ԹՎՈՑ23
  • 1Եւ Բաղաամն ասեց Բաղակին. Այստեղ ինձ համար եօթը սեղան շինիր եւ այստեղ ինձ համար եօթը զուարակ եւ եօթը խոյ պատրաստիր։
  • 2Եւ Բաղակը Բաղաամի ասածին պէս արաւ. Եւ Բաղակն ու Բաղաամն ամեն մէկ սեղանի վերայ մէկ զուարակ ու մէկ խոյ մատուցրին։
  • 3Եւ Բաղաամն ասեց Բաղակին. Դու քո ողջակէզի մօտ կանգնիր, եւ ես գնամ, գուցէ Եհովան իմ առաջը դուրս գայ, եւ ինչ բան որ ինձ ցոյց տայ՝ քեզ կ’ասեմ. Եւ գնաց բլրագագաթը։
  • 4Եւ Աստուած Բաղաամին հանդիպեց, եւ նա ասեց նորան. Եօթը սեղան պատրաստեցի, եւ ամեն մէկ սեղանի վերայ մէկ զուարակ եւ մէկ խոյ մատուցրի։
  • 5Եւ Եհովան Բաղաամի բերանը խօսք դրաւ եւ ասեց. Դարձիր Բաղակի մօտ եւ այսպէս խօսիր։
  • 6Եւ նա դարձաւ նորա մօտ եւ ահա իր ողջակէզի մօտ կանգնել էր՝ ինքը եւ Մովաբի բոլոր իշխանները։
  • 7Եւ իր պատգամն սկսեց եւ ասեց. Արամից բերաւ ինձ Մովաբի թագաւոր Բաղակը, Արեւելեան սարերից. Թէ եկ անիծիր Յակոբին ինձ համար, Եւ եկ նզովիր Իսրայէլին։
  • 8Ի՞նչպէս անիծեմ, որ Աստուած չէ անիծում, Եւ ի՞նչպէս նզովեմ, որ Եհովան չէ նզովում.
  • 9Որովհետեւ ապառաժների գլխից տեսնում են նորան, Եւ բլուրներից նայում եմ նորան։ Ահա այս ժողովուրդը առանձին պիտի բնակուէ, Եւ ազգերի հետ պիտի չ’հաշուի։
  • 10Ո՞վ կ’համարէ Յակոբի փոշին, Եւ կ’հաշուէ՞ Իսրայէլի քառորդը. Իմ անձը արդարների մահովը մեռնէ, Եւ իմ վախճանը լինի նորանցի պէս։
  • 11Եւ Բաղակն ասեց Բաղաամին. Ի՞նչ ես անում ինձ, իմ թշնամիներին անիծելու համար բերի քեզ եւ ահա դու բոլորովին օրհնո՞ւմ ես։
  • 12Եւ նա պատասխանեց եւ ասեց. Մի՞թէ չ’զգուշանամ այն խօսելու ինչ որ Եհովան իմ բերանն է դնում։
  • 14Եւ տարաւ նորան Փասգայի գլուխը Սօփիմի արտը, եւ եօթը սեղան շինեց, եւ ամեն մէկ սեղանի վերայ մէկ զուարակ եւ մէկ խոյ մատուցրեց։
  • 15Եւ ասեց Բաղակին. Դու այստեղ քո ողջակէզի մօտ կանգնիր, եւ ես այնտեղ Եհովային դիմաւորեմ։
  • 16Եւ Եհովան Բաղաամի առաջին դուրս եկաւ, եւ նա նորա բերանը խօսք դրաւ եւ ասեց. Բաղակի մօտ դարձիր եւ այսպէս ասիր։
  • 17Եւ երբոր եկաւ նորա մօտ, ահա նա իր ողջակէզի մօտ կանգնել էր, եւ Մովաբի իշխանները նորա հետ. Եւ Բաղակն ասեց նորան. Եհովան ի՞նչ խօսեց։
  • 18Եւ նա իր պատգամն սկսեց եւ ասեց. Վեր կաց, ով Բաղակ, եւ լսիր. Ինձ ականջ դիր, ով Սեպփօրի որդի։
  • 19Աստուած մարդ չէ, որ սուտ խօսէ, Ոչ էլ մարդի որդի, որ զղջայ. Մի՞թէ կ’ասէ, եւ չի՞ անիլ Կամ կ’խօսէ, եւ չի՞ կանգնեցնիլ։
  • 20Ահա հրաման առայ օրհնելու, եւ ինքը օրհնեց, Եւ ես ետ չեմ դարձնիլ։
  • 21Յակոբի վերայ անօրէնութիւն չ’զննեց, Ոչ էլ անզգամութիւն տեսաւ Իսրայէլի վերայ. Նորա Եհովայ Աստուածն իր հետն է. Եւ նորա մէջ թագաւորի ցնծութեան ձայն կայ։
  • 22Աստուած է Եգիպտոսից նորանց հանողը. Միեղջերուի պէս զօրութիւն ունի նա։
  • 23Դորա համար Յակոբի դէմ կախարդութիւն չի լինիլ, Եւ Իսրայէլի դէմ՝ դիւթութիւն. Յակոբին եւ Իսրայէլին կ’ասուի ժամանակին, Թէ Աստուած ինչե՜ր արաւ։
  • 24Ահա այս ժողովուրդը մատակ առիւծի պէս պիտի վեր կենայ, Եւ առիւծի պէս պիտի բարձրանայ. Չի պառկիլ մինչեւ որ որսը ուտէ, Եւ սպանուածների արիւնը խմէ։
  • 25Եւ Բաղակն ասեց Բաղաամին. Ոչ անէծք տուր նորանց, ոչ էլ օրհնութիւն։
  • 26Եւ Բաղաամը պատասխանեց Բաղակին եւ ասեց. Մի՞թէ ես քեզ հետ չ’խօսեցի ասելով. Ինչ որ Եհովան խօսէ՝ այն կ’անեմ։
  • 27Եւ Բաղակն ասեց Բաղաամին. Եկ մի ուրիշ տեղ տանեմ քեզ. Գուցէ Աստուած հաճէ որ այնտեղից անիծես նորանց ինձ համար։
  • 28Ուստի Բաղակը տարաւ Բաղաամին Փոգովրի գագաթը, որ դէպի Եսիմոն է մտիկ տալիս։
  • 29Եւ Բաղաամն ասեց Բաղակին. Այստեղ ինձ համար եօթը սեղան շինիր եւ այստեղ ինձ համար եօթը զուարակ եւ եօթը խոյ պատրաստիր։
  • 30Եւ Բաղակը Բաղաամի ասածին պէս արաւ, եւ ամեն մէկ սեղանի վերայ մէկ զուարակ եւ մէկ խոյ մատուցրեց։
← Ցանկ