ԹՎՈՑ22
  • 1Եւ Իսրայէլի որդիքը չուեցին եւ Մովաբի դաշտերի մէջ Յորդանանի միւս կողմումը Երիքովի մօտ իջեւան արին։
  • 3Եւ Մովաբը շատ վախեց ժողովրդիցը, որովհետեւ շատ էին. Եւ Մովաբը տագնապում էր Իսրայէլի որդկանց երեսիցը։
  • 4Եւ Մովաբը Մադիամի ծերերին ասեց. Հիմա այս ժողովուրդը լիզելու են մեր շուրջը եղած ամենը, ինչպէս որ արջառը լիզում է դաշտի խոտը։ Եւ Սեպփօրի որդի Բաղակը՝ Մովաբի թագաւորն էր այն ժամանակ։
  • 5Եւ դեսպաններ ուղարկեց Փաթուր քաղաքը, որ Եփրատ գետի եզերքումն էր, Բէովրի որդի Բաղաամի մօտ նորա ժողովրդի որդկանց երկիրը՝ նորան կանչելու եւ ասելու. Ահա Եգիպտոսիցը մի ժողովուրդ է դուրս եկել, ահա երկրի երեսը ծածկել է, եւ նստել է իմ դիմացը.
  • 6Եւ հիմա աղաչում եմ, եկ, ինձ համար անիծիր այս ժողովրդին. Որովհետեւ նա ինձանից զօրաւոր է. Գուցէ կարող լինեմ նորան զարկել, եւ իմ երեսիցը դուրս քշեմ նորան. Որովհետեւ գիտեմ որին որ դու օրհնես՝ օրհնուած է, եւ որին որ դու անիծես՝ անիծուած է։
  • 7Եւ Մովաբի ծերերն եւ Մադիամի ծերերը գնացին՝ իրանց հմայութեան վարձքերն իրանց ձեռքերին, եւ եկան Բաղաամի մօտ ու Բաղակի խօսքերն ասեցին նորան։
  • 8Եւ նա ասեց նորանց. Այս գիշեր այստեղ մնացէք եւ ես պատասխան կ’տամ ձեզ ինչպէս որ Տէրը ինձ հետ խօսելու լինի. Եւ Մովաբի իշխանները Բաղաամի մօտ մնացին։
  • 9Եւ Աստուած Բաղաամի մօտ եկաւ եւ ասեց. Ո՞վ են այդ մարդիկը քեզ մօտ։
  • 10Եւ Բաղաամն ասեց Աստուծուն. Մովաբի թագաւորն Սեպփօրեան Բաղակն է ուղարկել ինձ մօտ.
  • 11Թէ ահա Եգիպտոսից դուրս եկած ժողովուրդը երկրի երեսը ծածկել է. Հիմա եկ անիծիր նորան ինձ համար, գուցէ կարող լինեմ նորան յաղթել եւ նորան դուրս անել։
  • 12Եւ Աստուած ասեց Բաղաամին. Դորանց հետ չ’գնաս. Ժողովրդին չ’անիծես. Որովհետեւ նա օրհնուած է։
  • 13Եւ Բաղաամն առաւօտանց վեր կացաւ եւ ասեց Բաղակի իշխաններին. Գնացէք ձեր երկիրը, որովհետեւ Եհովան ինձ արգելում է ձեզ հետ գնալու։
  • 14Եւ Մովաբի իշխանները վեր կացան եւ Բաղակի մօտ եկան եւ ասեցին. Բաղաամը չ’ուզեց մեզ հետ գալ։
  • 15Եւ Բաղակը դարձեալ նորանցից աւելի շատ եւ աւելի պատուաւոր իշխաններ ուղարկեց։
  • 16Եւ նորանք Բաղաամի մօտ եկան եւ ասեցին նորան. Սեպփօրի որդի Բաղակը այսպէս է ասում. Աղաչում եմ՝ ինձ մօտ գալուցը մի հրաժարուիր.
  • 17Որովհետեւ քեզ շատ պատիւ կ’անեմ եւ ամեն ինչ որ ասես ինձ՝ կ’անեմ, եւ աղաչում եմ՝ եկ անիծիր այս ժողովրդին ինձ համար։
  • 18Եւ Բաղաամը պատասխանեց եւ ասեց բաղակի ծառաներին. Եթէ Բաղակն իր տունը լիքն ինձ արծաթ ու ոսկի տայ, իմ Եհովայ Աստուծոյ խօսքիցը չեմ կարող անցկենալ՝ մի փոքր կամ մի մեծ բան անելու։
  • 19Եւ հիմա աղաչում եմ՝ այս գիշեր դուք էլ այստեղ մնացէք, որ գիտենամ, թէ Եհովան ուրիշ ինչ պիտի ասէ ինձ։
  • 20Եւ Աստուած գիշերը Բաղաամի մօտ եկաւ եւ ասեց նորան. Եթէ մարդիկը քեզ կանչելու գան, վեր կաց նորանց հետ գնա. բայց ինչ որ քեզ հետ խօսեմ՝ միայն այն անես։
  • 21Եւ Բաղաամն առաւօտանց վեր կացաւ, եւ իր էշի համետը դրաւ, եւ Մովաբի իշխանների հետ գնաց։
  • 22Եւ գնալու համար Աստուծոյ բարկութիւնը բորբոքուեց, եւ Եհովայի հրեշտակը ճանապարհի վերայ կանգնեց նորան հակառակելու համար, եւ նա իր էշի վերայ հեծած էր եւ նորա երկու ծառաներն իր հետ։
  • 23Եւ էշը տեսաւ Եհովայի հրեշտակին, որ ճանապարհին կանգնած էր, եւ իր սուրը հանած ձեռքին. Եւ էշը ճանապարհիցը ծռեց եւ գնաց արտը, եւ Բաղաամն էշին ծեծեց, որ նորան ճանապարհը դարձնէ։
  • 24Եւ Եհովայի հրեշտակը այգիներից նեղ ճանապարհումը կանգնեց՝ այնպէս որ մէկ կողմից պատ եւ միւս կողմից պատ կար։
  • 25Եւ երբոր էշը Եհովայի հրեշտակին տեսաւ, այն պատի մօտ քաշուեցաւ, եւ Բաղաամի ոտքը այն պատի մօտ ճմլեց. Եւ նա դարձեալ ծեծեց նորան։
  • 26Եւ Եհովայի հրեշտակը դարձեալ առաջ գնաց եւ մի նեղ տեղ կանգնեց, ուր աջ կամ ձախ կողմը խոտորելու ճանապարհ չ’կար։
  • 27Եւ երբոր էշը Եհովայի հրեշտակին տեսաւ, Բաղաամի տակին նստեց, եւ Բաղաամի բարկութիւնը բորբոքուեց, եւ գաւազանով ծեծեց էշին։
  • 28Եւ Եհովան էշի բերանը բացաւ, եւ նա Բաղաամին ասեց. Ես ի՞նչ եմ արել քեզ որ այսպէս երեք անգամ ինձ ծեծեցիր։
  • 29Եւ Բաղաամն ասեց էշին. Ինձ ծաղր անելուդ համար. Երանի՜ թէ ձեռքիս սուր լինէր որ հիմա քեզ մեռցնէի։
  • 30Եւ էշն ասեց Բաղաամին. Ես՝ այն քո էշը չե՞մ, որի վերայ հեծնում էիր վաղուց մինչեւ այսօր. Մի՞թէ իմ սովորութիւնն էր քեզ այսպէս անել. Եւ նա ասեց. Ոչ։
  • 31Այն ժամանակ Եհովան բացաւ Բաղաամի աչքերը. Եւ նա տեսաւ Եհովայի հրեշտակին ճանապարհին կանգնած եւ իր սուրը հանած ձեռքին, եւ իր երեսի վերայ ընկաւ եւ երկրպագութիւն արաւ։
  • 32Եւ Եհովայի հրեշտակն ասեց նորան. Ի՞նչու ծեծեցիր քո էշին այս երեք անգամը, ահա ես դուրս եկայ հակառակելու, որովհետեւ այդ ճանապարհը ուղիղ չէ իմ առաջին։
  • 33Եւ էշն ինձ տեսաւ, եւ այս երեք անգամն է որ իմ առաջիցը քաշուեց. Եթէ իմ առաջիցը չ’քաշուէր, հիմա ես քեզ մեռցրել էի եւ նորան ողջ թողել.
  • 34Եւ Բաղաամն ասեց Եհովայի հրեշտակին. Մեղք գործեցի, ըստ որում չ’իմացայ որ դու էիր ճանապարհին ինձ դէմ կանգնել. Եւ արդ եթէ սա վատ է երեւում քեզ, ետ դառնամ։
  • 35Եւ Եհովայի հրեշտակն ասեց Բաղաամին. Գնա այդ մարդկանց հետ, բայց միայն այն խօսքը որ քեզ հետ կ’խօսեմ՝ այն կ’խօսես. Եւ Բաղաամը գնաց Բաղակի իշխանների հետ։
  • 36Եւ Բաղակը լսեց որ Բաղաամը գալիս է, դուրս եկաւ նորան դիմաւորելու դէպի Մովաբացիների մէկ քաղաքը Առնոնի սահմանի մօտ եւ որ սահմանի ծայրումն էր։
  • 37Եւ Բաղակն ասեց Բաղաամին. Մի՞թէ քեզ կանչելու համար մարդ չ’ուղարկեցի, ի՞նչու չ’եկար ինձ մօտ. Իրա՞ւ որ քեզ չէի կարող պատիւ անել։
  • 38Եւ Բաղաամն ասեց Բաղակին. Ահա եկել եմ քեզ մօտ, բայց ես բնաւ զօրութիւն ունի՞մ մի բան ասելու. Աստուած իմ բերանս ինչ խօսք որ դնէ այն պիտի խօսեմ։
  • 39Եւ Բաղաամը Բաղակի հետ գնաց, եւ եկան Կարիաթ-հուսովթ։
  • 40Եւ Բաղակն արջառներ եւ ոչխարներ մորթեց եւ ուղարկեց Բաղաամի եւ նորա հետ եղող իշխանների համար։
  • 41Եւ երբոր առաւօտ եղաւ, Բաղակն առաւ Բաղաամին եւ նորան Բահաղի բարձր տեղերը հանեց, եւ նա այնտեղից տեսաւ ժողովրդի ծայրը։
← Ցանկ