ԹՎՈՑ16
  • 1Եւ առաւ Ղեւիի որդի Կահաթի որդի Իսահառի որդի Կորխը՝ եւ Ռուբէնի որդիներից Եղիաբի որդիք Դաթանը եւ Աբիրոնը՝ եւ Փաղեթի որդի Օնը,
  • 2Եւ կանգնեցին Մովսէսի առաջին եւ Իսրայէլի որդիներից երկու հարիւր յիսուն հոգի ժողովքի խորհրդական գլխաւորներ՝ անուանի մարդի.
  • 3Եւ ժողովուեցան Մովսէսի եւ Ահարօնի վերայ, եւ ասեցին նորանց. Էլ բաւական է ձեզ, որովհետեւ բոլոր ժողովքը ամենքն էլ սուրբ են, եւ Եհովան նորանց մէջ է. Եւ ի՞նչու էք ձեզ բարձրացնում Եհովայի ժողովրդի վերայ։
  • 4Եւ Մովսէսը լսեց եւ իր երեսի վերայ վայր ընկաւ.
  • 5Եւ խօսեց Կորխի եւ նորա բոլոր ժողովքի հետ ասելով. Էգուց Եհովան ցոյց կ’տայ թէ որն է իրանը, եւ որն է սուրբը, եւ նորան իրան կ’մօտեցնէ, եւ որին որ ինքը ընտրէ, իրան կ’մօտեցնէ։
  • 6Այս արէք. Առէք ձեզ համար բուրվառներ, դու Կորխ եւ նորա բոլոր ժողովքը.
  • 7Եւ նորանց մէջ կրակ դրէք, եւ Եհովայի առաջին նորանց վերայ խունկ դրէք էգուց. Եւ լինի որ այն մարդը, որին որ Եհովան ընտրէ, նա է սուրբը. Բաւական է ձեզ, ով Ղեւիի որդիք։
  • 8Եւ Մովսէսն ասեց Կորխին. Լսեցէք, ով Ղեւիի որդիք,
  • 9Փո՞քր բան է երեւում ձեզ որ Իսրայէլի Աստուածը ձեզ իրան մօտեցնելու համար՝ Իսրայէլի ժողովքիցը բաժանեց ձեզ, որ Եհովայի խորանի պաշտօնը անէք եւ ժողովքի առաջին կանգնէք՝ նորանց սպասաւորութիւնը անելու համար.
  • 10Եւ քեզ, եւ քեզ հետ քո բոլոր եղբայրներին՝ Ղեւիի որդկանցը իրան մօտեցրեց, եւ դուք քահանայութի՞ւն էլ էք ուզում։
  • 11Ուրեմն դու եւ քո բոլոր ժողովքը Եհովայի դէմ էք ժողովուել, եւ Ահարօնն ո՞վ է՝ որ նորա դէմ տրտունջ էք անում։
  • 12Եւ Մովսէսն ուղարկեց Եղիաբի որդիք Դաթանին եւ Աբիրոնին կանչելու համար. Նորանք ասեցին.
  • 13Մենք վեր չենք գալ։ Փո՞քր բան է որ մեզ անապատիս մէջ մեռցնելու համար՝ կաթ ու մեղր բղխող երկրից մեզ հանեցիր, որ մեր վերայ տիրապետել էլ ես ուզում։
  • 14Եւ ապաքէն մեզ կաթ ու մեղր բղխող երկիր էլ չ’տարիր, եւ ոչ էլ մեզ արտի եւ այգիի ժառանգութիւն տուիր. Այս մարդկանց աչքերը հանելո՞ւ ես. Մենք վեր չենք գալիս։
  • 15Եւ Մովսէսը շատ բարկացաւ, եւ ասեց Եհովային. Մի նայիր նորանց նուէրներին. նորանցից մի էշ էլ չեմ առել, եւ նորանց մէկին չարիք չեմ արել։
  • 16Եւ Մովսէսն ասեց Կորխին. Դու եւ քո բոլոր ժողովուրդը էգուց Եհովայի առաջին ներկայանաք, դու եւ նորանք եւ Ահարօնը.
  • 17Եւ առէք ամեն մէկդ ձեր բուրվառները, եւ նորանց մէջ խունկ դրէք եւ մօտեցրէք Եհովայի առաջին ամեն մէկը իր բուրվառը, այսինքն երկու հարիւր յիսուն բուրվառներ, եւ դու էլ եւ Ահարօնը, ամեն մէկդ իր բուրվառը։
  • 18Եւ ամեն մէկն իր բուրվառն առան եւ նորանց մէջ կրակ դրին, եւ նորանց վերայ խունկ դրին եւ ժողովքի խորանի դռանը կանգնեցին եւ Մովսէսն ու Ահարօնն էլ։
  • 19Եւ Կորխը ժողովեց նորանց դէմ բոլոր ժողովքը ժողովքի խորանի դռանը. Եւ Եհովայի փառքը բոլոր ժողովքին երեւեցաւ։
  • 20Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.
  • 21Այդ ժողովքի միջից բաժանուեցէք, որ իսկոյն սպառեմ դորանց։
  • 22Բայց նորանք իրանց երեսների վերայ ընկան՝ եւ ասեցին. Ով Աստուած, ով բոլոր մարմնի հոգիների Աստուած, մէկ մարդ կ’մեղանչէ՝ եւ բոլոր ժողովքի՞ վերայ կ’բարկանաս։
  • 23Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 24Խօսիր այդ ժողովքի հետ եւ ասիր. Հեռացէք Կորխի, Դաթանի եւ Աբիրոնի բնակութեան չորս կողմիցը։
  • 25Եւ Մովսէսն ելաւ, եւ Դաթանի եւ Աբիրոնի մօտ գնաց, եւ Իսրայէլի ծերերը նորա ետեւիցը գնացին։
  • 26Եւ նա խօսեց ժողովքի հետ ասելով. Այդ չար մարդկանց վրանների մօտից ետ քաշուեցէք, եւ նորանց մէկ բանին մի դպչիք, որ նորանց բոլոր մեղքերովը չ’կորչէք։
  • 27Այսպէս նորանք Կորխի, Դաթանի եւ Աբիրոնի բնակութեան չորս կողմերիցը հեռացան. Եւ Դաթանը եւ Աբիրոնը դուրս եկան կանգնեցին իրանց վրանների դռանը եւ նորանց կնիկները եւ նորանց որդիքը եւ ընտանիքը։
  • 28Եւ Մովսէսն ասեց. Սորանով կ’գիտենաք թէ Եհովան է ինձ ուղարկել բոլոր այս գործերն անելու, եւ ոչ թէ իմ անձիցն է այս.
  • 29Այսինքն՝ եթէ սորանք ամեն մարդի մեռնելու պէս մեռնեն, եւ եթէ ամեն մարդի պատժուածովը սորանք էլ պատժուին, այն ժամանակ ինձ Եհովան չէ ուղարկել։
  • 30Բայց եթէ Եհովան մի հրաշք անէ, եւ երկիրն իր բերանը բանայ, եւ նորանց եւ նորանց բոլոր ունեցածը կուլ տայ եւ նորանք ողջ ողջ դժոխքն իջնեն, այն ժամանակ կ’գիտենաք որ այս մարդիկը Եհովային անարգեցին։
  • 31Եւ եղաւ հէնց որ այս բոլոր խօսքերը խօսելը վերջացրեց, իսկոյն գետինը պատառուեցաւ, որ նորանց տակին էր.
  • 32Եւ երկիրն իր բերանը բաց արաւ եւ նորանց եւ նորանց տները եւ Կորխի ունեցած բոլոր մարդկանցը եւ բոլոր ինչքը կուլ տուաւ։
  • 33Եւ նորանք եւ բոլոր ինչ որ նորանցն էր ողջ ողջ դժոխքը իջան, եւ երկիրը ծածկեց նորանց վերայով, եւ նորանք ժողովքի միջիցը կորան։
  • 34Եւ բոլոր Իսրայէլը, որ նորանց շուրջն էր, նորանց ձայնիցը փախան, որովհետեւ ասում էին մի գուցէ երկիրը մեզ կուլ տայ։
  • 35Եւ Եհովայից կրակ դուրս եկաւ, եւ խունկ մատուցանող երկու հարիւր յիսուն հոգիներին սպառեց։
  • 36Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 37Խօսիր Ահարօն քահանայի որդի Եղիազարի հետ, որ բուրվառներն այն այրուածքի միջիցը վեր առնէ, եւ դու կրակը դէն ցրուիր, որովհետեւ նորանք սուրբ եղան։
  • 38Այդ իրանց հոգիների դէմ մեղք գործողների բուրվառներիցը թիթեղներ շինեն՝ սեղանը պատելու համար. Որովհետեւ նորանք Եհովայի առաջին մատուցանելով՝ սուրբ են դառել եւ Իսրայէլի որդկանց համար նշան լինեն։
  • 39Եւ Եղիազար քահանան այն այրուած մարդկանց մատուցրած պղնձի բուրվառներն առաւ, եւ սեղանը պատելու համար թիթեղներ շինեցին նորանց.
  • 40(Իսրայէլի որդկանց համար յիշատակ՝ նորա համար որ Ահարօնի սերունդիցը չեղող մէկ օտարը Եհովայի առաջին խունկ մատուցանելու չ’մօտենայ, եւ Կորխի եւ նորա ժողովքի պէս չ’լինի), ինչպէս որ Եհովան ասեց նորան Մովսէսի ձեռքովը։
  • 41Եւ հետեւեալ օրը Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը Մովսէսի դէմ եւ Ահարօնի դէմ տրտունջ արին՝ ասելով. Դուք Եհովայի ժողովրդին մեռցրիք։
  • 42Եւ եղաւ որ երբ ժողովքը Մովսէսի եւ Ահարօնի դէմ ժողովուած էին, դէպի ժողովքի խորանը նայեցին, եւ ահա ամպը ծածկեց նորան, ու Եհովայի փառքը երեւեցաւ։
  • 43Եւ Մովսէսն ու Ահարօնը ժողովքի խորանի առաջը եկան։
  • 44Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 45Այդ ժողովքի միջիցը ելէք, որ իսկոյն սպառեմ նորանց. Եւ սորանք իրանց երեսների վերայ ընկան։
  • 46Եւ Մովսէսն ասեց Ահարօնին. Բուրվառն առ եւ մէջը սեղանի վերայից կրակ դիր, եւ խունկ դիր, եւ շուտով ժողովքը գնա, եւ նորանց համար քաւութիւն արա. Որովհետեւ Եհովայի կողմից բարկութիւն ելաւ՝ ժանտախտը սկսեց։
  • 47Եւ Ահարօնը առաւ Մովսէսի ասածի պէս՝ ու ժողովքի մէջը վազեց, եւ ահա ժանտախտը սկսել էր ժողովրդի մէջ, եւ խունկը դրաւ, եւ ժողովրդի համար քաւութիւն արաւ.
  • 48Եւ մեռելների եւ ողջերի մէջտեղումը կանգնեց, եւ ժանտախտը դադարեց։
  • 49Եւ ժանտախտով մեռածները տասնեւչորս հազար եօթը հարիւր հոգի էին, բացի Կորխի բանի համար մեռածներից։
  • 50Եւ Ահարօնը ետ դարձաւ դէպի Մովսէսը ժողովքի խորանի դռան մօտ. Եւ ժանտախտը դադարեց։
← Ցանկ