաւ.
  • 3Եւ իր պատգամն սկսեց եւ ասեց. Բէովրի որդի Բաղաամի խօսքը, Եւ աչքը բաց մարդի խօսքը,
  • 4Աստուծոյ խօսքերը լսողի, Եւ Ամենակարողի տեսիլքը տեսնողի, Գետինը ընկնողի, Եւ աչքերը բաց եղողի խօսքը.
  • 5Ի՜նչ գեղեցիկ են քո վրանները, ով Յակոբ. Եւ քո խորանները, ով Իսրայէլ։
  • 6Ձորերի պէս տարածուեցան. Գետերի մօտ եղող պարտէզների պէս, Եհովայի տնկած հալուէի ծառերի՝ Ջրի եզերքում եղող եղեւնիների պէս են։
  • 7Նորա դոյլերիցը ջուր է վազում, Եւ նորա սերմը առատ ջրերի մէջ է։ Նորա թագաւորը Ագագիցն աւելի կ’բարձրանայ, Եւ նորա թագաւորութիւնը կ’աճէ։
  • 8Աստուած է Եգիպտոսից նորան հանողը. Միեղջերուի պէս զօրութիւն ունի նա. Իր թշնամի եղող ազգերին ուտում է, Եւ նորանց ոսկորները կոտրում է, եւ իր նետերովը զարկում է նորանց։
  • 9Առիւծի պէս նստեց պառկեց, եւ մատակ առիւծի պէս Ո՞վ կ’զարթնեցնէ նորան։ Քեզ օրհնողները օրհնուած են, Եւ քեզ անիծողները անիծուած։
  • 10Այն ժամանակ Բաղակը շատ բարկացաւ Բաղաամի վերայ, եւ ձեռքերն իրար խփեց. Եւ Բաղակն ասեց Բաղաամին. Ես քեզ կանչեցի իմ թշնամիներին անիծելու. Եւ ահա այս երեք անգամն է որ օրհնեցիր։
  • 11Եւ հիմա փախիր քո տեղը. Ես ասեցի քեզ շատ պատիւ անեմ, բայց ահա Եհովան քեզ պատուից զրկեց։
  • 12Եւ Բաղաամն ասեց Բաղակին Միթէ ես քո ուղարկած դեսպանների հետ էլ չ’խօսեցի՞ ասելով.
  • 13Եթէ Բաղակը ինձ իր տունը լիքն արծաթ եւ ոսկի տայ, ես Եհովայի խօսքիցը չեմ կարող անցնիլ, որ մի լաւ կամ վատ բան անեմ ինձանից. Եհովան ինչ որ ասէ՝ այն պիտի խօսեմ։
  • 14Եւ ահա ես հիմա իմ հայրենիքն եմ գնում. Եկ քեզ հասկացնեմ թէ այս ժողովուրդը ինչ է անելու քո ժողովրդին ետքի օրերումը.
  • 15Եւ իր պատգամն սկսեց եւ ասեց. Բէովրի որդի Բաղաամի խօսքը, Եւ աչքը բաց մարդի խօսքը,
  • 16Աստուծոյ խօսքերը լսողի, Եւ բարձրելոյն գիտութիւնը գիտեցողի, Եւ Ամենակարողի տեսիլքը տեսնողի, Գետինը ընկնողի Եւ աչքը բաց եղողի խօսքը.
  • 17Տեսնում եմ նորան, բայց ոչ հիմա, Զննում եմ նորան, բայց ոչ մօտից. Յակոբից մէկ Աստղ է ծագում, Եւ Իսրայէլից մի գաւազան է բարձրանում. Եւ Մովաբի կողքերին զարկում, Եւ Սեթի բոլոր որդիներին բնաջինջ անում։
  • 18Նաեւ Եդոմը նորա նուաճութիւնը կ’լինի Իր թշնամիների երկիրը՝ Սէիրը նորա նուաճութիւնը կ’լինի, Եւ Իսրայէլը քաջութիւն կ’անէ.
  • 19Եւ Յակոբից եղողը կ’իշխէ, Եւ քաղաքի մէջ մնացորդին կ’կորցնէ։
  • 20Եւ Ամաղեկին տեսաւ, եւ իր պատգամն սկսեց եւ ասեց. Ամաղէկն ազգերի գլուխն է, Բայց նորան վերջը կորստեան է տրուած։
  • 21Ու Կենեցուն տեսաւ եւ իր պատգամն սկսեց եւ ասեց. Քո նստած տեղն ամուր է, Եւ ապառաժի վերայ ես դրել քո բոյնը.
  • 22Բայց Կենեցին աւերակ պիտի դառնայ. Մինչեւ ե՞րբ Ասուրը քեզ գերի պիտի տանէ։
  • 23Եւ իր պատգամն սկսեց եւ ասեց. Ոհ, ո՞վ ողջ կ’մնայ երբոր Աստուած անէ այս։
  • 24Ու նաւեր կ’գան Կիտացիների եզերքներիցը Եւ կ’չարչարեն Ասուրին, եւ կ’չարչարեն Եբերին. Բայց նա էլ է նուիրուած կորստեան։
  • 25Յետոյ Բաղաամը վեր կացաւ գնաց, եւ դարձաւ իր տեղը. Եւ Բաղակն էլ գնաց իր ճանապարհովը։
← Ցանկ