ԹՎՈՑ23
- 1Եւ Բաղաամն ասեց Բաղակին. Այստեղ ինձ համար եօթը սեղան շինիր եւ այստեղ ինձ համար եօթը զուարակ եւ եօթը խոյ պատրաստիր։
- 2Եւ Բաղակը Բաղաամի ասածին պէս արաւ. Եւ Բաղակն ու Բաղաամն ամեն մէկ սեղանի վերայ մէկ զուարակ ու մէկ խոյ մատուցրին։
- 3Եւ Բաղաամն ասեց Բաղակին. Դու քո ողջակէզի մօտ կանգնիր, եւ ես գնամ, գուցէ Եհովան իմ առաջը դուրս գայ, եւ ինչ բան որ ինձ ցոյց տայ՝ քեզ կ’ասեմ. Եւ գնաց բլրագագաթը։
- 4Եւ Աստուած Բաղաամին հանդիպեց, եւ նա ասեց նորան. Եօթը սեղան պատրաստեցի, եւ ամեն մէկ սեղանի վերայ մէկ զուարակ եւ մէկ խոյ մատուցրի։
- 5Եւ Եհովան Բաղաամի բերանը խօսք դրաւ եւ ասեց. Դարձիր Բաղակի մօտ եւ այսպէս խօսիր։
- 6Եւ նա դարձաւ նորա մօտ եւ ահա իր ողջակէզի մօտ կանգնել էր՝ ինքը եւ Մովաբի բոլոր իշխանները։
- 7Եւ իր պատգամն սկսեց եւ ասեց. Արամից բերաւ ինձ Մովաբի թագաւոր Բաղակը, Արեւելեան սարերից. Թէ եկ անիծիր Յակոբին ինձ համար, Եւ եկ նզովիր Իսրայէլին։
- 8Ի՞նչպէս անիծեմ, որ Աստուած չէ անիծում, Եւ ի՞նչպէս նզովեմ, որ Եհովան չէ նզովում.
- 9Որովհետեւ ապառաժների գլխից տեսնում են նորան, Եւ բլուրներից նայում եմ նորան։ Ահա այս ժողովուրդը առանձին պիտի բնակուէ, Եւ ազգերի հետ պիտի չ’հաշուի։
- 10Ո՞վ կ’համարէ Յակոբի փոշին, Եւ կ’հաշուէ՞ Իսրայէլի քառորդը. Իմ անձը արդարների մահովը մեռնէ, Եւ իմ վախճանը լինի նորանցի պէս։
- 11Եւ Բաղակն ասեց Բաղաամին. Ի՞նչ ես անում ինձ, իմ թշնամիներին անիծելու համար բերի քեզ եւ ահա դու բոլորովին օրհնո՞ւմ ես։
- 12Եւ նա պատասխանեց եւ ասեց. Մի՞թէ չ’զգուշանամ այն խօսելու ինչ որ Եհովան իմ բերանն է դնում։
- 13Եւ Բաղակն ասեց նորան. Աղաչում եմ՝ ինձ հետ մի ուրիշ տեղ եկ որ այնտեղից տեսնես նորանց, նորանց մէկ ծայրը կ’տեսնես, եւ նորանց ամենը չես տեսնիլ. Եւ այնտեղից անիծիր նորանց ինձ համար։
- 14Եւ տարաւ նորան Փասգայի գլուխը Սօփիմի արտը, եւ եօթը սեղան շինեց, եւ ամեն մէկ սեղանի վերայ մէկ զուարակ եւ մէկ խոյ մատուցրեց։
- 15Եւ ասեց Բաղակին. Դու այստեղ քո ողջակէզի մօտ կանգնիր, եւ ես այնտեղ Եհովային դիմաւորեմ։
- 16Եւ Եհովան Բաղաամի առաջին դուրս եկաւ, եւ նա նորա բերանը խօսք դրաւ եւ ասեց. Բաղակի մօտ դարձիր եւ այսպէս ասիր։
- 17Եւ երբոր եկաւ նորա մօտ, ահա նա իր ողջակէզի մօտ կանգնել էր, եւ Մովաբի իշխանները նորա հետ. Եւ Բաղակն ասեց նորան. Եհովան ի՞նչ խօսեց։
- 18Եւ նա իր պատգամն սկսեց եւ ասեց. Վեր կաց, ով Բաղակ, եւ լսիր. Ինձ ականջ դիր, ով Սեպփօրի որդի։
- 19Աստուած մարդ չէ, որ սուտ խօսէ, Ոչ էլ մարդի որդի, որ զղջայ. Մի՞թէ կ’ասէ, եւ չի՞ անիլ Կամ կ’խօսէ, եւ չի՞ կանգնեցնիլ։
- 20Ահա հրաման առայ օրհնելու, եւ ինքը օրհնեց, Եւ ես ետ չեմ դարձնիլ։
- 21Յակոբի վերայ անօրէնութիւն չ’զննեց, Ոչ էլ անզգամութիւն տեսաւ Իսրայէլի վերայ. Նորա Եհովայ Աստուածն իր հետն է. Եւ նորա մէջ թագաւորի ցնծութեան ձայն կայ։
- 22Աստուած է Եգիպտոսից նորանց հանողը. Միեղջերուի պէս զօրութիւն ունի նա։
- 23Դորա համար Յակոբի դէմ կախարդութիւն չի լինիլ, Եւ Իսրայէլի դէմ՝ դիւթութիւն. Յակոբին եւ Իսրայէլին կ’ասուի ժամանակին, Թէ Աստուած ինչե՜ր արաւ։
- 24Ահա այս ժողովուրդը մատակ առիւծի պէս պիտի վեր կենայ, Եւ առիւծի պէս պիտի բարձրանայ. Չի պառկիլ մինչեւ որ որսը ուտէ, Եւ սպանուածների արիւնը խմէ։
- 25Եւ Բաղակն ասեց Բաղաամին. Ոչ անէծք տուր նորանց, ոչ էլ օրհնութիւն։
- 26Եւ Բաղաամը պատասխանեց Բաղակին եւ ասեց. Մի՞թէ ես քեզ հետ չ’խօսեցի ասելով. Ինչ որ Եհովան խօսէ՝ այն կ’անեմ։
- 27Եւ Բաղակն ասեց Բաղաամին. Եկ մի ուրիշ տեղ տանեմ քեզ. Գուցէ Աստուած հաճէ որ այնտեղից անիծես նորանց ինձ համար։
- 28Ուստի Բաղակը տարաւ Բաղաամին Փոգովրի գագաթը, որ դէպի Եսիմոն է մտիկ տալիս։
- 29Եւ Բաղաամն ասեց Բաղակին. Այստեղ ինձ համար եօթը սեղան շինիր եւ այստեղ ինձ համար եօթը զուարակ եւ եօթը խոյ պատրաստիր։
- 30Եւ Բաղակը Բաղաամի ասածին պէս արաւ, եւ ամեն մէկ սեղանի վերայ մէկ զուարակ եւ մէկ խոյ մատուցրեց։